«Էրեբունի» բժշկական կենտրոնը մշտապես համագործակցում է մարզային բժշկական հաստատությունների հետ, կազմակերպում տարատեսակ հանդիպումներ, քննարկումներ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Այս նախաձեռնությունը հիմնականում իրականացվում է մարզպետարանների առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների հետ միասին:
Հերթական հանդիպումը կայացել է Վանաձորում: Այս անգամ «Էրեբունի» ԲԿ-ի բժիշկները տեղի մասնագետներին են ներկայացրել նյարդաբանական մի շարք հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդները, ուղիներն ու խնդիրները:
«Բուժման արդի մոտեցումները նյարդաբանության մեջ» թեմայով գիտաժողովի մասնակիցներին ողջունել են «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը և Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը:
Գիտաժողովի ընթացքում «Էրեբունի» ԲԿ-ի նյարդաբանական և նյարդաանոթային ծառայության մասնագետները Լոռու մարզի ավելի քան 70 մասնագետներին` նյարդաբաններին, թերապևտներին և ընտանեկան բժիշկներին են ներկայացրել ցրված սկլերոզի ախտորոշման, բուժման, կաթվածների սուր փուլի վարման ժամանակակից մոտեցումները, էպիլեպտիկ ցնցումների տեսակները, դրանց տարբերակման եղանակներն, ինչպես նաև պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդությունները և դրանց ախտորոշման առանձնահատկությունները: Մասնագետներին են ներկայացվել են նաև քնային և ողնաշարային զարկերակների վրա կաթվածի կանխարգելիչ վիրահատությունները:
Գիտաժողովի ավարտին մասնակիցներին հանձնվել են ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված վկայականներ, ինչպես նաև Շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ: