«Էրեբունի» բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժական բաժանմունքը հիմնադրվել է 1998 թվականին: Այստեղ յուրաքանչյուր տարի իրականացվում է ավելի շուրջ 1000 վիրահատություն՝ գլխուղեղի տարբեր հիվանդությունների և ողնաշարի ախտահարումների (վնասվածքային հեմատոմաներ, ողնաշարի վնասվածքներ և կոտրվածքներ, գլխուղեղի և ողնուղեղի ծավալային գոյացություններ), ինչպես նաև ծայրամասային նյարդերի և նյարդային հյուսակների, գլխուղեղի անոթների ախտահարումների կապակցությամբ (գլխուղեղի անոթների հիվանդությունների ժամանակ իրականացվում է ներանոթային բուժում): Կատարվում են վիրահատություններ ողնաշարի դեգեներատիվ փոփոխություններով պայմանավորված հիվանդությունների ժամանակ՝ միջողնաշարային խողովակի ճողվածքներ, սպոնդիլոլիստեզ, ողնաշարային խողովակի ստենոզ և այլն:
Հիվանդություններ և վիճակներ, որոնց դեպքում հիվանդները պետք է դիմեն նեյրովիրաբուժական ծառայություն
- նյարդաուռուցքաբանական ( գլխուղեղի և ողնուղեղի ուռուցքներ, նևրինոմաներ),
- ցերեբրովասկուլյար հիվանդություններ (հեմոռագիկ, իշեմիկ կաթվածներ, զարկերակային անևրիզմաներ, զարկերակ-երակային մալֆորմացիաներ),
- գլխուղեղի հիվանդություններ՝ հիդրոցեֆալիա համախտանիշով,
- միջողնային սկավառակների ճողվածքներ, ռադիկուլոիշեմիա, ողնաշարային խողովակի ստենոզ,
- թունելային և ցավային համախտանիշներ,
- նյարդերի, նյարդային հյուսվածքների վնասվածքներ, ողնուղեղային վնասվածքներ,
- գանգուղեղային վնասվածքներ, ներուղեղային հեմատոմաներ,
- դիմային ցավեր (պրոզոպալգիա), եռoրյակ նյարդի նևրալգիա:
Գլխուղեղի ուռուցքներ Գլխուղեղի ուռուցքն, անկախ բարորակ կամ չարորակ լինելուց, կարող է արմատապես ազդել հիվանդի վիճակի վրա թե՛ ինքնազգացողության տեսանկյունից, թե՛ վարքի: Որպես կանոն, եթե ուռուցքը տեղակայված է նյարդավիրաբույժին հասանելի շրջանում և չի ներառում գլխուղեղի կարևոր մասերը, իրականացվում է վիրահատություն՝ ուռուցքի հեռացում:
Հիդրոցեֆալիա Գանգատուփում ողնուղեղային հեղուկի կուտակումը կարող է լինել այլ գործոններից անկախ հիվանդության արտահայտություն կամ՝ որպես գլխի վնասվածքի հետևանք: Հիդրոցեֆալիայի հեռացման ամենատարածված միջոցը գլխուղեղում շունտի տեղադրումն է, որով հեղուկը արտահոսում է որովայնի խոռոչ:
Ողնաշարի ախտաբանություն Ողնաշարի ծանր վնասվածքները, միջողնային ճողվածքները, ողերի կոտրվածքները պահանջում են նյարդավիրաբուժական միջամտություն:
Էպիլեպսիա Այն դեպքերում, երբ դեղորայքային բուժումն անօգուտ է, իսկ հիվանդի մոտ առկա են էպինոպաներ, վիրաբուժական միջամտությամբ իրականացվում է թափառող նյարդի խթանիչի իմպլանտացիա (VNS):
Արդյունավետ համագործակցությունը նյարդաբանական, վերականգնողական և ֆիզիոթերապիայի բաժանմունքների հետ ապահովում է յուրաքանչյուր հիվանդի բուժման համակողմանի մոտեցում:
Բոլոր հիվանդասենյակները հագեցած են ժամանակակից բազմաֆունկցիոնալ մահճակալներով, հսկման համակարգերով և բժշկական անձնակազմի հետ կապով: Յուրաքանչյուր հիվանդ վիրահատությունից առաջ և հետո մշտապես գտնվում է բաժանմունքի բժիշկների և բարձր որակավորված բուժքույրերի հսկողության տակ: