Ծննդատան անզգայացման և վերակենդանացման բաժանմունքն ապահովում է հղիների, ծննդկանների և գինեկոլոգիական հիվանդների անզգայացման և վերակենդանացման ծառայության իրականացումը՝ պլանային և անհետաձգելի տարբերակներով, շուրջօրյա ռեժիմով, Հայաստանի ամբողջ տարածքում: Բաժանմունքում, ըստ ցուցումների, կիրառվում է ներշնչափողային, էպիդուրալ, ներերակային, դիմակային անզգայացում: Բաժանմունքի բժիշկները կիրառում են տեղային, ընդհանուր և շրջանային անզգայացման ժամանակակից բոլոր եղանակները (ազոտի օքսիդ, ներշնչափողային անզգայացում, էպիդուրալ անզգայացում, ողնաշարային անզգայացում, կոմբինացված անզգայացում):
Ցավազրկման նպատակով կիրառվում են նորագույն անզգայացնողներ, անզգայացման և շնչառական ժամանակակից սարքավորումներ, ինչպես նաև մոնիտորինգի համակարգեր: Ցավազրկման մեթոդի ընտրությունը կատարվում է յուրաքանչյուր ծննդկանի համար անհատապես՝ բժիշկ-անեսթեզիոլոգի և ծննդաբերությունը վարող մանկաբարձ-գինեկոլոգի հետ համատեղ: Ծննդաբերության ժամանակ լայնորեն կիրառվում է տևական էպիդուրալ անզգայացման միջոցով ցավազրկումը: Բաժանմունքում բոլոր տեսակի անզգայացումները և վաղ հետվիրահատական շրջանն անցնում են հետևյալ ցուցանիշների մոնիտոր հսկողությամբ. սրտի կծկումների հաճախություն, էլեկտրասրտագրություն, շնչառական շարժումների հաճախություն, զարկերակային ճնշում:Յուրաքանչյուր տարի իրականացվում է ավելի քան 6000 անզգայացում, որից 2500-ը գինեկոլոգիական վիրահատությունների և կեսարյան հատումների ժամանակ, 2400-ը՝ փոքր միջամտությունների և 1400-ը՝ ցավազրկվող ծննդաբերությունների ժամանակ: Ինտենսիվ թերապիայի բաժանմունքում յուրաքանչյուր տարի հետազոտվում և բուժվում են ավելի քան 3000 հետվիրահատական հիվանդներ: Տարեցտարի ավելանում է էպիդուրալ անզգայացման կարիք ունեցող ծննդկանների թիվը, որն ապահովում է հարմարավետ և անցավ ծննդաբերություն: Կեսարյան հատումն իրականացվում է շրջանային անզգայացմամբ, որը ծննդկանին թույլ է տալիս վիրահատության ընթացքում չունենալ որևէ ցավային զգացողություն: Օրգանիզմի ֆունկցիաների ներվիրահատական մոնիտորինգի նպատակով կիրառվում են ամենաժամանակակից համակարգերը, որոնք հնարավորություն են տալիս մշտապես չափել զարկերակային ճնշումը, ջերմությունը, կատարել էլեկտրասրտագրություն, որոշել արտաշնչվող և ներշնչվող գազերի բաղադրությունը: