«Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբույժները փրկել են վերին միջընդերային եւ ազդրային զարկերակի սուր թրոմբոէմբոլիայի համադրությամբ հիվանդին: Վերջին տասնամյակների ընթացքում, չնայած վիրաբուժական սուր հիվանդությունների ախտորոշման եւ բուժման զգալի հաջողություններին, միջընդերային զարկերակների սուր էմբոլիաների հարցում կանխատեսումները մխիթարական չեն, քանի որ այս պատճառով ներհիվանդանոցային մահացությունը կազմում է 59-93 տոկոս: Միջընդերային զարկերակների թրոմէմբոլիայի ավելի քան 20 տոկոս դեպքերում էմբոլիաները բազմաթիվ են լինում, որոնք տեղակայվում են տարբեր զարկերակներում եւ օրգաններում, որը էլ ավելի է վատացնում հիվանդության կանխատեսումը: Որովայնային խոռոչի այս կամ այն օրգանի զարկերակի թրոմբոէմբոլիա կասկածելու դեպքում առաջին հերթին անհրաժեշտ է բացառել միջընդերային զարկերակների էմբոլիան: Արագ ախտորոշումը, վիրաբուժական ճիշտ մոտեցումը եւ ինտենսիվ բուժումը կարող են զգալիորեն բարելավել կանխատեսումները եւ նվազեցնել մահացությունը:
2017 թվականի մարտի 6-ին «Էրեբունի» ԲԿ-ի անհետաձգելի բժշկական օգնության բաժանմունք է դիմել 72 տարեկան Ա. Է.-ն եւ հոսպիտալացվել վերակենդանացման ու ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Հիվանդի բողոքները ի հայտ են եկել եւ զարգացել են ԲԿ դիմելուց մեկ օր առաջ (հիվանդության պատմության մեջ նշված էր, որ նրա մոտ շողացող առիթմիա կա, հետթրոմբոերակաբորբի համախտանիշ):
ՀՏ-անգիոգրաֆիայով պարզվել է ընդհանուր պատկերը՝ որովայնային աորտայի եւ նրա ճյուղերի ստենոզ, վերին միջընդերային զարկերակի աջ ճյուղի էմբոլիա (նկար 1), աջ ազդրի ընդհանուր զարկերակի էմբոլիա (նկար 2), փայծաղի կիստոզային հետինֆարկտային բնույթի առաջացումներ:
Նկար 1
Վերին միջընդերային զարկերակի աջ ճյուղի էմբոլիայի համակարգչային տոմոգրաֆիայի պատկերը
Նկար 2
Փայծաղի կիստոզային հետինֆարկտային բնույթի առաջացումների ՀՏ պատկերը
Ըստ կենսական ցուցանիշների՝ ընդհանուր եւ կրծքավանդակի վիրաբուժական բաժանմունքի ընդհանուր վիրաբույժների խումբը՝ բ.գ.թ, դոցենտ Արտակ Վարդանյանի ղեկավարությամբ նույն օրն իսկ կատարել է միջին լապարոտոմիա: Ինտրավիրահատական ստուգմամբ հայտնաբերվել է բարակ աղիի դիստալային 2/3-ի, ամբողջ իլեումի եւ լայնական աղիի աջ կեսի մեռուկացում (նկար 3):
Նկար 3
Ինտրավիրահատական ստուգմամբ հայտնաբերվել է բարակ աղիի դիստալային 2/3-ի, ամբողջ միջընդերային եւ խթաղիի աջ կեսի մեռուկացում
Կենսունակությունը պահպանված էր միայն բարակ աղիի մոտակա հատվածում՝ 50-60 սմ հեռավորությամբ Տրեյտցի կապից, նաեւ հաստ աղիի ձախ կեսում՝ ներառյալ սիգմայաձեւ եւ ուղիղ աղին (նկար 4):
Նկար 4
Աղիների կենսունակ հատվածը
Կատարվել է աղիների մեռուկացած հատվածների հատում՝ եյունա-տրանսվերզոանաստոմոզի կողք–կողք տեղադրմամբ երկշերտ հանգուցային կարերով: Լապարոտոմային վերքը կարելուց հետո անոթային վիրաբույժների խումբը՝ լազերային եւ անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար, բ.գ.թ. Արամ Բադալյանի ղեկավարությամբ կատարել է աջ ազդրի ընդհանուր եւ խորանիստ զարկերակի էնդարտերեկտոմիա, ալոպրոթեզով պրոֆունդոպլաստիկա (հայտնաբերվել է ազդրի մակերեւութային զարկերակի ելանցքի քրոնիկ օկլյուզիա, էմբոլով փակված էր ազդրի ընդհանուր զարկերակը, առկա էր անոթների կոշտ ֆիբրոկրակալում, այդ թվում՝ ազդրային խորանիստ զարկերակի մինչեւ 5 սմ երկարությամբ (նկար 5):
Նկար 5
Ընդհանուր եւ ազդրային խորանիստ զարկերակի էնդարտերեկտոմիա, ալոպրոթեզով պրոֆունդոպլաստիկա
Հետվիրահատական շրջանը հարթ է ընթացել, աղիների գործունեությունը վերականգնվել է երրորդ օրը: Աջ ստորին վերջույթի սուր իշեմիան ամբողջովին վերացել է՝ առանց հետիշեմիկ բարդությունների: Կրկնակի դոպլեր հետազոտություններից հետո հիվանդը տեղափոխվել է ընդհանուր վիրաբուժական բաժանմունք, որտեղից առողջացած դուրս է գրվել 10-րդ օրը:
Աղիների սուր հիպոպերֆուզիան 4 տեսակ ունի: Ավելի հաճախակի պատճառը (դեպքերի 40-50 տոկոսի) զարկերակային էմբոլիան է: Կարդիոգեն էմբոլիան սուր միջընդերային իշեմիայի առավել տարածված պատճառն է: Հաճախականությամբ 2-րդ տեղը գրավում են սուր միջընդերային թրոմբոզները (25-30 տոկոս): Ոչ օկլյուզիվ միջընդերային իշեմիան առաջանում է սրտի ցածր արտամղման դեպքում՝ համադրված միջընդերային վազոկոնստրիկցիայի դիֆուզիայով: Միջընդերային երակների թրոմբոզը որովայնային խոռոչի օրգանների իշեմիայի համեմատաբար հազվադեպ հանդիպող պատճառ է (10 տոկոսից փոքր-ինչ ավելի): Աորտայից ելքի սուր անկյան եւ մեծ տրամագծի հետ կապված միջընդերային վերին զարկերակը ավելի է ենթակա էմբոլիայիով ախտահարվելուն:
Կատարված հետազոտություններով ընդամենը 2 դեպք է հայտնաբերվել, երբ եղել է միջընդերային զարկերակի եւ ստորին վերջույթի սուր իշեմիայի համադրություն (գրականության մեջ նկարագրված է վերին միջընդերային զարկերակի եւ ուսային զարկերակի թրոմբոէմբոլիայի համադրության դեպք, երբ ուշ ախտորոշումը հանգեցրել է վերին վերջույթի անդամահատման):
Մեծ բարդության, իր տեսակով եզակի վիրաբուժական միջամտությունը, որն իրականացրել է «Էրեբունի» ԲԿ-ի բազմապրոֆիլ, բարձրորակավորման վիրաբույժների խումբը՝ մարտավարության ճիշտ ընտրությամբ եւ պրոֆիլային վիրաբույժների գործողությունների հետեւողականությամբ, ապահովել է ոչ միայն հիվանդի կյանքի փրկությունը, այլեւ կանխել է վերջույթի անդամահատումը եւ նրա հաշմանդամ դառնալը: