Անեսթեզիոլոգիայի բաժանմունքն ապահովում է պլանային և անհետաձգելի վիրաբուժական միջամտությունների անզգայացումը, իրականացնում կրիտիկական վիճակներում գտնվող հիվանդների ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման միջոցառումները:
Բաժանմունքի մասնագետները տիրապետում են տարբեր պրոֆիլի վիրահատությունների անեսթեզիոլոգիական ապահովման ժամանակակից բոլոր մեթոդներին: Բաժանմունքը հագեցած է ժամանակակից անզգայացման շնչառական և մոնիտորինգային սարքավորումներով, դեֆիբրիլյատորներով, կարդիոխթանիչներով, ներարկիչային և ինֆուզիոն պոմպերով, անընդհատ աուտոհեմոտրանսֆուզիայի սարքավորումներով, որոնք կիրառվում են արյան զանգվածային կորստի ժամանակ և այլն:
Բաժանմունքում ներդրված են անզգայացման և ինտենսիվ թերապիայի բոլոր ժամանակակից մեթոդները, ներառյալ՝ ինհալյացիոն, ցածր հոսքային անեսթեզիան, ներերակային անեսթեզիան, լայնորեն կիրառվում է շրջանային անզգայացման մեթոդները՝ անզգայացման էպիդուրալ, ողնուղեղային և ողնուղեղային-էպիդուրալ տեսակները: Վիրահատական բուժման ժամանակ անզգայացման եղանակն ընտրելիս` յուրաքանչյուր հիվանդին ցուցաբերվում է անհատական մոտեցում:
Թոքերի վիրահատությունների ժամանակ կիրառվում է բարձր հաճախականության օսցիլյատորային օդափոխում: Վիրահատության ժամանակ կենսական կարևոր օրգանների և համակարգերի գործունեության հսկողությունն իրականացվում է բարձր հաճախականության մոնիտորինգի համակարգերի օգնությամբ, որոնք թույլ են տալիս գնահատել կենտրոնական հեմոդինամիկայի ցուցանիշները, հսկել անզգայացման խորությունը: Ինտենսիվ թերապիայում կիրառվում են թոքերի արհեստական օդափոխման և շնչառական թերապիայի ժամանակակից մեթոդները, իրականացվում է նաև արտամարմնային թունազերծում: Էքսպրես-լաբորատորիան ապահովում է արյան գազային և էլեկտրոլիտային կազմի, հիմնական կենսաքիմիական պարամետրերի, արյան մակարդման համակարգի ցուցանիշների շուրջօրյա հետազոտությունը:
Ժամանակակից սարքավորումներն ու տեխնիկան վիրաբույժներին հնարավորություն են տալիս կատարել ամենաբարդ վիրահատությունները, այդ թվում՝ ուղեկցող ծանր ախտաբանությամբ և ցածր ֆունկցիոնալ պաշարներով հիվանդներին:
Անեսթեզիոլոգիայի բաժանմունքի գործունեության հիմնական սկզբունքն անվտանգ և որակյալ անեսթեզիայի ապահովումն է: Ըստ վիճակագրական տվյալների` վերջերս յուրաքանչյուր տարի ապահովվում է միջինը ավելի քան 7000 տարբեր տեսակի անեսթեզիա: Չնայած այս մեծ քանակին՝ անեսթեզիայով պայմանավորված բարդությունների ցուցանիշը զգալի ցածր է և համապատասխանում է արտերկրի առաջատար անեսթեզիոլոգիական ծառայությունների ցուցանիշներին:
Բացի անեսթեզիայից, բաժանմունքը զբաղվում է նաև ցավի բուժման խնդիրներով: Բաժանմունքի բուժանձնակազմը մասնագիտացել, վերապատրաստվել և կատարելագործվել է աշխարհի առաջատար կլինիկաներում: Նրանց ստացած գիտելիքները ներդրվել և լայնորեն կիրառվում են բաժանմունքի գործունեության մեջ: Ցավի բուժման ստանդարտ եղանակներից բացի, ինչպես օրինակ ցավի անհատական դեղորայքային բուժումն է, բաժանմունքում կիրառվում են նաև ցավի բուժման այնպիսի ժամանակակից միջամտական եղանակներ, ինչպիսիք են՝ էպիդուրալ անզգայացումը, բուժական ախտորոշիչ պաշարումները, նեյրոմոդուլացիան և այլն:
Անզգայացման միջոցառումները.
- նյարդերի պաշարում՝ տեղային անզգայացման կիրառմամբ,
- անզգայացման էպիդուրալ եղանակի կիրառում,
- շրջանային անզգայացման ժամանակ օպիոիդների կիրառում,
- նեյրոլիզիսի քիմիական եղանակ,
- վեգետատիվ պաշարումներ,
- նյարդավիրաբուժական վիրահատություններ,
- PCA (Patient-controlled analgesia) մեթոդ (հիվանդի կողմից վերահսկվող անզգայացում):
- Ընդհանուր անզգայացում,
- շրջանային անզգայացում,
- հաղորդչական անզգայացում,
- էպիդուրալ անզգայացում,
- ցավի բուժում,
- մասնագետների պատրաստում:
Մասնագետների անմիջական մասնակցությամբ և Էրեբունի ԲԿ ղեկավարության հետ համագործակցությամբ՝ կենտրոնի անեսթեզիոլոգիայի բաժանմունքի բազայի հիմքի վրա ստեղծվել է «Հայաստանի անեսթեզիոլոգիայի շրջանային դպրոցը»:
Բոլոր ծառայությունները
- Անեսթեզիոլոգիայի բաժանմունք
- Ընդհանուր և կրծքավանդակի վիրաբուժության բաժանմունք
- Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք
- Մինիմալ-ինվազիվ վիրաբուժության բաժանմունք
- Էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք
- Կոլոպրոկտոլոգիայի բաժանմունք
- Էնդոկրին վիրաբուժության բաժանմունք
- Քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունք
- Պլաստիկ և միկրովիրաբուժության բաժանմունք
- Ուրոլոգիական բաժանմունք
- Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունք
- Անոթային վիրաբուժության բաժանմունք
- Մամոլոգիայի եւ կրծքագեղձի վիրաբուժության ծառայություն
- Դժվար լավացող վերքերի և լիմֆադեմաների բուժման ծառայություն