«Էրեբունի» ԲԿ վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքը հանրապետության առաջատար բաժանմունքներից է՝ իր տեխնիկական հագեցվածությամբ, մասնագիտական հզոր ներուժով եւ հնարավորություններով:
Այստեղ տարեկան բուժօգնություն է ստանում ավելի քան 5000 ծանր ծայրահեղ ծանր հիվանդ: Բաժանմունքն ունի 60 մահճակալ:
Բաժանմունքում աշխատում է ավելի քան 90 մասնագետ, որոնցից 14-ը բժիշկ, 54-ը՝ բուժքույր:
Վերակենդանացման բաժանմունքը հագեցած է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով՝ ռենտգեն և ուլտրաձայնային ախտորոշիչ հետազոտության սարքերով, ինչպես նաև դիալիզի սարքով: Յուրաքանչյուր մահճակալ ապահովված է միջազգային չափորոշիչներին համապատասխան սարքավորումներով՝ անհատական թթվածնի մատակարարման կետով, արտածծման բացասական ճնշման համակարգով, արհեստական օդափոխության սարքով, մշտադիտարկման սարքավորումներով: Այս ամենը հնարավորություն է տալիս մշտապես հետևել հիվանդների կենսական ցուցանիշներին և իրականացնել դինամիկ հսկողություն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ արագ արձագանքել:
Բաժանմունքի ներսում բժիշկները հնարավորություն ունեն միանգամից մեծ էկրանի վրա տեսնել հետազոտության արդյուքները, պատկերները և օնլայն ռեժիմով կազմակերպել խորհրդատվություններ գործընկերների հետ, խնայելով ժամանակը՝ ճիշտ որոշումներ կայացնել հիվանդների բուժման ընթացքում:
Բաժանմունքն առանձնանում է նաև իր հարմարավետությամբ ինչպես բուժաշխատողների, այնպես էլ հիվանդների համար:
Առանձնացված է տարածք՝ հիվանդների սննդի կազմակերպման համար:Հատուկ հարմարանքներով կահավորված է հատուկ լոգասենյակ՝ նախատեսված ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների լոգանքի կազմակերպման և բարձակարգ խնամք ապահովելու համար:
Բաժանմունքում իրականացվում է ծայրահեղ ծանր հիվանդների բուժում՝ անկախ էթիոլոգիայից: Կլինիկայի աշխատանքի առաջնահերթ ուղղություններն են հետևյալ ախտաբանությունները.
- մանկաբարձական սեպսիս, մանկաբարձական արյունահոսություն և գինեկոլոգիական բարդություններ,
- նյարդաբանական վնասվածքներ,
- ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներ,
- գլխուղեղի հետհիպօքսիկ ախտահարումներ,
- սեպսիս և բազմաօրգանային անբավարարություն,
- ներհիվանդանոցային կամ ծանր արտահիվանդանոցային թոքաբորբեր,
- կենտրոնական նյարդային համակարգի վարակներ,
- ծանր որովայնամզաբորբեր (պերիտոնիտներ) և վիճակ՝ ռելապարատոմիայից հետո:
Ավելին` շնչական համաճարակների ժամանակ կամ նոր վարակի առաջացման սպառնալիքի դեպքում հենց այստեղ են հոսպիտալացվում ծանր հիվանդների մեծամասնությունը, ովքեր պոլիվալենտ ինտենսիվ թերապիայի կարիք ունեն:
Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բազայի վրա ներդրված նորարարական մեթոդներ
Պերկուտան դիլատացիոն տրախեոստոմիա
Առաջինը հանրապետությունում մեր բաժանմունքի բազայի վրա ներդրվեց ստանդարտ պերկուտան տրախեոստոմիան, որն իրականացվում է ռեանիմատոլոգի կողմից՝ առանց հիվանդին վիրահատարան տեղափոխելու: Յուրաքանչյուր ամիս իրականացվում է նմանատիպ 4-5 միջամտություն, որոնք զգալիորեն կրճատում են շնչառական օժանդակման տևողությունը, ներհիվանդանոցային վարակային բարդությունների հաճախականությունն ու ծանրության աստիճանը:
Տրանսկրանիալ դոպլերոգրաֆիա (ՏԿԴ)
Չնայած մեթոդը շատ հին է` առաջինը Էրեբունի ԲԿ ԻԹԲ-ում սկսեցին իրականացնել տրանսկրանիալ հեմոդինամիկայի ստանդարտ մոնիտորինգ: Գիտական ղեկավար Հ.Ն. Մանգոյանը, լինելով ՏԿԴ մասնագետ, կատարում է չափումներ, վերլուծում տվյալները՝ կաթվածով կամ ԳՈւՏ հիվանդների բուժման ռազմավարությունը շտկելու նպատակով:
Ուղեցույցային հակաբակտերիալ բուժում
Ծանր վարակների հակաբակտերիալ բուժման ոլորտին վերաբերող խորհրդի, ուղեցույցների և հարուստ փորձի համար մեզ են դիմում ոչ միայն մեր կլինիկայի աշխատակիցները, այլ նաև այլ հիվանդանոցների մեր գործընկերները:
Տեսական և գործնական գիտելիքի լայն տարածումը բաժանմունքի այցեքարտն է, ավանդույթ, որը ներդրված է բաժանմունքի հիմնադիր, հանրապետության վաստակավոր բժիշկ, պրոֆեսոր Գ.Գ. Մխոյանի կողմից: