Էնդոսկոպիկ մեթոդների կիրառումը էնդոկրին վիրաբուժությունում զարգանում է արդեն շուրջ 15 տարի: Կան մի քանի մեթոդներ, որոնք, հիմնականում, վիդեոասիստենտ վիրահատություններ են, և կատարվում են պարանոցի վրա արված փոքր կտրվածքների միջոցով: Եվ միայն տրանսաքսիլյար թիրեոիդէկտոմիան (վահանաձև գեղձի հեռացումը) կատարվում է բիմամար-աքսիլյար մուտքով, որի ժամանակ կտրվածք չի արվում ոչ պարանոցի և ոչ էլ կրծքավանդակի դիմային պատի շրջանում, և որի ժամանակ կիրառվում է էնդոսկոպիկ վիրահատության գազային մեթոդ, որն ապահովում է անթերի կոսմետիկ էֆեկտ համեմատած այլ վերը նշված մեթոդների հետ:
Այսօր աշխարհում տիրեոիդէկտոմիկ վիրահատությունից հետո կոսմետիկ լավագույն էֆեկտին հասնելու համար կատարվում է էնդոսկոպիկ տիրեոդէկտոմիա աքսիլյար մուտքով (թևատակի շրջանից): Պարանոցի վրայի սպին, որը գոյանում է թիրեոիդէկտոմիայից հետո, հաճախ հանդիսանում է վիրահատությունից հրաժարվելու պատճառ, հիմնականում երիտասարդ կանանց շրջանում:
Մեթոդի էությունը
Ժամանակակից վիրահատության առանձնահատկությունն այն է, որ էնդովիդեովիրահատական գործիքները թույլ են տալիս կատարել վիրահատական միջամտություններ 3 միկրոկտրվածքով՝ մուտք աջ թևատակի շրջան (գործիքի տրամագիծը 10 մմ), մուտք աջ և ձախ կաթնագեղձի արեոլի վերին մասի սահմանի շրջան (գործիքի տրամագիծը՝ 5 մմ, ընդվորում գործիքի մուտքը իրականացվում է առանց կաթնագեղձերի հյուսվածքի հետ շփման): Ընդհանուր անզգայացմամբ արվում են կտրվածքներ, թևատակի շրջանում 0.5 սմ, որտեղից մաշկի տակով դեպի պարանոց դուրս են բերվում տեսախցիկներ և ուլտրաձայնային դանակ, որոնց օգնությամբ կատարվում են էնդոսկոպիկ վիրահատություններ վահանագեղձի և հարվահանագեղձի վրա: Վիրահատությունից 3-4 ժամ հետո հիվանդը կարող է անցնել իր սովորական ապրելակերպին, առանց սահմանափակումների և հաջորդ օրը հնարավոր է հիվանդի դուրս գրումը հիվանդանոցից:
Մեթոդի առավելությունները
Համեմատած բաց վիրահատությունների հետ ՝
- անոթերի կոսմատիկ էֆեկտ
- բազմակի անգամ վիդեոխոշորացում, որը թույլ է տալիս ավելի պարզ տարբերակել անատոմիական էլեմենտները (հարվահանաձև գեղձերը, նյարդերը, անոթները և այլ անատոմիական կառուցվածքներ)
Այս տեխնոլոգիան, շնորհիվ իր նվազագույն վնասվածքի և արագ վերականգնման, ճանաչված է ամբողջ աշխարհում վահանագեղձի վրա կատարվող վիրահատական միջամտության առավել արդյունավետ մեթոդ: Այս դեպքում պարանոցի մաշկը մնում է լիովին անփոփոխ:
Դեռ վերջերս այս մեթոդը անիրական էր թվում, իսկ հիմա համարվում է հիրավի գոյություն ունեցող, անվնաս և բարձր էֆեկտիվություն ունեցող վիրահատական բուժման եղանակ: Արդեն մի քանի տարի է ինչ այս կարգի վիրահատությունները հաջողությամբ կատարվում են ԱՄՆ, Գերմանիայի և Ճապոնիայի առանձին հիվանդանոցներում:
Վահանագեղձի վրա աքսիլյար մուտքով վիրահատություն կատարելու ցուցումները հետևյալն են՝
- ֆոլիկուլյար քաղցկեղ մինչև 5սմ չափսով
- բարորակ կոլոիդ հանգույցներ գերֆունկցիայով և հետևյալ գանգատների առկայությամբ (ճնշման զգացմունք, ցավեր)
- բազմահանգույց էութիրեոիդիտ խպիպ (զոբ), երկու բլթերի ախտահարմամբ
Հակացուցումները աքսիլյար մուտքով վիդեոէնդոսկոպիկ վիրահատությունների համար հետևյալն են՝
- չարորակ ուռուցքներ
- աուտոիմուն թիրեոիդիտ
- նախկինում կատարված վահանագեղձի կամ պարանոցի դիմային մակերեսի վրա վիրահատություններ
- նորմայից ավել քաշ
Վահանագեղձի վիրահատական միջամտության տարբեր տեսակներ
Թիրեոիդէկտոմիա՝ ամբողջ վահանագեղձի հեռացում
Հեմիթիրեոիդէկտոմիա՝ մի մասի հեռացում, այսինքն վահանագեղձի կեսի հեռացում
ԲԿ Էրեբունու էնդոկրին վիրաբուժության բաժանմունքում բաժանմունքի ղեկավար՝ բժիշկ Լ.Մ. Մխիթարյանի ղեկավարությամբ տրանսաքսիլյար եղանակով վահանագեղձի վրա կատարվել են 5 հաջող վիրահատություն: Հարկ է նշել այն փաստը, որ այդ կարգի վիրահատություններ Հայաստանում, Էրեբունի ԲԿ- ում կատարվել է առաջին անգամ: Վահանագեղձի վրա կատարված աքսիլյար մուտքով վիրահատական միջամտության նոր մեթոդի ներմուծումը թույլ տվեց խուսափել կոսմետիկ հետվիրահատական դեֆեկտից, նվազեցնել հետվիրահատական բարդությունների աստիճանը, հատկապես կրծքավանդակի դիմային պատի կապտուկը, նաև ապահովել հետվիրահատական շրջանում հիվանդի վաղ առօրյա ապրելակերպի անցումը: