Անզգայացման բաժանմունքն ապահովում է պլանային և անհետաձգելի վիրաբուժական միջամտությունների անզգայացումը, իրականացնում կրիտիկական վիճակներում գտնվող հիվանդների ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման միջոցառումները:Բաժանմունքի մասնագետները տիրապետում են տարբեր պրոֆիլի վիրահատությունների անզգայացման ժամանակակից բոլոր մեթոդներին: Բաժանմունքը հագեցած է ժամանակակից անզգայացման շնչառական և մոնիտորինգային սարքավորումներով, դեֆիբրիլյատորներով, կարդիոխթանիչներով, ներարկիչային և ինֆուզիոն պոմպերով, անընդհատ աուտոհեմոտրանսֆուզիայի սարքավորումներով, որոնք կիրառվում են արյան զանգվածային կորստի ժամանակ և այլն: Բաժանմունքում ներդրված են անզգայացման և ինտենսիվ թերապիայի բոլոր մեթոդները, ներառյալ՝ ինհալյացիոն, ցածր հոսքային անեսթեզիան, ներերակային անեսթեզիան, լայնորեն կիրառվում է շրջանային անզգայացման մեթոդները՝ անզգայացման էպիդուրալ, ողնուղեղային և ողնուղեղային-էպիդուրալ տեսակները: Վիրահատության ժամանակ անզգայացման եղանակն ընտրելիս` յուրաքանչյուր հիվանդին ցուցաբերվում է անհատական մոտեցում: Թոքերի վիրահատությունների ժամանակ կիրառվում է բարձր հաճախականության օսցիլյատորային օդափոխում: Վիրահատության ժամանակ կենսական կարևոր օրգանների և համակարգերի գործունեության հսկողությունն իրականացվում է բարձր հաճախականության մոնիտորինգի համակարգերի օգնությամբ, որոնք թույլ են տալիս գնահատել կենտրոնական հեմոդինամիկայի ցուցանիշները, հսկել անզգայացման խորությունը: Ինտենսիվ թերապիայում կիրառվում են թոքերի արհեստական օդափոխման և շնչառական թերապիայի ժամանակակից մեթոդները, իրականացվում է նաև արտամարմնային թունազերծում: Էքսպրես-լաբորատորիան ապահովում է արյան գազային և էլեկտրոլիտային կազմի, հիմնական կենսաքիմիական պարամետրերի, արյան մակարդման համակարգի ցուցանիշների շուրջօրյա հետազոտությունը: Ժամանակակից սարքավորումներն ու տեխնիկան վիրաբույժներին հնարավորություն են տալիս կատարել ամենաբարդ վիրահատությունները, այդ թվում՝ ուղեկցող ծանր ախտաբանությամբ և ցածր ֆունկցիոնալ պաշարներով հիվանդներին: Անզգայացման բաժանմունքի գործունեության հիմնական սկզբունքն անվտանգ և որակյալ անզգայացման ապահովումն է: