Տուժածը` 1983 թ-ին ծնված Ա.Ա-ն, 2017թ. հոկտեմբերի 18-ին խոշոր ՃՏՊ -ից հետո ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվեց Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք հետևյալ ախտորոշմամբ` Պոլիտրավմա` կրծքավանդակի բութ վնասվածք, աջից ողերի կոտրվածք , թոքերի վնասվածք, ձախ ազդոսկրի փակ բազմաբեկորային կոտրվածք, ձախ ազդոսկրի վզիկի կոտրվածք տեղաշարժով , աջ ազդոսկրի փակ բազմաբեկորային կոտրվածք տեղաշարժով , երկու սրունք-թաթային հոդերի փակ վնասվածքներ , աջ թաթոսկրերի վնասվածքներ, հեմոռագիկ շոկ:
Լաբորատոր և գործիքային հետազոտություններ անցկացնելուց հետո (բազմաօրգան ԿՏ հետազոտություն, ներքին օրգանների սոնոգրաֆիա, ռենտգեն հետազոտություն և այլն) տուժածը ինտուբացվեց, անցկացվեց հակաշոկային և ինտենսիվ թերապիա: Սրունք-թաթային հոդերի շրջանում դրվեցին գիպսակապեր և մեծ ոլոքի թմբկությունից կմախքային ձգում: Հիվանդը գտնվում էր Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանի , Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Վիգեն Մարգարյանի, վնասվածքաբաններ` Ռ.Խ. Այվազյանի և Գ.Ա. Բդոյանի, կրծքային վիրաբույժ Գ.Ս. Սողոմոնյանի, Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Ա.Ս. Բադալյանի և Անեսթեզիոլոգիայի բաժանմունքի վարիչ Լ.Մ. Գաբրիելյանի դինամիկ հսկողության տակ:
Աճող հիդրոթորաքսի կապակցույամբ կատարվեց ձախ պլևրալ խոռոչի դրենավորում: Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի բժիշկ- վնասվածքաբաններ` Ռ.Խ. Այվազյանի և Գ.Ա. Բդոյանի մասնակցությամբ երկու փուլով անցկացվեցին վիրահատան միջամտություններ ,որից առաջինը ` 30.10.17թ. , այնուհետև ` 02.11.17թ.: Կատարվեց ազդոսկրերի օստեոսինթեզներ ինտրամեդուլյար ձողերով:
Բոլոր անցկացված միջոցառումների արդյունքում , հիվանդի մոտ նկատվեց դրական դինամիկա, որից հետո 03.11.17թ-ին նա տեղափոխվեց օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունք , որտեղ շարունակեց բուժումը և անցավ վերականգնողական կուրս: Սրունք-թաթային հոդերի գիպսային իմմոբիլիզացիաները շարունակվում են:
13.11.2017թ. հիվանդը դուրս գրվեց հիվանդանոցից բավարար վիճակում վնասվածքաբանի ամբուլատոր հսկողության տակ: Գիպսակապը հանելուց և ռենտգենյան պատկերները դիտարկելուց հետո խորհուրդ տրվեց քայլել հենակով:
Հարկ է նշել, որ նման տեսակի վնասվածքները հանգեցնում են ծանր հետևանքների, անգամ ավարտվում են մահացու ելքով: Սակայն, ճիշտ ժամանակին բուժօգնություն ցուցաբերելը, ինտենսիվ թերապիան և Էրեբունի ԲԿ-ի բժիշկների պրոֆեսիոնալիզմի և թիմային համաձայնեցված աշխատանքի շնորհիվ հաջողվեց ևս մի մարդկային կյանք փրկել:
Սույն թվականի դեկտեմբերի վերջին պացիենտը անցավ հերթական ռենտգեն հետազոտությունը:
Պացիենտը տեղաշարժվում է քայլակի օգնությամբ: Կյանքը շարունակվում է: