Loading

Սեմինար Սրտաբանական կլինիկայում

30.11.2016

Սեմինար Սրտաբանական կլինիկայում
Սեմինար Սրտաբանական կլինիկայում

Էրեբունի ԲԿ-ի Սրտաբանական կլինիկայի նիստերի դահլիճում ամեն հինգշաբթի անցկացվում են սեմինարներ, որտեղ քննարկվում են ընթացիկ խնդիրները, ժամանակակից սրտաբանության ձեռքբերումները և նրանց կլինիկայի պրակտիկ գործունեության մեջ ներդրման ուղիները:

24.11.2016 թ. –ին տեղի ունեցավ հերթական սեմինար “Excel և Noble միջազգային բազմակենտրոն հետազոտությունների արդյունքների քննարկում” անվանումով՝ նվիրված ամերիկյան և եվրոպական գործող ուղեցույցներին ձախ պսակաձև զարկերակի ցողունի ստենոզով հիվանդների համար ռեվասկուլյարիզացիայի մեթոդի ընտրության վերաբերյալ:

Սրտաբանական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Համլետ Հայրապետյանը, որը վարում էր սեմինարը, ներկայացրեց հյուրին՝ Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ, ակադեմիկոս Կ. Ադամյանին:

Զեկույցներով ելույթ ունեցան Էրեբունի ԲԿ-ի առաջատար մասնագետներ՝ ինվազիվ սրտաբաններ Շ. Տոռոզյանը, Ա. Ծատուրյանը և կարդիովիրաբուժության բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Վ. Գասպարյանը:

Շ. Տոռոզյանը իր ելույթում նշեց, որ վերջին տարիներին անցկացվել են երկու մեծ ռանդոմիզացված հետազոտություններ (Excel և Noble), որոնց արդյունքները վերջերս են հրապարակվել:

Սեմինար էրեբունի ԲԿ-ի սրտաբանական կլինիկայում

.Նշվեց, որ վերջին 1-2 տասնամյակում բազմիցս է քննարկվել միոկարդի ռեվասկուլյարիզացիայի մեթոդի ընտրության հարցը, այսինքն՝ աորտակորոնար շունտավորման (ԱԿՇ) կամ միջմաշկային կորոնար միջամտության (ՄՄԿՄ) ընտրության հարցը, մասնավորապես՝ ձախ պսակաձև զարկերակի ցողունի ախտահարման դեպքում: Այդ մեթոդների անվտանգությունը և արդյունավետությունը պարզելու նպատակով բազմիցս անցկացվել են համեմատական հետազոտություններ, որոնք հանգեցրել են եզրակացությունների՝ գրանցված Եվրոպական և Ամերիկյան Սրտաբանների ասոցիացիաների (2014 թ.) վերջին ուղեցույցներում: Սակայն հաշվի առնելով ինտերվենցիոն սրտաբանության ոլորտում վերջին ձեռքբերումները՝ նոր սերնդի դեղային ծածկույթով ստենտերի ներդրումը, ՄՄԿՄ անցկացնելու համար կատարելագործված գործիքների ներդրումը, փորձի, բուժանձնակազմի աշխատանքի որակի կատարելագործումը նոր հետազոտությունների խթան են դարձել, որոնցում համեմատվել են բուժման նշված մեթոդները:

Ա. Ծատուրյանի զեկույցի քվինտէսենցիան՝ ձախ պսակաձև զարկերակի ցողունի հիվանդության դեպքում ստենտավորման և ԱԿՇ-ի արդյունքների համեմատությունն էր: Նա նշեց, որ 2016 թվականի հոկտեմբերի վերջին հրապարակվել են Excel հետազոտությունների արդյունքնրը, որոնք անցկացվել եին 2010-2014 թթ.:

Սեմինար էրեբունի ԲԿ-ի սրտաբանական կլինիկայում

Ընդգրկված էին ձախ պսակաձև զարկերակի ցողունի նեղացմամբ մոտ 2900 հիվանդներ, որոնցից 1900-ը ռանդոմիզացվել են, իսկ 950 հիվանդներ ներառվել են ստենտավորման անցկացման խմբում, 950-ն էլ՝ԱԿՇ-ի: Օգտագործվել են Էվերոլիմուսի ( Xience) ծածկույթով ստենտեր: Մահացության, կաթվածի, միոկարդի ինֆարկտի 30-օրյա ցուցանիշները բարձր են եղել ԱԿՇ-ով հիվանդների խմբում, իսկ 3-ամյա ցուցանիշները երկու խմբերում էլ վիճակագրական նշանակություն չեն ունեցել: Այս ամենն ապացուցեց, որ ձախ պսակաձև զարկերակի ցողունի նեղացմամբ (Syntax score≤ 32) հիվանդների ընտրված խմբում ստենտավորումը ոչ միայն թույլատրելի է, այլև համարվում է ռեվասկուլյարիզացիայի նախընտրելի մեթոդ:

Էրեբունի ԲԿ-ի կարդիովիրաբուժության բաժանմունքի ղեկավար Վ. Գասպարյանի զեկույցը նվիրված էր Noble ռանդոմիզացված հետազոտությանը, որը վերաբերում էր ձախ պսակաձև զարկերակի ցողունի նեղացմամբ հիվանդների ԱԿՇ-ի և ստենտավորման արդյունքների համեմատական վերլուծությանը: Հետազոտությունը ցույց տվեց, որ ԱԿՇ-ն առավել նախընտրելի արդյունքներ է ապահովում վիրահատությունից հետո 5 տարվա ընթացքում կրկնակի միջամտության անհրաժեշտության առումով, հատկապես վահանիկների դիստալ տեղակայման դեպքում, ինչպես նաև ձախ պսակաձև զարկերակի ցողունի ստենոզի և պսակաձև զարկերակների երկու կամ երեք անոթների ախտահարման համադրության դեպքում: Մյուս ցուցանիշները (մահացություն, սիրտանոթային բարդություններ) հիվանդների երկու խմբերում հավաստի տարբերություններ չեն բացահայտել:

Սեմինար էրեբունի ԲԿ-ի սրտաբանական կլինիկայում

Եզրափակիչ խոսքում պրոֆեսոր Հ. Հայրապետյանը և ակադեմիկոս Կ. Ադամյանը հայտնեցին իրենց պատրաստակամությունը աջակցելու գործընկերներին իրենց նոր նախաձեռնություններում և Էրեբունի ԲԿ-ի սրտաբանության ոլորտում բուժման նորագույն, ժամանակակից, հեռանկարային մեթոդների ներդրման գործընթացին՝ հիվանդների բուժման ավելի արդյունավետ արդյունքների հասսնելու համար:

+374 10 47 11 00
QR
Price list QR