Կոխլեար իմպլանտացիայի բնագավառում Էրեբունի ԲԿ-ի ՔԿԱ կլինիկայի (ղեկավար- բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Շուքուրյան) և Կալիֆորնիայի UCLA համալսարանի (առաջատար վիրաբույժ՝ Ակիրա Իշիյաման և 2004թ. հիմնադրված հայկական միջազգային ֆոնդի հիմնադիր՝ Սալբի Ագարակյանը) հետ համագործակցության շրջանակներում այսօր Հայաստանում՝ Էրեբունի ԲԿ-ում արդեն իրականացվել է մոտ 100 կոխլեար իմպլանտացիայի վիրահատություն:
Ծանրալսության ախտորոշումը և բուժումը շարունակում է մնալ ժամանակակից օտորինոլարինգոլոգիայի առավել ակտուալ խնդիրներից մեկը, ինչպես բժշկական, այնպես էլ սոցիալական պլանում: Չնայած օտովիրաբուժության զգալի հաջողություններին և գիտատեխնիկական առաջընթացի նորագույն ձեռքբերումներին (ժամանակակից դիագնոստիկ սարքավորումներ, լսողական սարքերի նոր մոդելներ) լսողական խանգարումներով մարդկանց թիվը մնում է բավականին բարձր, հատկապես երեխաների և դեռահասների շրջանում:
Սկսած 2003 թ. մոր և մանկան առողջության պահպանման հրամանի համաձայն՝ անցկացվում է նորածինների աուդիո սքրինինգ, որն իրականացնում են ինչպես Էրեբունի ԲԿ-ում, այնպես էլ Արաբկիր ԲԿ-ում:
Երեխայի կյանքի առաջին տարին համարվում է շատ կարևոր խոսքի զարգացման, ճանաչողականության, սոցիալ- հոգեբանական զարգացման համար, հետևաբար կարևոր է լսողության խախտման վաղաժամ ախտորոշումը: Մինչ այժմ երեխաների լսողության խանգարումների վրա առաջինը ուշադրություն են դարձնում ընտանիքի անդամները, որոնցից շատերը պատկերացում չունեն հնարավոր բարդությունների մասին և ինչպես է պետք վարվել այն երեխաների հետ, ում մոտ հայտնաբերված է լսողության խանգարում: Չախտորոշված կամ ուշ շրջանում հայտնաբերված լսողական խանգարումները հանգեցնում են մտավոր, սոցիալ-հոգեբանական խանգարումների զարգացման և, վերջապես, խուլհամրության:
Լսողության խախտումների ախտորոշումը երեխաների մոտ անհրաժեշտ է սկսել ծնված օրվանից, ինչն էլ տալիս է հնարավորություն ժամանակին բացահայտել խանգարումները, սկսել վերականգնողական աշխատանքները և ներգրավել երեխային խոսակցական միջավայր:
Վաղ դիագնոստիկայի առավել արդյունավետ մեթոդ է հանդիսանում՝ նորածնի սքրինինգը, որից հետո հնարավոր է դառնում ժամանակին և լիարժեք բուժման կազմակերպումը:
ՀՀ-ում աուդիոսքրինինգի լայն իրագործումը հնարավորություն կտա հետազոտել բոլոր նորածիններին և հարկ եղած դեպքում ընդգրկել նրանց հսկողության խմբի մեջ: Երեխան հետազոտվում է հետծննդյան 48-72 ժամվա ընթացքում, իրականացվում է ՕԱԷ (օտոակուստիկ էմիսիա), որի առավելությունը կայանում է իր պարզության, արագության, օբյեկտիվության և ոչ ինվազիվության մեջ:
Լսողության խախտումներ ունեցող երեխաների վաղ ախտորոշումը հնարավորություն է տալիս ճիշտ կազմակերպել բուժումը (լսողապրոթեզավորում կամ կոխլեար իմպլանտացիա) և հետագա վերականգնողական աշխատանքները, որպեսզի երեխան լիարժեք ադապտացվի հասարակության մեջ, և կան հարյուրից ավել տարբեր տարիքային խմբի հիվանդներ, որոնցից առավել բարձր տոկոս են կազմում տարբեր տարիքի երեխաները: Հետվիրահատական շրջանը անցնում է բավարար, անցկացվում են վերականգնողական պարապմունքներ: Արդյունքները համապատասխանում են նորմայի ստանդարտներին:
Կոխլեար իմպլանտացիան հիմնականում նախատեսված է այն երեխաների համար, ում մոտ դեռ չի ձևավորվել խոսքի կենտրոնը: Այս վիրահատությունը հնարավոր է անցկացնել կյանքի առաջին տարում, որն իր հերթին հանդիսանում է ունիվերսալ աուդիոսքրինինգի հիմնական պատճառ:
Կոխլեար իմպլանտացիայիան ցուցված է՝
- երկկողմանի սենսոնեվրալ ծանրալսության IV աստիճանի ( 90dB և ավելին)
- երկկողմանի սենսոնեվրալ ծանրալսության III-IV աստիճանի (70dB և ավելին), եթե պրոտեզավորումը անբավարար է կամ հիվանդի մոտ չկա դրական արդյունք
- միակողմանի սենսոնեվրալ ծանրալսության IV աստիճանի (90dB և ավելին)
- ոչ բավարար արդյունք, երկկողմանի համապատասխան լսողական սարքերի առկայության դեպքում՝ 6-12 ամիս օգտագործումից հետո
- կայուն հոգեբանական վիճակ
- սոմատիկ հիվանդությունների բացակայություն
- ներքին ականջի նորմալ անատոմիական կառուցվածք
- երեխայի պատրարստումը սուրդոմանկավարժի օգնությամբ 6-12 ամիսների ընթացքում
- տարիքաին առանձնահատկություններ՝ բնածին խլություն միչև 3 տարեկան երեխաների մոտ, ձեռք բերովի խլություն ցանկացած տարիքի մեծերի մոտ՝ խոսքի պահպանմամբ
- ծնողների համաձայնություն
Կոխլեար իմպլանտացիան հակացուցված է՝
- ականջախեցու ամբողջովին կամ մասնակի օբլիտերացիա (բացակայություն)
- ռետրոկոխլեար պաթոլոգիա
- ուղեկցող ծանր սոմատիկ հիվանդություններ
- գլխուղեղի օջախային պաթոլոգիաներ
- մտավոր հետամնացություն
- համապատասխան լսողական սարքերի օգտագործման բավարար արդյունք
- անկայուն հոգեբանական վիճակ
- տարիքային անհամապատասխանեցում
- սուրդոմանկավարժի աշխատանքի ոչ բավարար արդյունք
- երեխայի անպատրաստություն՝ սուրդոմանկավարժի ոչ լիարժեք աշխտանք, լսողապրոտեզավորման ոչ լիարժեք արդյունք:
Եթե առաջին փուլի աուդիոսքրինինգի արդյունքում նորածինների մոտ նկատվել է լսողության խախտումների կասկած, ապա նրանք անցնում են մասնագետի դիսպանսեր հետազոտության տակ, որը պետք է իրականացվի նաև երկրորդ և երրորդ փուլերով:
Երկրորդ փուլում երեք ամսեկան փոքրիկի հետազոտությունը անցկացվում է Էրեբունի ԲԿ-ի Կոխլեար իմպլանտացիայի կենտրոնում՝ ավելի ճշգրիտ պատասխան ստանալու համար: Եթե այս փուլում կախտորոշվեն լսողական խանգարման կասկածով երեխաներ, ապա նրանք կանցնեն հետազոտման երրորդ փուլ:
Երրորդ փուլում վեց ամսեկան երեխաները պետք է անցնեն լիարժեք աուդիոլոգիական հետազոտություն (ՕԱԷ, DPOAE, իմպեդանսամետրիա) Արաբկիր ԲԿ-ի հանրապետական մանկական աուդիոլոգիական կենտրոնում և Էրեբունի ԲԿ-ի Կոխլեար իմպլանտացիայի կենտրոնում՝ լսողության խախտումների աստիճանի հայտնաբերման և վերջնական հաստատման համար:
Այն երեխաները, ում ցուցված է կոխլեար իմպլանտացիա, պետք է ընդգրկվեն Էրեբունի ԲԿ-ի Կոխլեար իմպլանտացիայի կենտրոնի հսկողության տակ, որտեղ համապատասխան մասնագետի կողմից կատարվում են վիրահատություններ և տարվում են հետագա վերականգնողական աշխատանքներ: Մեծերին վիրահատությունը ցուցված է այն դեպքում ,երբ լսողության կորուստը ձեռք է բերվել կյանքի ընթացքում, և խոսքն արդեն ձևավորված է:
Ներկայումս բժկական և սուրդոմանկավարժական վերականգնման բարձրացման մեթոդ է հանդիսանում ՝ կոխլեար իմպլանտացիան: Այն իրականացնելու հիմնական ժամանակակից խնդիրներից է կոխլեար իմպլանտացիայի թեկնածուների տարիքի նվազեցումը և նրա անցկացման ցուցումների ընդլայնումը:
Վերջին տասնամյակի ընթացքում Էրեբունի ԲԿ-ի ՔԿԱ-ի բաժանմունքում գրանցվել են տարբեր տարիքային խմբի հազարավոր հիվանդներ, տարբեր աստիճանի սենսոնեվրալ և կոնդուկտիվ ծանրալսությամբ, որոնց կատարվել է կոխլեար իմպլանտացիա: Այն ունիկալ երևույթ է, որը վերաբերվում է բարձր տեխնոլոգիաներով հագեցած բժշկությանը: Կոխլեար իմպլանտացիան հանդիսանում է կլինիկապես ստուգված, էֆֆեկտիվ և անվտանգ մեթոդ հիվանդի լսողությունը վերականգնելու համար:
Հայաստանում կոխլեար իմպլանտացիան կատարվում է միայն Էրեբունի ԲԿ-ում կոխլեար իմպլանտացիայի կենտրոնի մասնագետների և Կալիֆորնիայի UCLA համալսարանի մասնագետների հետ համատեղ: