Ողնաշարի ախտաբանության ծառայությունը հսկայական ներդրում ունի Հայաստանում վերտեբրալ վիրաբուժության զարգացման մեջ:Ողնաշարի հետ կապված խնդիրները կարող են ծագել ողնաշարի սյունը ձևավորող մեկ կամ մի քանի բաղադրիչներում՝ մկանային հյուսվածքներում, կապաններում, հոդերում, սկավառակներում, ողերում և նյարդերում:
Յուրաքանչյուր հիվանդությունն ունի մի շարք բնորոշ ախտանիշներ: Շատ կարևոր է հետևյալ ախտանիշների հայտնաբերման դեպքում անհապաղ դիմել բժշկի.
- մեկ կամ մի քանի վերջույթներում մկանային ուժի թուլացում
- սեղմանների (սֆինկտերների) աշխատանքի խանգարում՝ անզսպություն կամ հապաղում
- վնասվածքի, վարակի կամ ուռուցքի հետևանքով առաջացած ցանկացած նյարդաբանական ախտանիշ
- ողնաշարի վնասվածքներ
- ողնաշարի ձևախախտումներ
Ողնաշարի դեգեներատիվ փոփոխությունները դրա բաղկացուցիչ հատվածների պրոգրեսիվող մաշվածության հետևանք են: Ողնաշարի պաթոլոգիայի առավել կարևոր խումբ են ողնաշարի արթրոզը, միջողնային սկավառակների ճողվածքները և կապանների գերաճը:
Տարբեր գործոնների ազդեցությամբ (մեխանիկական գերծանրաբեռնվածություն, ծերություն և այլն) կարող է տեղի ունենալ միջողնային սկավառակների մասնակի քայքայում և դոնդողանման կորիզի տեղաշարժ: Այդ ժամանակ տեղի է ունենում նյարդարմատի ՝ ողնուղեղային խողովակից դուրս գալու տեղում ճնշում: Թեև միջողնային ճողվածքները կարող են առաջանալ ցանկացած մակարդակում, առավել հաճախ նրանք ծագում են ողնաշարի գոտկային և պարանոցային հատվածներում: Նյարդարմատի ճնշումն առաջացնում է ցավ, զգայունության խանգարումներ և/կամ մկանային թուլություն:
Ողնաշարային խողովակի տրամագծի փոքրացման ժամանակ ողնուղեղը և ողնուղեղային նյարդարմատները կարող են ճնշվել՝ ուղեկցվելով ցավային համախտանիշով և քայլքի դժվարացմամբ:
Ողնաշարի սպոնդիլոլիստեզի ժամանակ ողերից մեկը՝ մյուս ողերի համեմատ, տեղաշարժված է առաջ կամ հետ, ինչն առաջանում է ողնաշարային սյան դեգեներատիվ փոփոխությունների հետևանքով և ուղեկցվում է ուժեղ ցավային համախտանիշով:Ողնաշարում դեգեներատիվ-դիստրոֆիկ գործընթացների համակցման և նրա կողային թեքման հետևանքով առաջացած դեգեներատիվ սկոլիոզի դեպքում տեղի է ունենում նյարդարմատների և, անգամ, ողնուղեղի ճնշում, ինչը կարող է ուղեկցվել ցավային համախտանիշով:
Տարբեր տեսակի ուռուցքները (ոսկրային, շարակցական առաջնային ուռուցքներ կամ մետաստազներ)` տեղակայված լինելով անմիջապես ողնաշարի հյուսվածքներում, կարող են ախտահարել ողնաշարը և առաջացնել նյարդային կառուցվածքների կոմպրեսիա, կամ անմիջականորեն ներաճել նյարդային կառուցվածքների մեջ:
Մեծ էներգիայի արդյունքում առաջացած վնասվածքները (սպորտ, ճանապարհային վնասվածք) կարող են բերել ողնաշարի ամբողջական կամ մասնակի վնասման՝ հաճախ ուղեկցվելով ողնուղեղի վնասվածքով: Օստեոպորոզով հիվանդների մոտ հնարավոր են ախտաբանական կոտրվածքներ նույնիսկ աննշան վնասվածքների դեպքում:
Տարբեր բնածին պաթոլոգիաներ ևս կարող են բերել ողնաշարի ախտահարման՝ ինֆանտիլ սկոլիոզ (ողնաշարի կողմնային թեքում), բնածին սպոնդիլոլիստեզ, ողնաշարի երկատում, մենինգոցելե և Առնոլդ-Կիարի մալֆորմացիա:
Ծառայությունում իրականացվում է ողնաշարի բոլոր տեսակի հիվանդությունների և վնասվածքների բուժում.
- ողնաշարի ձևախախտում (սկոլիոզ, օստեոխոնդրոզ)
- ողնաշարի դեգեներատիվ հիվանդություններ (օստեոխոնդրոզ, միջողնային սկավառակների ճողվածքներ ողնուղեղային խողովակի ստենոզներ, ողերի անկայունություն)
- ողնաշարի գոտկային հատվածի ողերի սպոնդիլոլիզ կամ սպոնդիլոլիստեզ
- Բեխտերևի հիվանդության ժամանակ ողնաշարի թեքվածություն
- ողնաշարի բարորակ և չարորակ ուռուցքներ
- ողերի կոտրվածքներ և հոդախախտեր
- ողնաշարի հետվնասվածքային և հետվիրահատական ձևախախտումներ
Ողնաշարի ախտաբանական ծառայության հեռախոսահամարն է 094 178585: