Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Դիլիջանի «Տավուշ» բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնի ղեկավարությունը վարչապետին տեղեկացրել է, որ բուժկենտրոնը հագեցված է ժամանակակից սարքավորումներով և այստեղ մատուցվում են բժշկական այնպիսի որակյալ ծառայություններ, որոնք հնարավորություն են տալիս քաղաքացիներին բուժման նպատակով այլևս չուղևորվել Երևան: Դրան նպաստում է նաև գնային քաղաքականությունը: Նշվել է նաև, որ ԲԿ-ի ծառայություններից օգտվում են նաև Սևանի, Իջևանի, Վանաձորի և հարակից այլ համայնքների բնակիչները: Կառավարության ղեկավարը կարևորել է տարածաշրջաններում նման բժշկական հաստատությունների առկայությունն ու ընդգծել, որ առողջապահության ոլորտը գտնվելու է գործադիրի ուշադրության կենտրոնում: Միաժամանակ, վարչապետը կարևորել է առողջապահական ապահովագրական համակարգի ներդրումն ու այդ ուղղությամբ քայլերի իրականացումը։