Loading

Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում

03.09.2024

Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ և ծառայություններ ստեղծելու խթան է դառնում:

Հաշվի առնելով թոքի քաղցկեղի տարածվածությունը մեր երկրում վերջերս կենտրոնի Թոքային վիրաբուժության ծառայությունն արդիականացվել, վերակազմակերպվել և վերանվանվել է Թորակալ վիրաբուժական բաժանմունք, որը ղեկավարում է Արմեն Խանոյանը։

Բաժանմունքը վերազինվել է, համալրվել անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և համակարգերով: Վերակազմակերպված բաժանմունքում աշխատում են երիտասարդ, բանիմաց բժիշկներ՝ նոր սկզբունքներով, որոնք հավակնոտ և համարձակ նախագծեր են իրականացնում։

Թորակալ վիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ Սերգեյ Աբրահամյանն առաջին անգամ կատարում է միջնորմի ավշային հանգույցների էնդոբրոնխիալ ուլտրաձայնային հետազոտություն և ավշային հանգույցներից նմուշառմում։ Այս ոչ վիրահատական, աննախադեպ էնդոսկոպիկ միջամտությունը թոքի և միջնորմի ուռուցքների հետազոտության համար է:

Hitachi ARIETTA S60 էնդոբրոնխիալ ուլտրաձայնային համակարգով հատուկ ասեղի օգնությամբ հիվանդի պարանոցային հատվածից վերցվում է ուռուցքի մասին լայնածավալ ինֆորմացիայի աղբյուր ծառայող նմուշը՝ հետագա հյուսվածքաբանական հետազոտության համար: Բրոնխոսկոպին միացված ուլտրաձայնային հաղորդիչն օգնում է նմուշառումը կատարել ճիշտ հատվածից:

Արդյունքում բուժող բժշկը ստանում է հստակ պատկերացում առկա քաղցկեղի փուլի և տեսակի մասին ու կարող է ընտրել բուժման լավագույն մեթոդը հենց այդ դեպքի համար:

Մինչ այս միջամտությունը թոքի ուռուցքի տեսակի, փուլերի, միջնորմի ավշային հանգույցներում մետաստազների հայտնաբերման համար բաց վիրահատական միջամտություն էր կատարվում, ինչը բավականին տրավմատիկ էր և հիվանդները միջամտությունից հետո պետք է երկար ժամանակ մնային բժշկական կենտրոնում։

Հայաստանում եզակի այս միջամտությունն, ըստ մասնագետների, կարևոր քայլ է ոչ միայն «Էրեբունի» բժշկական կենտրոնի, այլև երկրի առողջապահության ոլորտի զարգացման գործում: Այն նոր էջ կբացի ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերման և ճիշտ բուժման մեջ՝ ապահովելով քաղցկեղով հիվանդների հետազոտության ավելի պրոֆեսիոնալ ու միջազգային չափորոշիչներին համապատասխան հնարավորություններ, ինչը կօգնի ժամանակին ու էլ ավելի արդյունավետ բուժօգնություն ցուցաբերել առավել մեծ թվով հիվանդների:

Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում
+374 10 47 11 00
QR
Price list QR