2018թ.մարտի 20-ին Էրեբունի ԲԿ- ում SANOFI և Medtronic ընկերությունների հետ համատեղ, ուղիղ միացմամբ, կազմակերպվեց ինտերակտիվ վեբինար Պաստեր (Տուլուզա) ֆրանսիական կլինիկայի անգիոգրաֆիկ լաբորատորիայի հետ, որտեղից ուղիղ եթերով պրոֆեսոր Ժան Ֆադջադեյը և պրոֆեսոր Բրունո Ֆարայը բարդ կորոնար պաթոլոգիայով հիվանդին ինտերվենցիոն պրոցեդուրա իրականացրեցին, ինչպես նաև անցկացրեցին քննարկում և պատասխանեցին վեբինարի մասնակիցների հարցերին:
Էրեբունի ԲԿ-ից վեբինարն անցկացրեց Էրեբունի ԲԿ-ի Սրտաբանական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Համլետ Հայրապետյանը: Ինչպես հայկական, այնպես էլ ֆրանսիական կողմերից վեբինարի մասնակիցները ինտերվենցիոն սրտաբաններ, ընդհանուր սրտաբաններ, առիթմոլոգներ և կլինիկական օրդինատորներ էին:
Միջամտության ընթացքում անցկացվեց առաջային վայրէջ զարկերակի և առաջին դիագոնալ զարկերակի բիֆուրկացիոն ստենտավորում DK crush տեխնիկայի միջոցով:
Ինտերվենցիոն պրոցեդուրայի հաջող ավարտից հետո ներկայացվեցին ստենտավորման արդյունքները, որից հետո տեղի ունեցավ մասնակիցների վեբինար - քննարկում և հարց - պատասխաններ: Քննարկումների ընթացքում ներկայացվեց ՍԻՀ-ով (սրտի իշեմիկ հիվանդություն) և կորոնար զարկերակների բիֆուրկացիոն ախտահարումով հիվանդի օպտիմալ վարման ռազմավարությունը:
Անոթի լուսանցքում ստենտի օպտիմալ տեղակայումը ճշտելու համար ֆրանսիացի մասնագետների կողմից անցկացվեց և ցուցադրվեց կորոնար զարկերակների վիզուալացումը առաջատար տեխնոլոգիաներից մեկի ` օպտիկական կոգերենտ տոմոգրաֆիայի օգնությամբ:
Տվյալ վեբինարը հերթական միջոցառում էր, որն անցկացվեց Էրեբունի ԲԿ-ի մասնագետների փորձի փոխանակաման և որակավորման բարձրացման նպատակով, ինչը թույլ է տալիս կենտրոնին միշտ առաջատար տեղ զբաղեցնել ժամանակակից բժշկության մեջ: