«Էրեբունի» ԲԿ ծննդատան մանկաբարձական բաժանմունքում ցուցաբերվում է մանկաբարձական բուժօգնության ամբողջ ծավալը, որն իր մեջ ներառում է դասական մանկաբարձության ավանդույթները՝ նորագույն պերինատալ տեխնոլոգիաներով: Ծնարանը հագեցած է հղիի և պտղի ներարգանդային վիճակը գնահատող ժամանակակից սարքավորումներով: Ծնարանում առկա են անհատական սենյակներ, որոնք հղիներին տրամադրվում են ծննդաբերության ընթացքում և հետծննդյան շրջանում:
«Էրեբունի» ԲԿ ծննդատանը տարեկան ծնվում է 5000 երեխա:
Ծննդաբերության ժամանակ կիրառվում են ցավազրկման տարբեր եղանակներ՝ հաշվի առնելով ծննդկանի և պտղի վիճակը՝ կիրառելով բարձր ռիսկի հղիների ծննդալուծման ժամանակակից մոտեցումները: Դրանք հնարավորություն են տալիս խուսափել տարբեր մանկաբարձական բարդություններից: Ծննդաբերության ցավազրկման նպատակով լայնորեն կիրառվում է տևական էպիդուրալ անզգայացումը, որն ունի բարձր ցավազրկող արդյունավետություն՝ առանց ծննդաբերական գործընթացն ընկճող ազդեցության:
Ծննդալուծման ընթացքում ամուսնու ներկայությունը հնարավոր է:
Կեսարյան հատումն իրականացվում է ըստ ցուցումների՝ հիմնականում ողնուղեղային անզգայացմամբ:
Հետծննդյան սենյակներում ստեղծված են մոր և նորածնի համատեղ կեցության համար անհրաժեշտ բոլոր պայմանները, ընդ որում, նրանք գտնվում են մանկաբարձների և նեոնատոլոգների շուրջօրյա հսկողության տակ: Անհրաժեշտության դեպքում անմիջապես կազմակերպվում է նեղ մասնագետների խորհրդատվություն:
Բարդացած ծննդաբերությունների դեպքում, երբ ծննդկանն ի վիճակի չէ նորածնին ինքնուրույն խնամել՝ հնարավոր է մոր և մանկան տարանջատումն անհրաժեշտ ժամանակով:
Բաժանմունքում իրականացվում է «կրծքով կերակրման քաջալերման և աջակցության, ճիշտ կերակրման ծրագիրը, տրվում է կրծքով կերակրման առավելությունների մասին տեղեկատվություն: Բաժանմունքի բժիշկները բացատրական աշխատանքներ են իրականացնում ստացիոնարում և տնային պայմաններում կրծքագեղձերի ճիշտ խնամքի, կաթնարտադրության խթանման, հետծննդյան շրջանում անձնական հիգիենայի կանոնների պահպանման վերաբերյալ:
Հարվարդի բժշկական դպրոցի և UCLA-ի հետ ծնարանի ու հետծննդյան բաժանմունքի համագործակցության արդյունքում ներդրվել և մշտապես նորացվում են բարձր ռիսկի հղիների ծննդաբերությունների վարման ուղեցույցները, ինչն էլ բերել է ծննդաբերական և հետծննդյան բարդությունների զգալի կրճատման՝ ծննդալուծման բարենպաստ ելքով:
Ամեն օր ծննդկանների հետ իրականացվում է նորածինների խնամքի, հետծննդյան շրջանում հիգիենայի պահպանման ուսուցում, անհրաժեշտության դեպքում՝ որակյալ հոգեբանական և իրավաբանական օգնություն: