Կաթվածի կենտրոնի հեռախոսահամար +374 44 300 800
Կաթվածը մահացության առաջնային և հաշմանդամություն առաջացնող գլխավոր պատճառներից է: Վերջին տարիներին գոյություն ունեն սուր կաթվածի բուժման արդյունավետ միջոցներ, սակայն առավել արդյունավետ է կաթվածի կանխարգելումը, քանի որ կաթվածն ինքնին մի շարք ռիսկի գործոնների հետևանք է։ Առկա են կառավարվող և չկառավարվող ռիսկի գործոններ: Կառավարվող ռիսկի գործոններն են զարկերակային գերճնշումը, շաքարային դիաբետը, շողացող առիթմիան, հիպերխոլեստերոլեմիան, ծխելը և այլն: Նշված հիվանդությունների առկայությունը մեծացնում է կաթվածի հավանականությունը, իսկ առաջին կաթվածից հետո կրկնակի կաթվածի հավանականությունն ավելանում է մի քանի անգամ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ընդհանուր կաթվածների շուրջ 30% կրկնակի կաթվածներ են, որոնք հաճախ ավելի ծանր են ընթանում: Այդ իսկ պատճառով կրկնակի կաթվածի կանխարգելումը չափազանց կարևոր է մահացության և հաշմանդամության նվազեցման համար:«Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնը զբաղվում է կաթվածների կանխարգելմամբ և բուժմամբ: Կենտրոնն ունի տարածաշրջանային նշանակություն և համալրված է նորագույն, գերժամանակակից սարքավորումներով:
2019 թվականի փետրվարի 1-ից Հայաստանում մեկնարկել է սուր իշեմիկ կաթվածի անվճար բուժօգնության պետական ծրագիրը, որի հենց առաջին օրից Կաթվածի կենտրոնը դարձել է ծրագրի իրականացման առաջամարտիկը: Կաթվածի կենտրոնի աշխատանքներում ներառված է երկու թիմ՝ նյարդաբանական թիմը՝ նյարդաբանական բաժանմունքի վարիչ Նունե Եղիազարյանի ղեկավարությամբ և նյարդավիրաբուժական թիմը՝ ցերեբրովասկուլյար նվարդավիրաբուժության ծառայութան ղեկավար Դավիթ Սահակյանի գլխավորությամբ:
Մշակված են աշխատանքային հստակ սկզբունքներ. ինսուլտի կասկածով հիվանդի տեղափոխման վերաբերյալ զանգ ստանալուն պես կաթվածի թիմը հիվանդին սպասում է ընդունարանում, հենց այդտեղ են կատարվում առաջին բուժզննումը և լաբորատոր-գործիքային անհրաժեշտ բոլոր հետազոտությունները: Ըստ բժշկական ցուցման կատարվում է վիրահատական կամ թերապևտիկ բուժում: 24 ժամյա ռեժիմով աշխատանքի արդյունքում կատարվում են թրոմբէկտոմիաներ (թրոմբի ներանոթային վիրաբուժական հեռացում) և ներերակային թրոմբոլիզ (Ալտեպլազայի ներերակային ներարկում ):