Անոթային վիրաբուժության բաժանմունքում իրականացվում է աորտայի, մագիստրալ զարկերակների և երակների տարբեր ախտահարումներով հիվանդների բուժում: Առաջնահերթ խնդիրներից է աորտայի, նրա ճյուղերի և վերջույթների զարկերակների աթերոսկլերոտիկ ախտահարման բուժումը: «Էրեբունի» ԲԿ տեխնոլոգիական մեծ հնարավորությունները թույլ են տալիս իրականացնել ախտորոշիչ նորագույն հետազոտություններ և վիրահատություններ:
Աորտայի ամենավտանգավոր հիվանդություններից է աորտայի անևրիզման՝ աորտայի պատի սահմանափակ լայնացումը կամ ամբողջ աորտայի տարածուն մեծացումը: Ըստ տվյալների՝ չվիրահատված հիվանդների ավելի քան 60%-ը մահանում է որովայնային աորտայի անևրիզմայի ախտորոշման առաջին 1-2 տարիների ընթացքում՝ պատռվածքի հետևանքով: Հիվանդության ամենաբնորոշ ախտանշաններն են որովայնի շրջանում բութ և նվացող ցավերը: Ցավերը կարող են կրել մշտական կամ պարբերական բնույթ՝ առավելապես տեղակայվելով պորտի կամ որովայնի ձախ կեսի շրջանում, հաճախ ճառագայթվելով դեպի գոտկային շրջան: Տվյալ ախտաբանության համար ամենամատչելի և հուսալի, հիվանդների համար ամենաանվտանգ մեթոդն ուլտրաձայնային հետազոտությունն է: Վերջնական ախտորոշումը հաստատվում է կոնտրաստ անգիոգրաֆիայի տվյալներով: Տվյալ ախտաբանության հայտնաբերման դեպքում իրականացվում է վիրահատական բուժում՝ աորտայի անևրիզմայի ռեզեկցիա և սինթետիկ պրոթեզով պրոթեզավորում: Վիրահատական բուժման համար տարիքային հակացուցում չկա: Քնային զարկերակների նեղացման դեպքում նույնպես հաջողությամբ իրականացվում են միջամտություններ՝ զակերակի պլաստիկայով կարոտիդային էնդարտերէկտոմիա, էվերսիոն էնդարտերէկտոմիա, որոնց շնորհիվ հիվանդների մոտ նվազում է կաթվածների զարգացման ռիսկը:
Ստորին վերջույթների զարկերակների խցանող աթերոսկլերոզն արտահայտվում է «ընդմիջվող կաղության» համախտանիշով՝ քայլքի ժամանակ ձկնանման մկաններում ցավերի առաջացմամբ, իսկ հանգստի ժամանակ՝ անհետացմամբ: Սա ստորին վերջույթների զարկերակների կամ աորտայի բիֆուրկացիայի խցանմանը բնորոշ ախտանշան է: Ձեռքերում նմանատիպ ցավերի առկայությունը վկայում է վերին վերջույթների զարկերակների ախտահարման մասին: Շատ կարևոր է վաղ ախտորոշումը և բուժումը: Տվյալ ախտաբանության բուժման նպատակով տարբեր ռեկոնստրուկտիվ վիրահատություններ են իրականացվում աորտայի, զստային և ոտքերի զարկերակների վրա: Ստորին վերջույթների երակային համակարգում թրոմբոզների առկայության և թրոմբի միգրացիայի բարձր ռիսկի դեպքում կիրառվում է ժամանակավոր կամ մշտական կավա-ֆիլտրի տեղադրում: Այս միջամտությունը թույլ է տալիս հաջողությամբ կանխել մահացու վտանգավոր թոքային զարկերակի թրոմբոէմբոլիան:
Ստորին վերջույթների երակների վարիկոզ լայնացումը մարդու երակային համակարգի ամենատարածված հիվանդություններից է: Հիվանդների 15-20%-ի մոտ վարիկոզ հիվանդության ուշ փուլերում առաջանում են տրոֆիկ խոցեր, վարիկոզ էկզեմա, թրոմբոֆլեբիտներ: Վարիկոզ հիվանդության զարգացման դեպքում բուժման արմատական եղանակը վիրահատությունն է՝ կոսմետիկ մաշկային կարերի տեղադրմամբ: Որպես բուժման այլընտրանքային եղանակ հաճախ դիտարկվում է ֆլեբոսկլերոզացնող թերապիան և պերկուտան լազերային կոագուլացիան, որոնք իրականացվում են փոքր տրամաչափի անոթների վրա, քիչ տրավմատիկ են, իրականացվում են ամբուլատոր և կոսմետիկ լավ արդյունք են ապահովում:
Բաժանմունքում կիրառվում է ենթամաշկային երակների ներերակային լազերային կոագուլացիան, որը հնարավորություն է տալիս կատարել լիարժեք միջամտություն՝ առանց կտրվածքների, հասնելով առավելագույն կոսմետիկ արդյունքի: Բացի այդ, վարիկոզ հիվանդության վաղ շրջանում բաժանմունքում լայնորեն կիրառվում է տվյալ հիվանդության բուժման անարյուն եղանակ՝ թափածակված երակների պունկցիոն լազերային կոագուլյացիա:
Կատարվող միջամտությունների սպեկտրը.
Վիրահատություններ աորտայի վրա.
- աորտաազդրային բիֆուրկացիոն շունտավորում/պրոթեզավորում,
- աորտայի գծային պրոթեզավորում ,
- թրոմբէկտոմիա՝ աորտայից :
Վիրահատություններ քնային զարկերակների վրա.
- կարոտիդային էնդարտերէկտոմիա ,
- քնային զարկերակների դեֆորմացիայի վերացում ,
- հեմոդեկտոմայի հեռացում:
Վիրահատություններ զարկերակների հիվանդությունների ժամանակ.
- թրոմբէնդարտէկտոմիա,
- էմբոլէկտոմիա,
- զստային/աորտա-ազդրային շունտավորում,
- ազդր-ենթածնկային շունտավորում,
- արտաանատոմիկ շունտավորում,
- վիրահատություններ պերիֆերիկ և ընդերային զարկերակների անևրիզմաների ժամանակ,
- սիմպատէկտոմիաներ:
Վիրահատություներ մշտական անոթային հասանելիության համար.
- պորտա-կավայի իմպլանտացիա,
- դիալիզային հիվանդներին զարկերակ-երակային բերանակցումներ,
- դիալիզային հիվանդներին զարկերակ-երակային շունտեր/պրոթեզավորում:
Վիրահատություններ երակային թրոմբոզների ժամանակ.
- կավա-ֆիլտրի իմպլանտացիա,
- թրոմբէկտոմիա,
- երակի հեռացում:
Միջամտություններ երակային ախտաբանության ժամանակ.
- ներերակային լազերային կոագուլյացիա,
- պերկուտան լազերային կոագուլյացիա,
- երակի հեռացում,
- մինիֆլեբէկտոմիա,
- սկլերոթերապիա,
- երակային գերճնշմամբ պայմանավորված քրոնիկական կոնքային ցավերի վիրաբուժություն:
Բոլոր ծառայությունները
- Անեսթեզիոլոգիայի բաժանմունք
- Ընդհանուր և կրծքավանդակի վիրաբուժության բաժանմունք
- Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք
- Մինիմալ-ինվազիվ վիրաբուժության բաժանմունք
- Էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք
- Կոլոպրոկտոլոգիայի բաժանմունք
- Էնդոկրին վիրաբուժության բաժանմունք
- Քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունք
- Պլաստիկ և միկրովիրաբուժության բաժանմունք
- Ուրոլոգիական բաժանմունք
- Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունք
- Անոթային վիրաբուժության բաժանմունք
- Մամոլոգիայի եւ կրծքագեղձի վիրաբուժության ծառայություն
- Դժվար լավացող վերքերի և լիմֆադեմաների բուժման ծառայություն