Ռևմատոլոգիական հիվանդությունների առավել հաճախ հանդիպող ախտանշաններն են հոդերում և մկաններում հանկարծակի կամ աստիճանաբար ի հայտ եկող ցավերը, հոդերի արտահայտված այտուցվածությունը, հոդերում շարժումների կարկամությունը, հոդերի շրջանում մաշկի ջերմության բարձրացումը, մարմնի ջերմության բարձրացումը: Ռևմատոլոգիայում ամենակարևոր պայմանը վաղ ախտորոշումն է, ինչը հնարավորություն է տալիս պահպանել հոդերի և ներքին օրգանների ֆունկցիաները և զգալի բարելավել հիվանդների կյանքի որակը: Այդ պատճառով անհրաժեշտ է մասնագետին դիմել աժխտանշանների ի հայտ գալուց անմիջապես հետո: Ռևմատոլոգիական որոշ հիվանդություններ լիովին բուժել հնարավոր չէ: Սակայն այսօր գոյություն ունեն բուժման եղանակներ, որոնք թույլ են տալիս դանդաղեցնել հոդերում, հարհոդային հյուսվածքներում և ներքին օրգաններում հաշմանդամության բերող փոփոխությունների զարգացումը և բարելավել հիվանդների կյանքի որակը:
«Էրեբունի» ԲԿ ռևմատոլոգիական բաժանմունքում իրականացվում է հենաշարժիչ համակարգի բորբոքային և դեստրուկտիվ ախտահարումներով հիվանդների (ոսկրերի, հոդերի և մկանների ախտահարմամբ ուղեկցվող), շարակցական հյուսվածքի այլ հիվանդություններով, համակարգային վասկուլիտներով ու այլ ախտաբանություններով հիվանդների ախտորոշում և բուժում:
Շարակցական հյուսվածքի տարածուն հիվանդություններ.
- համակարգային կարմիր գայլախտ,
- սկլերոդերմիա,
- դերմատոմիոզիտ,
- ռևմատիզմ,
- ռևմատոիդ արթրիտ:
Համակարգային վասկուլիտներ
- հանգուցավոր պերիարտերիիտ
- միկրոսկոպիկ պոլիանգիիտ
- հեմոռագիկ վասկուլիտ
- Չարգ-Ստրոսի համախտանիշ
- Տակայասուի հիվանդություն
Տարբեր ծագման արթրիտներ.
- պոդագրա և այլ միկրոբյուրեղային արթրիտներ,
- Բեխտերևի հիվանդություն (անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ),
- դեֆորմացնող օստեոարթրոզ,
- Բեխչետի հիվանդություն
Յուրաքանչյուր տարի ռևմատոլոգիայի բաժանմունք է ընդունվում ավելի քան 600 հիվանդ: Իրականացվում է համալիր ախտորոշում ցուցաբերվում է բազմամասնագիտական խորհրդատվություն (օրթոպեդներ, վնասվածքաբաններ, սրտաբաններ, նյարդաբաններ, նյարդավիրաբույժներ, իմունաբաններ և այլն): Հիվանդների բուժումն իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան՝ ռևմատոլոգիայի բնագավառում նորագույն և առավել արդյունավետ մեթոդաբանության կիրառմամբ:Բաժանմունքում գործում է ինչխպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար ծառայություն, հիվանդների բուժումը կազմակերպվում է նաև ցերեկային ստացիոնարում: Ռևմատոլոգիայի բաժանմունքը ԵրՊԲՀ հետդիպլոմային ուսուցման «Նեղ թերապևտիկ մասնագիտություններ» ամբիոնի հիմնական կլինիկական բազաներից է, որտեղ վերապատրաստվում են ԵրՊԲՀ մագիստրատուրայի ուսանողները: Ռևմատոլոգիայի բաժանմունքի աշխատակիցներն իրականացնում են ակտիվ գիտական գործունեություն՝ մասնակցելով և զեկույցներ ներկայացնելով միջազգային մասնագիտական գիտաժողովներին: Նրանցից շատերը վերապատրաստվել են արտերկրի առաջատար կլինիկաներում: