Հեմոդիալիզն օրգանիզմից դուրս արյան արտաերիկամային մաքրման մեթոդ է, որի արդյունքում հեռացվում են նյութափոխանակության տոքսիկ նյութերը, կարգավորվում էլեկտրոլիտային և ջրային բալանսները։ Հեմոդիալիզի հիմքում ընկած է նյութերի անցումը կիսաթափանց մեմբրանների միջով, որը թույլ է տալիս արյան միջից հեռացնել տոքսիկ նյութերը և մետաբոլիզմի արգասիքները։ Հեմոդիալիզի անհրաժեշտությունը ծագում է երիկամների ծանր հիվանդությունների ժամանակ կամ արյան մեջ մեծ քանակությամբ տոքսինների արտամղման դեպքում, երբ առողջ երիկամները չեն կարող պայքարել դրա դեմ։ Հեմոդիալիզի իրականացման անհրաժեշտությունը հաստատվում է մասնագետների կողմից՝ ըստ հիվանդի ախտորոշման և վիճակի։
Հեմոդիալիզի անցկացման հիմնական ցուցումները.
- սուր և քրոնիկ երիկամային անբավարարություն,
- դիալիզվող թույներով թունավորում (ցավոք, ոչ բոլոր տոքսիկ նյութերն է հնարավոր օրգանիզմից հեռացնել այս մեթոդով),
- դեղորայքային միջոցների գերդոզավորում,
- արյան էլեկտրոլիտային կազմի ծանր խանգարումներ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հեմոդիալիզը կարող է ուղեկցվել մի շարք բարդություններով (զարկերակային հիպոտենզիա, մկանային ցնցումներ, սրտխառնոց, փսխում, ինֆեկցիոն հիվանդություններ)` հիվանդների համար կարևոր է մասնագետների կողմից նշանակումների և խորհուրդների մանրակրկիտ կատարումը՝ դեղորայքի ընդունում, սննդակարգի հետևում, ժամանակին կանխարգելիչ ստուգումների հաճախում, անհրաժեշտ հետազոտությունների իրականացում։
«Էրեբունի» բժշկական կենտրոնի հեմոդիալիզի բաժանմունքն այսօր հանրապետության առաջատարներից է: Բաժանմունքը հագեցած է հեմոդիալիզի բարձր ինտեգրված համակարգերով, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին:
Հեմոդիալիզի սարքերը համատեղում են բուժման բարձր չափանիշները, բարելավում հիվանդների կյանքի որակը: Fresenius բուժական համակարգն ապահովում է բարձր որակի թերապիա՝ ONLINE հեմոդիաֆիլտրացիա, որն այսօր համարվում է երիկամային փոխարինման թերապիայի ամենաարդյունավետ մեթոդը։
Հեմոդիալիզի անցկացման հիմնական ցուցումները.
Բացի հեմոդիալիզի սարքերից բաժանմունքում ստեղծվել են ջրի մաքրման բարձր արդյունավետությամբ համակարգեր, տրանսմիսիվ վարակներից պաշտպանվելու նորագույն տեխնոլոգիաներ։
Բաժանմունքում ամեն ամիս բուժվում է քրոնիկ երիկամային հիվանդություն ունեցող շուրջ 100 հիվանդ։ Վերակենդանացման բաժանմունքի հետ համատեղ հաջողությամբ իրականացվում է սուր երիկամային անբավարարությամբ տառապող հիվանդների բուժումը։
Շատ կարևոր նշանակություն ունի հիվանդության վաղ բուժումը։
Բաժանմունքը կենտրոնի ինտենսիվ բաժիններում իրականացնում է նաև արտամարմնային արյան մաքրման մի շարք միջամտություններ՝ մշտական հեմոֆիլտրացիա, մեկուսացված ուլտրաֆիլտրացիա (այդ թվում նաև՝ շարունակական), երկար դանդաղեցված հեմոդիալիզ, պլազմային ֆիլտրում, պլազմասորբցիա, պլազմայի կասկադային զտում։
Բաժանմունքում գործում է բարձր մասնագիտացված բժշկական անձնակազմ։ Մասնագետները վերապատրաստվել են Ֆրանսիայի, Բելգիայի, Անգլիայի առաջադեմ կլինիկաներում։
Ի դեպ, դիալիզի կարիք ունեցող օտարերկրյա քաղաքացիները, զբոսաշրջիկները ևս կարող են օգտվել կենտրոնի դիալիզի վճարովի ծառայություններից:
Հեմոդիալիզի բաժանմունքը համալրված է “B. Braun” և “Fresenius” ընկերությունների արտադրության 17 «արհեստական երիկամ» սարքով, ինչպես նաև Fresenius ընկերության ջրի մաքրման բարձր արդյունավետության համակարգով։
Ջրի մաքրման ժամանակակից համակարգը և նորագույն սարքավորումները թույլ են տալիս իրականացնել բարձրորակ հեմոդիալիզ՝ բարձրացնելով համակարգային հեմոդիալիզի կարիք ունեցող հիվանդների կյանքի որակը։
Հեմոդիալիզի բաժանմունքի աշխատանքի հիմնական ուղղությունները բարձր ճշգրիտ մեթոդներն են՝ կոնվեկցիոն և դիֆուզիոն մեթոդների համադրությամբ։ Բաժանմունքում բուժվում են սուր և քրոնիկ երիկամային անբավարարությամբ տառապող հիվանդները։
Ստեղծված է բուժական պլազմաֆերեզի անցկացման հնարավորություն։ Պլանավորվում է կանադացի գործընկերների հետ համատեղ ամենաժամանակակից սարքավորումներով հագեցած էքստրակորպորալ դետոքսիկացիայի նոր կաբինետի ստեղծումը։