Նյարդաբանական բաժանմունքում բարձր որակավորում ունեցող մասնագետներն իրականացնում են կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի սուր և քրոնիկական ախտաբանությամբ, նյարդաբանական ֆունկցիոնալ խանգարումներով հիվանդների համալիր ախտորոշում և բուժում: Բաժանմունքում յուրաքանչյուր տարի իրականացվում է ավելի քան 2000 պացիենտի ախտորոշում և ստացիոնար բուժում, ու ավելի քան 5000 պացիենտի ամբուլատոր բուժում:
Իր ախտորոշիչ և բուժական գործունեության ընթացքում նյարդաբանական բաժանմունքը սերտորեն համագործակցում է ախտորոշման, նյարդավիրաբուժության, նյարդաանոթաբանության, ողնաշարի ախտաբանության, ֆիզիոթերապիայի և վերականգնողական, և այլ մասնագիտացված բաժանմունքների հետ:
Նյարդաբանական բաժանմունքի կազմում գործում են հետևյալ մասնագիտացված ծառայությունները.
Նյարդամկանային հիվանդությունների բուժման ծառայություն՝ ղեկավար Արմինե Կտեյան, | |||
Քնի խանգարման բուժման ծառայություն՝ ղեկավար Սամսոն Խաչատրյան, | |||
Շարժողական խանգարումների բուժման ծառայություն՝ ղեկավար Զառա Թավադյան: |
Նյարդաբանական բաժանմունքում ներդրվում են նյարդաբանական հիվանդությունների բուժման ժամանակակից սխեմաները՝ երաշխավորված Նյարդաբանների միջազգային ասոցիացիայի կողմից:
Բաժանմունքի բուժանձնակազմը պարբերաբար մասնակցում է ժամանակակից նյարդաբանությանը վերաբերող տարբեր գիտական կոնֆերանսների և սիմպոզիումների՝ մշտապես բարձրացնելով սեփական որակավորումը, հարստացնելով գիտելիքներն ու հմտությունները:
Նյարդամկանային հիվանդությունների բուժման ծառայությունը յուրաքանչյուր ամիս իրականացնում է տարբեր նյարդամկանային հիվանդություններով, այդ թվում՝ նեյրոպաթիաներով (աքսոնալ և դեմիելինիզացնող), ռադիկուլոպաթիաներով, միոպաթիաներով և նյարդամկանային սինափսների հիվանդություններով մոտավորապես 100 պացիենտի ախտորոշում և բուժում: Բաժանմունքի տրամադրության տակ է էլեկտրանյարդամկանագրության ժամանակակից սարքը, որով սպասարկվում են «Էրեբունի» ԲԿ նյարդաբանության, նյարդավիրաբուժության, ռևմատոլոգիայի, էնդոկրինոլոգիայի բաժանմունքների հիվանդները:
Քնի խանգարման բուժման ծառայությունն իր գործունեությունը ծավալում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում «Սոմնոս» քնի խանգարման կենտրոնի բազայի վրա: Ծառայությունը զբաղվում է քնի խանգարման բոլոր տեսակների, այդ թվում՝ անքնության (ինսոմնիա), քնի ժամանակ շնչառական խանգարումների, արտահայտված քնկոտության խնդիրների (գերքնկոտություն, նարկոլեպսիա), պարասոմնիայի և քնի ռիթմի ցիրկադային խանգարումների ախտորոշմամբ ու բուժմամբ: Ներկայում քնի խանգարման բուժման ծառայությունում դիսպանսեր հաշվառման և հսկողության տակ են գտնվում մոտավորապես 700 հիվանդ: Քնի խանգարման ախտորոշման նպատակով կիրառվում են հարցարաններ, MSLT և MWT թեստեր (ցերեկային քնկոտության ախտորոշման նպատակով), սարքերի օգնությամբ ախտորոշման եղանակներ՝ պոլիսոմնոգրաֆիա, շարժողական պոլիգրաֆիա, ակտիգրաֆիա: Հիվանդների ախտորոշումն ու բուժումն իրականացվում է Ամերիկայի և Եվրոպայի առաջատար կլինիկաներում վերապատրաստված մասնագետների կողմից:
Անքնությունը (ինսոմնիա) քնի խանգարում է, որը բնութագրվում է զգալի ժամանակահատվածի ընթացքում քնի անբավարար տևողությամբ կամ քնի ցածր որակով, կամ՝ այս երևույթների համակցությամբ, բերելով ցերեկային ակտիվության ընկճման:
Քնի շնչառական խանգարումներ: Առավել հաճախ հանդիպող տեսակը գիշերային խռմփոցը և քնի ընթացքում ապնոէն է (շնչառության կանգը): Քնի ապնոէն ապնոէի տարատեսակ է, որին բնորոշ է քնի ընթացքում թոքային օդափոխության ընդհատումն ավելի քան 10 վայրկյան ժամանակով: Հաճախ այն տևում է 20-30 վայրկյան, թեև ծանր դեպքերում կարող է տևել մինչև 2-3 րոպե և կազմել գիշերային քնի ընդհանուր ժամանակահատվածի 60%-ը: Պարբերաբար կրկնվող ապնոէի դեպքում (ժամում 10-15 անգամից ոչ պակաս) առաջանում է քնի ապնոէի համախտանիշ՝ քնի կառուցվածքի խախտումով և ցերեկային քնկոտությամբ, հիշողության և ինտելեկտի վատթարացմամբ, աշխատունակության անկմամբ և մշտական հոգնածությամբ, դեպրեսիայով: Տարբերում են քնի օբստրուկտիվ և կենտրոնական ապնոէ, ինչպես նաև նրա խառը ձևերը: Քնի ապնոէի առաջացման պատճառը կոկորդի հյուսվածքների անկումն է, որը բերում է քնի ընթացքում վերին շնչական ուղիների նեղացման՝ արյան մեջ թթվածնի քանակի հետագա նվազեցմամբ, ուղեկցվելով հիպօքսիայով և հիպերկապնիայով, մետաբոլիկ ացիդոզով:
Գերքնկոտություն (հիպերսոմնիա) և նարկոլեպսիա: Գերքնկոտությունը բնորոշվում է քնի ախտաբանական բարձր պահանջով: Օրգանիզմի առանձնահատկություններով պայմանավորված՝ առողջ մարդիկ օրվա ընթացքում 5-10 ժամ քնի կարիք են զգում. այս մեծությունը խիստ տատանվում է ՝ կախված գործունեության տեսակից: Առողջ մարդկանց մոտ սովորական աշխատանքային գրաֆիկի դեպքում քնի միջին տևողությունը կազմում է 7-9 ժամ, աշխատանքային օրերին` ավելի քիչ, քան` հանգստյան օրերին: Գերքնկոտության ժամանակ քնի էպիզոդներ կամ արտահայտված քնկոտություն կարող են առաջանալ օրվա ընթացքում՝ բերելով նորմալ ինքնազգացողության խանգարման, երբեմն, նույնիսկ, կյանքին սպառնացող վիճակների: Գերքնկոտության տարբեր ախտաբանական վիճակները կոչվում են նարկոլեպսիա:
Պարասոմնիան քնի ընթացքում առաջացող դրվագային աննորմալ վիճակներն են. գիշերաշրջությունը (սոմնաբուլիզմ), քնի մեջ խոսելը, գիշերային վախերը (մղձավանջները), գիշերային սարսափները (սարսափ երազները ), սրտի ռիթմի գիշերային խանգարումները, քնի ապնոէն, բնածին կենտրոնական թերօդափոխման համախտանիշը, ատամների կրճտացնելը (բրուքսիզմ): Թվարկվածների ծագումը հիմնականում հոգեծին է:
Անհանգիստ ոտքերի համախտանիշը բնութագրվում է ստորին վերջույթներում առաջացող տհաճ զգացողությամբ, որն ի հայտ է գալիս հանգստի ժամանակ և հիվանդին ստիպում թեթևացնող շարժումներ կատարել՝ բերելով քնի խանգարման: Առավել հաճախ հանդիպում է կանանց մոտ: Երբեմն կարիք է լինում այն տարբերակել ստորին վերջույթների անոթային հիվանդություններից: Քնի ցիրկադային ռիթմի խանգարումը «քուն-արթմնի» ցիկլի կանոնավորության խախտումն է, որն առաջանում է արտաքին և ներքին ժամացույցների դեսինխրոնիզացիայի արդյունքում: Նկատվում են գիշերային քնի խանգարումներ, ախտաբանական ցերեկային քնկոտություն կամ նրանց զուգակցում, որոնք, սովորաբար, անցնում են, քանի որ կենսաբանական ժամացույցներն ինքնուրույն վերակառուցվում են:
Շարժողական խանգարումների բուժման ծառայություն
Շարժողական խանգարումներն, ընդհանրապես, բաժանում են երկու խմբի՝ ակինետիկո-ռիգիդ ձևեր, որոնց դեպքում դիտվում է մկանների կարկամություն ու շարժումների արգելակում, և հիպերկինետիկ ձևեր, որոնց դեպքում դիտվում են անգիտակից շարժումներ: Երկու դեպքում էլ մկանային ուժը պահպանվում է: Շարժողական խանգարումները, սովորաբար, առաջանում են հիմային կորիզներում՝ նյարդամիջնորդանյութերի աշխատանքի խանգարման հետևանքով: Ախտածագումը կարող է տարբեր լինել: Հիմնական գործոններն են՝ հաճախակի դեղորայքի կիրառման արդյունքում զարգացող դեգեներատիվ ախտաբանությունները (բնածին կամ ձեռք բերովի), օրգան-համակարգերի աշխատանքի խաթարումը, կենտրոնական նյարդային համակարգի վարակը կամ հիմային կորիզների իշեմիան:
Բրադիկինեզիան բնորոշվում է սովորական շարժումները սկսելու կամ նորմալ իրականացնելու անկարողությամբ: Դիտվում է արգելակված վիճակ և ինքնաբերաբար կատարվող շարժումների թվի կրճատում, օրինակ, ձեռքերի շարժումը քայլքի ժամանակ, թարթումը: Բրադիկինեզիան հիմնականում պարկինսոնիզմի ախտանիշ է:
Տրեմորը (դող) բնութագրվում է որոշակի կետի նկատմամբ վերջույթների կամ իրանի ռիթմիկ տատանումներով. հաճախ դիտվում է դաստակների և ոտնաթաթերի տրեմոր, հազվադեպ՝ գլխի և ստորին ծնոտի: Տրեմորը կարելի է դասակարգել ըստ տեղակայման և տատանման ամպլիտուդի: Սովորաբար դիտվում է մեծ ամպլիտուդի տրեմոր՝ վայրկյանում 5 մկանային լարում հաճախությամբ (հանգստի վիճակում), որը վկայում է պարկինսոնիզմի մասին: Վայրկյանում 9-10 մկանային լարում հաճախությամբ կինետիկ (ակցիոն) տրեմորը կարող է լինել ֆիզիոլոգիական տրեմորի արտահայտված տարբերակ կամ ժառանգական գործոնով պայմանավորված էսենցիալ (ընտանեկան) տրեմորի ախտանիշ:
Աստերիքսիսը բնութագրվում է կտրուկ առիթմիկ շարժումներով, որոնք ընդհատում են մկանների ֆոնային ակամա լարվածությունը (սովորաբար, դա դաստակների արագ շարժումներն են): Այս ախտանիշը դիտվում է լյարդի բոլոր ֆունկցիաների խանգարման դեպքում, որոշ օրգան-համակարգերի աշխատանքի խաթարման կամ կենտրոնական նյարդային համակարգի վարակի դեպքում: Առաջին հերթին անհրաժեշտ է բուժել տրեմոր առաջացնող ախտաբանությունը:
Միոկլոնուսը բնորոշվում է մկանային արագ առիթմիկ լարումներով կամ ձգումներով: Ինչպես աստերիքսիսը, միոկլոնուսը ևս դեղորայքային էնցեֆալոպաթիայի ախտանիշ է, երբեմն առաջանում է սրտի ժամանակավոր կանգից հետո, երբ ուղեղի ընդհանուր թթվածնաքաղցը նպաստում է բազմաօջախային միոկլոնուսի առաջացմանը: Դիստոնիան արտահայտվում է ակամա, երկարատև նույն դիրքով կամ դադարի վիճակում ախտաբանական դիրքերով: Հաճախ դրանք անհեթեթ, անբնական տեսք ունեն՝ որոշակի հոդերում բռնի ծալման կամ տարածման դիրքերով: Դիստոնիաները լինում են տարածուն կամ օջախային (ցերվիկալ դիստոնիա, բլեֆարոսպազմ):
Խորեոաթետոզը բնութագրվում է միաժամանակ ընթացող խորեայով (անկանոն, կտրուկ շարժումներ) և աթետոզով կամ շարժախտով (դանդաղ, ակամա ցնցումային շարժումներ): Այս երկու շարժողական խանգարումներն ուղեկցում են մեկը մյուսին, թեև ախտանիշներից մեկը կարող է ավելի արտահայտված լինել: Խորեան գերակշռում է խորեային թուլամտության (Սիդենհեմի հիվանդություն) և Հանտինգտոնի հիվանդության ժամանակ: Աթետոզն ավելի արտահայտված է ուղեղային լուծանքի որոշ տեսակների ժամանակ: Հակահոգեմետ դեղորայքի երկարատև կիրառումը կարող է նպաստել դիսկինեզիաների առաջացման՝ ընդգրկելով դեմքի, լեզվի և ստորին ծնոտի մկանները:
Տիկերը բնորոշվում են ստերեոտիպ, ակամա շարժումներով, ինչպիսիք են՝ թարթելը, փռշտոցը կամ հազը: Կարող են վկայել Տուրետի հիվանդության մասին: Տվյալ հիվանդության ախտանիշներից են՝ շարժական տիկերը (դեմքի, պարանոցի մկանների կծկումները), գլխի տիկերը (խռխռոց, ձայնային տիկեր), վարքի խանգարումները (կոպրոլալիա, էխոլալիա): Հիվանդության պատճառները մինչև վերջ բացահայտված չեն:
Շարժողական խանգարումների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է ժամանակին դիմել բժշկի խորհրդատվության ՝ ժամանակին բուժումն սկսելու նպատակով:
Բաժանմունքում գործում են.
- էլէկտրոֆիզիոլոգիայի լաբորատորիա, որտեղ էպիլեպսիայով տառապող, տարբեր ցնցումային վիճակներում գտնվող, թուլամտությամբ և էնցեֆալոպաթիայով հիվանդներին հստակ ախտորոշման նպատակով կատարվում են բազային ԷԷԳ, քնի դեպրիվացիայով ԷԷԳ և ԷԷԳ մոնիտորինգ,
- էլեկտրանյարդամկանագրության լաբորատորիա՝ ծայրամասային նյարդային համակարգի հիվանդությունների ախտորոշման համար,
- քնի լաբորատորիա, որտեղ հնարավոր է իրականացնել օբստրուկտիվ ապնոէով, անքնությամբ և նարկոլեպսիայով հիվանդների պոլիսոմնոգրաֆիա,
- ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակ՝ թթվածնի կենտրոնացված մատակարարմամբ և 6 հիվանդի անհատական մոնիտորինգի հնարավորությամբ:
Նյարդաբանական հիվանդների որակյալ հետազոտության և ճշգրիտ ախտորոշման նպատակով կիրառվում են նաև «Էրեբունի» ԲԿ ախտորոշման կլինիկայի ժամանակակից ախտորոշիչ սարքավորումները.
- գլխուղեղի և ողնաշարի համակարգչային տոմոգրաֆիա,
- գլխուղեղի և պարանոցի անոթների անգիոգրաֆիա,
- գլխուղեղի և պարանոցի անոթների դոպլերոգրաֆիա,
- գլխուղեղի և պարանոցի անոթների դուպլեքս սքանավորում,
- ողնուղեղային հեղուկի հետազոտություն,
- հետազոտության ուլտրաձայնային եղանակներ,
- ռենտգենոգրաֆիա,
- ռենտգեն-դենսիտոմետրիա,
- կլինիկա-լաբորատոր հետազոտություններ,
- նյարդաակնաբանական հետազոտություններ:
Բաժանմունքում իրականացվում է հետևյալ հիվանդությունների բուժումը.
գլխուղեղի և ողնուղեղի անոթային հիվանդություններ. | ||
|
||
նյարդային համակարգի բորբոքային հիվանդություններ. | ||
|
||
ցրված սկլերոզ, | ||
ծայրամասային նյարդային համակարգի հիվանդություններ. | ||
|
||
նյարդամկանային հիվանդություններ, | ||
կենտրոնական նյարդային համակարգի վնասվածքային հիվանդություններ, | ||
էպիլեպսիա, | ||
գլխացավեր, | ||
դիմային ցավեր, | ||
ողնաշարի դեգեներատիվ-դիստրոֆիկ ախտաբանություններ. | ||
|
||
մարմնական հիվանդությունների ժամանակ առաջացած տարբեր նյարդաբանական խանգարումներ: |