Սրտաբանական և սրտանոթային վիրաբուժության կլինիկա
Ներկայումս` ըստ հիվանդացության և մահացության, աշխարհում առաջին հորիզոնականում են սիրտ-անոթային հիվանդությունները: Սրտաբանությունը զբաղվում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ուսումնասիրությամբ, ախտորոշմամբ, բուժմամբ և կանխարգելմամբ: Սրտային հիվանդությունների ախտորոշումը և բուժումը յուրաքանչյուր պետության բուժծառայության գլխավոր խնդիրն է:
Էրեբունի բժշկական կենտրոնում արդեն 15 տարի է, ինչ գործում են սրտաբանական ուղղվածության տարբեր նեղ մասնագիտացված բաժանմունքներ:
2015 թվականի հունվարին, աշխատանքի արդյունավետության բարձրացման և համակարգման նպատակով, Էրեբունի ԲԿ-ի հիմքի վրա իրականացվեց բոլոր սրտաբանական ծառայությունների ինտեգրացիա և ստեղծվեց սրտաբանության և սրտային վիրաբուժության կլինիկան, որը բաղկացած է հետևյալ բաժանմունքներից.
1. Սիրտ-անոթային հիվանդությունների ֆունկցիոնալ ախտորոշման բաժանմունք,
2. Սիրտ-թոքային պաթոլոգիայի բաժանմունք,
3. Անհետաձգելի սրտաբանության և ինտենսիվ թերապիայի բաժանմունք,
4. Անգիոգրաֆիայի և միջամտական սրտաբանության բաժանմունք,
5. Էլեկտրաֆիզիոլոգիայի և միջամտական առիթմոլոգիայի բաժանմունք,
6. Սիրտ-անոթային վիրաբուժության բաժանմունք:
Էրեբունի ԲԿ-ի սրտաբանության և սրտային վիրաբուժության կլինիկայում կենտրոնացված և սիրտ-անոթային ախտաբանության ժամանակ կիրառվող ախտորոշման ժամանակակից, բարձր ճշգրտության մեթոդները և բարձրակարգ մասնագիտացված սարքավորումները հնարավորություն են տալիս հիվանդություններն ախտորոշել նրանց զարգացման ամենավաղ շրջանում, իրականացնել ժամանակակից և արդյունավետ բուժում, առաջարկել կանխարգելիչ խորհուրդներ՝ կիրառելի յուրաքանչյուր անհատական դեպքում:
Անհետաձգելի սրտաբանության բաժանմունքը ստեղծվել է սրտային հիվանդներին բարձր որակավորված ու մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով և բաղկացած է ինտենսիվ թերապիայի բլոկից (ԻԹԲ), կիսաինտենսիվ բլոկից («երկրորդ փուլ») և հիվանդասենյակային մասից:
Էրեբունի բժշկական կենտրոնի սիրտ-թոքային բաժանմունքում իրականացվում են սիրտ-անոթային, այդ թվում՝ ոչ պսակաձև ախտահարումներով և թոքային ախտաբանությամբ, հիվանդների ախտորոշում և բուժում՝ ներառյալ շնչական համակարգի հիվանդությունների եզակի ձևերը:
Էրեբունի ԲԿ-ի միջամտական սրտաբանության և անգիոգրաֆիայի բաժանմունքը միջազգային չափանիշներին համապատասխանող բարձր որակավորված բաժանմունք է, որն իրականացնում է պլանային, անհետաձգելի սիրտ-անոթային հիվանդություններով պացիենտների շուրջօրյա ընդունելություն, ախտորոշում և բուժում: Բաժանմունքում առկա են սիրտ-անոթային հիվանդությունների ժամանակ իրականացվող ախտորոշիչ և միջամտական գործողությունների համար անհրաժեշտ բոլոր պայմանները:
Էրեբունի ԲԿ-ի սրտանոթային վիրաբուժության բաժանմունքում իրականացվում է սիրտ-անոթային հիվանդություններով պացիենտների սրտային և անոթային վիրահատությունների ամողջ համալիրը՝ ներառյալ հետևյալ ծառայությունները.
– սրտի վիրաբուժության և վերակառուցման ծառայություն,
– պարանոցի անոթների վիրաբուժության և ինսուլտների կանխարգելման ծառայություն,
– աորտայի վիրաբուժության ծառայություն,
– պերիֆերիկ անոթների վիրաբուժության ծառայություն,
– անոթների լազերային վիրաբուժության ծառայություն:
Էրեբունի ԲԿ-ի սրտանոթային վիրաբուժության բաժանմունքը Հայաստանում առաջինն իրականացրեց այնպիսի սրտային վիրահատություններ, ինչպիսիք են. սրտի հետկաթվածային անևրիզմայի պլաստիկա Դորի մեթոդով, աորտակորոնար շունտավորում՝ երկու ներքին կրծքային զարկերակների կիրառմամբ, քնային զարկերակների էնդարտերէկտոմիա՝ դրական արդյունքներով և միջազգային չափանիշներին համապատասխան:
Սրտաբանության, անգիոգրաֆիայի և ներանոթային վիրաբուժության, սրտային վիրաբուժության և առիթմոլոգիայի բաժանմունքների մասնագետների սերտ համագործակցությունը հնարավորություն է տալիս սրտամկանի սուր կաթվածի զարգացման առաջին իսկ ժամերին հիվանդներին ցուցաբերել բարձր որակավորված, բազմապրոֆիլ բուժօգնություն և կազմակերպել զարկերակի անցանելիության վերականգնման միջոցառումներ և միջամտություններ՝ խոչընդոտելով սրտամկանի կաթվածի զարգացումը: Դա նպաստում է հիվանդների երկարակեցությանը և նրանց հաշմանդամության տոկոսային նվազմանը: