Վնասվածքաբանությունը բժշկության ճյուղերից է, որը զբաղվում է վնասվածքների բուժմամբ՝ ընդգրկելով կոտրվածքները, հոդախախտերը, ցնցումները, ձգումները, պատռվածքները, երկարատև ճնշման համախտանիշը, սալջարդերը, վերքերը: Մինչև 40 տարեկան բնակչության մահացության առաջին պատճառը վնասվածքներն են, իսկ բոլոր տարիքային խմբերում՝ երրորդը: Վնասվածքների հիմնական պատճառներն են՝ ավտովթարները, արտադրական վնասվածքները, բռնությունը և ահաբեկչությունը:Ժամանակակից վնասվածքաբանության բուժման եղանակները թերապևտիկ և վիրաբուժական են: Հենաշարժիչ համակարգի վնասվածքների շատ դեպքերում պահանջվում է ստացիոնար բուժում և պրոթեզավորում:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի Oրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքը զբաղվում է բոլոր տեսակի վնասվածքների, հենաշարժիչ համակարգի բնածին և ձեռքբերովի արատների ախտորոշմամբ և բուժմամբ: Բաժանմունքը հագեցած է ժամանակակից վիրահատարանով, որտեղ յուրաքանչյուր օր իրականացվում են բարձր տեխնոլոգիական վիրահատություններ, այդ թվում՝ անհետաձգելի: Կլինիկայում կիրառվում են բուժման ժամանակակից մեթոդներ և տեխնոլոգիաներ՝ առաջարկված համաշխարհային առաջատար մասնագիտացված ասոցիացիաների կողմից (AO/ASIF, AAOS և այլն): Բաժանմունքում յուրաքանչյուր տարի իրականացվում են 1400 և ավել օրթոպեդիկ վիրահատություններ, ինչպիսիք են՝ կոնքազդրային հոդի, ծնկան հոդի էնդոպրոթեզավորումը, խոշոր հոդերի արթրոսկոպիան (կոնքազդրային, ծնկան, ուսային և սրունք-թաթային), շտկող օստեոտոմիաները և մկանաջլային պլաստիկան՝ հենաշարժիչ համակարգի բնածին և ձեռքբերովի արատների դեպքում:
Կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորման դեպքում իրականացվում է հիվանդի ամբողջ կոնքազդրային հոդի արհեստական հոդով փոխարինման վիրահատություն: Վիրահատական բուժման տվյալ տեսակը պատկանում է բժշկական օգնության բարձր տեխնոլոգիական տեսակին և իրականացվում է բաժանմունքի բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից:
Կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորման հիմնական ցուցումներն են.
- կոնքազդրային հոդի արթրոզ՝ III և IV փուլերում,
- ադրոսկրի վզիկի կոտրվածք,
- ադրոսկրի վզիկի կեղծ հոդ,
- ազդրոսկրի գլխիկի կոտրվածք,
- ազդրոսկրի գլխիկի ասեպտիկ նեկրոզ,
- կոնքազդրային հոդի դիսպլազիա,
- ռևմատոիդ արթրիտ,
- կոնքազդրային հոդի ուռուցքային հիվանդություններ:
Ծնկան հոդի տոտալ էնդոպրոթեզավորումն իրականացվում է հետևյալ նպատակներով.
– ցավային համախտանիշի վերացում,
– ծնկան հոդում շարժումների ծավալի վերականգնում,
– ստորին վերջույթի հենարանի կարողության վերականգնում:
Ծնկան հոդի տոտալ էնդոպրոթեզավորման հիմնական ցուցումներն են.
- ծնկան հոդի արթրոզ՝ III և IV փուլերում,
- ազդրոսկրի և/կամ մեծ ոլոքի ասեպտիկ նեկրոզ,
- ռևմատոիդ արթրիտ,
- ազդրոսկրի և/կամ մեծ ոլոքի կիստայաձև վերակառուցում,
- ազդրոսկրի և/կամ մեծ ոլոքի հարհոդային ուռուցքներ:
Ոսկրերի կոտրվածքները բուժվում են ամենաժամանակակից մեթոդներով. DHS – DCS համակարգերով, LCP պաշարող թիթեղներով, պաշարող մեխերով, խոշոր խողովակավոր ոսկրերի փակ անտերոգրադ օստեոսինթեզով և այլն:
Կլինիկան ունի ծանր պոլիտրավմաների բուժման մեծ փորձ: Մեր կողմից իրականացվում է վերջույթների երկարացում և խոշոր ոսկրային դեֆեկտների փոխարինում Էլիզարովի սարքի օգնությամբ:Բաժանմունքում իրականացվում է նաև ոտնաթաթի և սրունք-թաթային հոդի, hallux vagus (ոտնաթաթի առաջին մատի ծռվածություն), մատների ձևախախտումների, ոտնաթաթի և սրունք-թաթային հոդերի ձեռքբերովի ձևախախտումների, ջլերի վնասվածքների և հիվանդությունների, կրունկների կոտրվածքների նեղ մասնագիտացված վիրաբուժություն:
Կլինիկայի բժիշկները պարբերաբար այցելում են հանրապետության մարզեր՝ տեղում մասնագիտացված վնասվածքաբանական օգնություն ցուցաբերելու, սեմինարներ անցկացնելու նպատակով: Նրանք նաև ընդգրկված են Հայաստանում և արտերկրում (Իրան, Ինդոնեզիա) աղետների բժշկության ու շտապօգնության ցուցաբերման ծրագրում, և համագործակցում են AAOS, SICOT, ATOM և այլ միջազգային կազմակերպությունների հետ:
Կենտրոնի մասնագետներն ակտիվորեն մասնակցում են Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների ասոցիացիայի ու վնասվածքաբան-օրթոպեդների այլ միջազգային կազմակերպությունների աշխատանքներին:
2015 թվականին օրթոպեդիայի բնագավառում ստորագրվել է համագործակցության համաձայնագիր հայտնի «Կոքս» կլինիկայի հետ (ք. Թամպեր, Ֆինլանդիա):
Բաժանմունքի գործունեության առաջնահերթ ուղղություններն են.
- կոնք-ազդրային հոդի էնդոպրոթեզավորում,
- ծնկան հոդի էնդոպրոթեզավորում,
- խոշոր հոդերի արթրոսկոպիա (կոնքազդրային, ծնկան, ուսային և սրունք-թաթային),
- շտկող օստեոտոմիաներ և մկանաջլային պլաստիկա՝ հենաշարժիչ համակարգի բնածին և ձեռքբերովի արատների դեպքում ,
- ոսկրերի կոտրվածքներ,
- պոլիտրավմաներ,
- վերջույթների երկարացում,
- խոշոր ոսկրային դեֆեկտների փոխարինում:
Բոլոր ծառայությունները
- Անեսթեզիոլոգիայի բաժանմունք
- Ընդհանուր և կրծքավանդակի վիրաբուժության բաժանմունք
- Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք
- Մինիմալ-ինվազիվ վիրաբուժության բաժանմունք
- Էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք
- Կոլոպրոկտոլոգիայի բաժանմունք
- Էնդոկրին վիրաբուժության բաժանմունք
- Քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունք
- Պլաստիկ և միկրովիրաբուժության բաժանմունք
- Ուրոլոգիական բաժանմունք
- Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունք
- Անոթային վիրաբուժության բաժանմունք
- Մամոլոգիայի եւ կրծքագեղձի վիրաբուժության ծառայություն
- Դժվար լավացող վերքերի և լիմֆադեմաների բուժման ծառայություն