Արգանդային զարկերակների էմբոլիզացիան իրականացվում է հատուկ սարքավորումներով կահավորված ռենտգեն-վիրահատարանում, որը հագեցած է անգիոգրաֆիկ սարքով: Էմբոլիզացիան իրականացնում են ոչ թե գինեկոլոգները, այլ էնդովասկուլյար վիրաբուժները: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ արգանդային զարկերակների էմբոլիզացիան պահանջում է անոթային վիրաբուժության և ռադիոլոգիայի ոլորտում որակավորում և անսովոր է վիրահատող գինեկոլոգների համար: Էմբոլիզացիան անցավ միջամտություն է և իրականացվում է տեղային անզգայացման տակ: Միակ միջամտությունը՝ դա աջ ազդրային զարկերակի պունկցիան է: Դրա համար, նովոկաինով կամ լիդոկաինով նախնական տեղային անզգայացումից հետո, ազդրի վերին հատվածում մաշկի փոքր (1,5մմ) անցքի միջոցով զարկերակի մեջ է մտցվում կատետր (1,2մմ), որը ռենտգենոսկոպիկ հսկողության տակ հասցվում է անմիջապես արգանդի զարկերակ:
Արգանդային զարկերակների էմբոլիզացիայի էությունը կայանում է նրանում, որ միոմայի արյունամատակարարումը ապահովող արգանի զարկերակի ճյուղերով դադարեցվում է արյան հոսքը: Սակայն միոմետրիայի առողջ հատվածը մատակարարող ճյուղերը չեն վնասվում: Դա հնարավոր է դառնում միոմայի արյունատար համակարգի յուրահատկությունների շնորհիվ՝ հանգույցների արնամատակարարումը իրականացվում է միոման շրջապատող անոթային ցանցի պերիֆիբրոիդային հյուսակից: Այդ անոթները ունեն 0,5մմ տրամագիծ, այսնքն մի քանի անգամ ավելի մեծ են, քան նորմալ միոմետրիայի զարկերակը: Այդ անոթների մեջ էմբոլիզացիոն մասնկիներ ներարկելուց հետո միոման կորցնում է արնամատակարարումը և տեղի է ունենում նրա փոխարինում շարակցական հյուսվածքով՝ ֆիբրոզ, որը հանգեցնում է միոմայի զգալի փոքրացմանը և/կամ վերացմանը: Արգանդային զարկերակների էմբոլիզացիայի ժամանակ միոմատոզ հանգույցները չեն հեռացվում: Էմբոլիզացիոն մասնիկները խցանում են անոթները, և միոման չորանում է:
Անցած 2015թ.-ի վերջին «Էրեբունի» բժշկական կենտրոնում իրականացվել է արգանդային զարկերակների էմբոլիզացիայի 2 հերթական վիրահատություն:
1978թ.-ին ծնված Է.Մ.-ն 05.11.15թ-ին դիմել է «Էրեբունի» ԲԿ հետևյալ գանգատներով՝ փոքր կոնքի հատվածում ծանրության զգացում, ներքին օրգանների ճնշում, որովայնի փքվածություն և միզուղիների անզսպություն: Պացիենտի մոտ ախտորոշվել էր արգանդի միոմա (որի համար նա ստանում էր դեղորայքային բուժում): Միոման իր չափսերով համապատասխանում էր 20-22 շաբաթական հղիության: Ուղեկցվող հիվանդություններից էին հակաֆոսֆոլիպիդային համախտանիշը, համակարգային կարմիր գայլախտը:
Հաշվի առնելով վերը թվարկվածը, հիվանդին հակացուցված էր բաց վիրահատական բուժումը: Կլինիկա-լաբորատոր հետազոտություններից հետո 05.11.15թ-ին անգիոգրաֆիայի ծառայության ինտերվենցիոն սրտաբան Արսեն Ծատուրյանի կողմից իրականացվեց վիրահատություն՝ արգանդային զարկերակների էմբոլիզացիա 700-900 միկրոմետր տրամագծով էմբոլաշրջանակներով: Էմբոլաշրջանակը իրենից ներկայացնում է բիոհամատեղելի պոլիմերային փոքր շրջանակներ, որը նախատեսված է էմբոլիզացիայի համար:
Հետվիրահատական շրջանը ընթանում էր հարթ, պացիենտի մոտ նկատվում էր հետէմբոլիզացիոն համախտանիշ (ցավեր, սրտխառնոց, փսխում), որը դեղորայքի միջոցով վերացվեց:
Պացիենտը դուրս է գրվել չորրորդ օրը: Վիրահատական միջամտությունից հետո մեկ ամսվա ընթացքում հիվանդի մոտ չեն նկատվել նախավիրահատական գանգատներ: Խորհուրդ է տրվել պարբերական հսկողություն:
Երկրորդ պացիենտը ՝ 1963թ.-ին ծնված Ա.Է.-ն, 04.12.15թ-ին դիմել է կենտրոն հետևյալ գանգատներով՝ արգանդային արնահոսություն, որը նրա մոտ նկատվում էր արդեն մի քանի տարի: Հիվանդի մոտ ախտորոշվել է արգանդի սուբմուկոզ միոմա, ինչպես նաև ուղեկցող հիվանդություններ՝ սրտի ռևմատիկ հիվանդություն, վիճակը աորտայի, միտրալ և տրիկուսպիդալ փականների պրոթեզավորումից հետո, աորտալ փականի արտահայտված ռեստենոզ, ինսուլտ:
Սրտի փականների պրոթեզավորման պատճառով պացիենտը պարբերաբար ընդունել է վարֆարին: Վերը թվարկված պաթոլոգիաների առկայությունը ռիսկային էր դարձնում բաց վիրահատական միջամտությունը:
Ինչպես և առաջին դեպքում անգիոգրաֆիայի ծառայության ինտերվենցիոն սրտաբան Արսեն Ծատուրյանի կողմից 04.12.15թ-ին իրականացվեց վիրահատություն` արգանդային զարկերակների էմբոլիզացիա: Երկրորդ պացիենտի ժամանակ օգտագործվել է 500-700 մկմ տրամագծով Էմբոլաշրջանակներ, քանի որ միոման չափով փոքր էր:
Երկրոդ պացիենտի մոտ չնկատվեց հետէմբոլիզացիոն համախտանիշ և հետվիրահատական շրջանը ընթացավ հարթ, արգանդային արնահոսությունը դադարեց: Հիվանդը դուրս գրվեց չորրորդ օրը:
Արգանդային զարկերակների էմբոլիզացիայի արդյունավետության առաջին դրսևորումներից է ախտանիշների վերացումը: Միջամտությունից անմիջապես հետո կարգավորվում է դաշտանային արնահոսությունը, փոքրանում է դրա ծավալը և տևողությունը: Կոնքի խոռոչի ճնշման ախտանիշները նույնպես քչանում են և վերանում, սակայն այս պրոցեսը ավելի երկարատև է և կարող է շարունակվել մի քանի շաբաթ կամ ամիս: Միոմատոզ հանգույցների և արգանի չափսերի փոքրացումը առավել ակտիվ տեղի է ունենում արգանդային զարկերակների էմբոլիզացիայից 6-8 ամիս հետո: Միջինում մեկ տարվա ընթացքում հանգույցների չափսերը փոքրանում են ավելի քան 4 անգամ: Ոչ շատ մեծ միոմաները ամբողջովին անհետանում են:
Արգանդային զարկերակների էմբոլիզացիայի կարևոր յուրահատկություններից է հիվանդության կրկնության բացակայությունը ինտերվեցիոն միջամտությունից հետո: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ արգանդային զարկերակների էմբոլիզացիայի ազդեցությունը իրականացվում է բոլոր հանգույցների վրա` անկախ դրանց չափսերից: Ներկայումս կան մեծ թվով պացիենտների երկարաժամկետ դիտարկումների դրական տվյալներ`կանանց ավելի քան 98% արգանդային զարկերակների էմբոլիզացիայից հետո արգանդի միոմայի լրացուցիչ բուժման կարիք չունի: