Loading

«Ծառայությունն իր տեսակի մեջ եզակի է հանրապետությունում». Տիգրան Խուդավերդյան

12.03.2014

«Ծառայությունն իր տեսակի մեջ եզակի է հանրապետությունում». Տիգրան Խուդավերդյան

«Էրեբունի» բժշկական կենտրոնի շտապ օգնության ծառայությունն իր գործունեության մեկ տասնամյակից ավելի ժամանակահատվածում հասցրել է աչքի ընկնել բարձր մասնագիտացմամբ, եզակի աշխատելաոճով:

Ծառայության առանձնահատկությունների մասին զրուցեցել ենք «Էրեբունի» բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայության ղեկավար Տիգրան Խուդավերդյանի հետ:

Ամբողջ աշխարհում շտապօգնության ծառայությունը վերաբերում է բնակչության ամենալայն շերտերին: Ինչո՞վ է առանձնանում «Էրեբունի» բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայությունը:

– «Էրեբունի» բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայությունը ստեղծվել է 2001 թվականին Փարիզի Հենրի Մոնդոր համալսարանական կլինիկայի հետ համագործակցության արդյունքում: Այն իր տեսակի մեջ եզակի է հանրապետությունում, առաջին մասնավոր շտապօգնության ծառայությունն է, որը գործում է եվրոպական պրոտոկոլներով:

Շտապօգնության ծառայության գլխավոր առանձնահատկություններից ուզում եմ առանձնացնել այն, որ մենք այսօր կանչեր ենք ընդունում ո՛չ միայն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքից, այլև Լեռնային Ղարաբաղից, Վրաստանից:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայության ղեկավար Տիգրան Խուդավերդյան

Իսկ հաջողվո՞ւմ է նման շառավղով տարածության մեջ մատուցել շտապ օգնություն՝ բառի բուն իմաստով:

– Այո, փորձում ենք առավելագույն արդյունավետություն ապահովել, այդ թվում՝ լուծելով նաև ծանր հիվանդների տեղափոխման խնդիրները: Մենք հիմնական շեշտը դնում ենք մարզերի վրա, և հատկապես վերջին շրջանի փորձը ցույց է տալիս՝ մեզ դիմում են ամենածանր դեպքերի ժամանակ: Լինում են նաև դեպքեր, երբ հիվանդի վիճակը չափազանց ծանր է լինում, կյանքի հետ անհամատեղելի, բայց նույնիսկ նման դեպքերում չենք մերժում, գնում ենք, տեղում բացատրում, որ անիմաստ է տեղափոխելը:

Դա երևի ամենաբարդ նրբությունն է շտապօգնության ծառայության բժշկի աշխատանքում, երբ հիվանդին մահացած կամ վերջին շնչում է հասնում՝ հանդիպելով մեղադրանքների

– Մեր բժիշկները հատուկ պատրաստված են, բացի այդ, երբ պարզ է դառնում, որ հիվանդի վիճակը շատ ծանր է, հարազատների հետ հոգեբանական աշխատանք է տարվում հեռախոսով՝ հերթապահ աշխատակցի կողմից: Դրա շնորհիվ՝ իրավիճակն անհամեմատ մեղմանում է, սովորաբար հակասության չի հասնում:

Ձեր ծառայությունն աչքի է ընկնում հատկապես ավտոմեքենաների տեխնիկական զինվածությամբ…

– Այո, նրանք մշտապես փոխվում են, թարմացվում, վերջերս նոր մեքենաներ ձեռք բերեցինք, որոնք հագեցած են անհետաձգելի բուժօգնության և վերակենդանացման համար անհրաժեշտ բոլոր պարագաներով՝ սկսած դեղորայքից, ի դեպ, ընդգրկում է դեղորայքային ցանկի լայն տեսականի: Ամեն օր հերթապահության են դուրս գալիս երեքական բրիգադներ` ընդհանուր վերակենդանացման, սրտային վերակենդանացման և գծային, ընդհանուր` վիրաբուժական ուղղվածության:

«Ծառայությունն իր տեսակի մեջ եզակի է հանրապետությունում». Տիգրան ԽուդավերդյանՈրքանո՞վ են մատչելի շտապ օգնության ծառայության գները:

– Ծառայությունն ի սկզբանե եղել է վճարովի: Երևանում կանչի արժեքը հաստատված է` 15 000 դրամ, իսկ մարզերը՝ ըստ գնացուցակի, իհարկե՛, անհրաժեշտության դեպքում կիրառվում են զեղչեր: Նշեմ, որ մեկ տարի է, ինչ սուր ինֆարկտի մարզային կանչերը անվճար ենք սպասարկում:

Իսկ ի՞նչ սկզբունքով եք ընտրում մասնագետներին:

– Ծառայության աշխատակազմում ընդգրկված բոլոր մասնագետները մեր կենտրոնի բժիշկներն են` վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքներից, անհրաժեշտության դեպքում բրիգատներում ներգրավվում են նաև նեղ մասնագետները, շտապօգնության կազմակերպման համար առանձնացված մասնագետներ չունենք: Ընդգրկվում են հատկապես երիտասարդ և փորձառու կադրերը:

+374 10 47 11 00
QR
Price list QR