Loading

Գլխուղեղի կաթվածի դեղորայքային բուժում. «Էրեբունի» բժշկական կենտրոնում ևս մեկ անգամ ապացուցվեց մեթոդի արդյունավետությունը

30.10.2014

Գլխուղեղի  կաթվածի դեղորայքային բուժում.  «Էրեբունի» բժշկական կենտրոնում ևս մեկ անգամ ապացուցվեց մեթոդի արդյունավետությունը

Օրեր առաջ «Էրեբունի» բժշկական կենտրոն գլխուղեղի կաթվածով դիմած հիվանդին հաջողվել է փրկել հաշմանդամությունից: Դեպքի և կիրառված մեթոդի մասին ավելի մանրամասն զրուցեցինք «Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդհանուր և էնդովասկուլյար նյարդավիրաբույժ Դավիդ Սահակյանի հետ:

Բժիշկ Սահակյան, ներկայացրեք, խնդրե՛մ, դեպքի մանրամասները…

– «Էրեբունի» բժշկական կենտրոն էր ընդունվել 62-ամյա տղամարդ` խոսքի խանգարումով, ձախ ձեռքի և դեմքի ձախ կեսի մկանների խիստ արտահայտված թուլությամբ: Նյարդաբանական քննությամբ հայտնաբերվեց նաև, որ հիվանդը ի վիճակի չէ հայացքը թեքել դեպի ձախ՝ հարկադրաբար հայացքը հառում է դեպի աջ, չի տեսնում իր տեսադաշտի ձախ կեսը, ինչպես նաև հիվանդը դժվարությամբ է զգում մարմնի ձախ կեսը: Հարազատները նշում էին, որ ընդամենը 2 ժամ առաջ հիվանդին տեսել են առողջ վիճակում՝ առանց որևէ գանգատի:

-– Ավելի մատչելի լինելու համար, սկսենք սկզբից. ի՞նչ է իշեմիկ ինսուլտը:

– Գլխուղեղի իշեմիկ կաթվածը (ինսուլտը) գլխուղեղի հյուսվածքի վնասումն է արյունամատակարարման խանգարման հետևանքով: Հիմնականում դա պայմանավորված է լինում արյան մակարդուկով, որը խցանում է արյունատար անոթը: Ուղեղային հյուսվածքը շատ զգայուն է թթվածնի և սննդանյութերի անբավարարության հանդեպ, ուստի արյունամատակարարման դադարից մի քանի րոպե անց նյարդային բջիջները սկսում են մահանալ: Դա սկսվում նրանից, որ նյարդային բջիջները դադարում են նյարդային ազդակներ ուղարկել, ինչի պատճառով մենք արդեն տեսնում ենք հիվանդի մոտ նկատելի նյարդաբանական փոփոխություններ: Եթե հասցնենք վերականգնել արյունամատակարարումը մինչև բջիջների անդառնալի վնասումը, հնարավոր է, որ նրանք վերականգնվեն, սակայն, ինչպես նշեցի, նյարդային բջիջներն առանց արյունամատակարարման մահանում են հաշված րոպեների ընթացքում: Բարեբախտաբար, ուղեղային հյուսվածքում գոյություն ունի, այսպես կոչված, շրջանցիկ արյունամատակարարում հարևան զարկերակների կողմից, և զարկերակներից մեկի խցանման դեպքում ուղեղի այդ հատվածը մասամբ ստանում է արյունամատակարարում շրջակա ավազաններից: Վերջին հանգամանքը ժամանակավորապես դանդաղեցնում է նյարդային հյուսվածքի մահը:

Այսպիսով, զարկերակի խցանումից անմիջապես հետո ուղեղում առաջանում է 2 հիմնական զոնա՝ մեծ զոնա, որտեղ կան դեռ կենսունակ, սակայն իր ֆունկցիան դադարեցրած բջիջներ (մենք անվանում ենք այդ զոնան պենումբրա) և կենտրոնում արդեն մահացած ուղեղային բջիջների զոնա (կամ կորիզը) (տես նկարը): Ժամանակի ընթացքում կորիզը մեծանում է, քանի դեռ չի գրավել ամբողջ պենումբրան, և այդ դեպքում հիվանդի կորցրած նյարդային ֆունկցիաները լինում են անվերադարձ: Այդ պատճառով շատ կարևոր է ուղեղի կաթվածի դեպքում հրատապ վերականգնել անոթի անցանելիությունը:

Փորձենք ևս մեկ անգամ նշել հիմնական գանգատները, որոնց առկայության դեպքում պետք է շտապ դիմել հիվանդանոց:

– Գանգատները. դեմքի ծռվածություն կամ թմրածություն, ձեռքի, ոտքի թուլություն կամ թմրածություն, խոսքի խանգարում,երբեմն դիտվում է գլխապտույտ, սրտխառնոց կամ փսխում, տեսողության խանգարում, գիտակցության մթագնում: Ցանկալի է այս գանգատներն ի հայտ գալուն պես անհապաղ դիմել գլխուղեղի կաթվածներով զբաղվող մասնագիտացված կենտրոն:

Այդ դեպքում ի՞նչ է հաջողվում անել բժիշկներին:

– Գլխուղեղի իշեմիկ կաթվածների բուժման հարցում նոր էջ բացեց նորագույն դեղամիջոցի, այսպես կոչված՝ «Ալտեպլազայի», ասպարեզ գալը: Վերջինս իրենից ներկայացնում է հյուսվածքային պլազմինոգենի ռեկոմբինացված ակտիվատոր և օրգանիզմ ներմուծվելու դեպքում ագրեսիվորեն քայքայում է արյան մակարդուկները՝ այդ թվում ուղեղի կաթվածն առաջացնող մակարդուկը: Այս դեպքում բուժման նպատակն է արագ կերպով քայքայել խցանող մակարդուկը, վերականգնել արյունամատակարարումը և փրկել պենումբրան (դեռևս կենսունակ հյուսվածքը)՝ կանգնեցնելով կորիզի (մահացած հյուսվածքի զոնա) աճը: Այդ իսկ պատճառով դեղամիջոցի արդյունավետությունը խիստ կերպով կախված է նրանից, թե որքան շուտ է սկսվում բուժումը: Կատարված բազմաթիվ կլինիկական հետազոտությունների հիման վրա մշակվել է ուղեցույց, ըստ որի մենք ներկայում հնարավորություն ունենք գլխուղեղի կաթվածի ախտանիշների ի հայտ գալուց առավելագույնս առաջին 3-4.5 ժամվա ընթացքում կիրառել «Ալտեպլազան»: Վերջինիս նշված ժամանակահատվածում ներերակային ներարկման դեպքում նշանակալիորեն նվազում է հիվանդների մահացությունը և հաշմանդամությունը, արագանում ռեաբիլիտացիան և մեծանում հիվանդին նորմալ կյանքին վերադարձնելու հավանականությունը:

Սակայն «Ալտեպլազայի» կիրառումն ունի նաև որոշակի ռիսկեր, որոնցից ամենակարևորը արյունազեման առաջացման վտանգն է: Այդ իսկ պատճառով «Ալտեպլազան» պետք է կիրառվի միայն հատուկ մասնագիտացված կենտրոնում, հատուկ պատրաստված մասնագետների կողմից:

Վերադառնանք իշեմիկ ինսուլտով պացիենտին: Ի՞նչ գործընթաց է անցնում պացիենտը կլինիկա մուտք գործելուն պես:

– «Էրեբունի» բժշկական կենտրոն գլխուղեղի կաթվածի կասկածով հիվանդ ընդունվելիս՝ առաջին հերթին կատարվում է գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ): Վերջինս ամենաարագ և հուսալի մեթոդն է՝ տարբերակելու գլխուղեղի իշեմիկ կաթվածն արյունազեղումից, որը ևս կարող է ունենալ նմանատիպ կլինիկական պատկեր, սակայն վերջինիս բուժումը խիստ տարբերվում է: Հաջորդ հետազոտությունը, որը մենք կիրառեցինք մեր պացիենտի դեպքում, ՀՏ անգիոգրաֆիան է՝ հետազոտելու գլխուղեղի անոթային համակարգը: Անհրաժեշտ հետազոտությունների ավարտից հետո հիվանդի հարազատներին ներկայացվեց հիվանդության էությունը, հնարավոր բուժման տարբերակները և դրանց հետ կապված ռիսկերը: Հիվանդի հարազատների համաձայնությունը ստանալուց հետո հիվանդը տեղափոխվեց վերակենդանացման բաժանմունք, որտեղ խիստ մոնիտորինգի պայմաննորում կատարվեց «Ալտեպլազայի» ներերակային ներարկում: Ընդհանուր գործընթացը տևեց մոտ մեկ ժամ, որից հետո արդեն հիվանդը լիարժեք շարժում էր ձեռքը, աչքերը, վերականգնվել էր տեսողությունը, խոսքը: Ներարկումից 24 ժամ անց կատարվեց կրկնակի ՀՏ հետազոտություն, որով հայտնաբերվեց գլուղեղի հյուսվածքի միայն աննշան վնասման զոնա: Հիվանդը տեղափոխվեց հիվանդասենյակ և նույն օրը սկսեց քայլել, իսկ կաթվածի ախտորոշումից 4 օր անց դուրս գրվեց կլինիկայից:

Հետագա ի՞նչ բուժում է պահանջվում:

Գլխուղեղի կաթվածների բուժման հարցում մեծ կարևորություն ունեն նաև վերականգնողական և կաթվածների կանխարգելմանն ուղղված բուժումը: Ցավոք, միշտ չէ, որ հիվանդը լիարժեք վերականգնվում է՝ նույնիսկ Ալտեպլազայի ներարկումից կամ այլ անհրաժեշտ միջոցառումներից հետո: Դրա հիմնական պատճառն ուղեղային հյուսվածքի շատ արագ վնասումն է, իսկ հիվանդները հաճախ ուշացումով են հասնում կլինիկա: Այս դեպքում մեծ դեր է խաղում վերականգնողական բուժումը, որը թույլ է տալիս որոշակի չափով վերականգնել հիվանդի նյարդաբանական ֆունկցիաները՝ օգտագործելով կենդանի մնացած ուղեղային հյուսվածքը: Վերականգնման գործընթացն այս դեպքում կարող է տևել ամիսներ և հաճախ՝ ոչ լիարժեք:

Մեծ է նաև կաթվածների առաջնային և երկրորդային կանխարգելմանն ուղղված միջոցառումների դերը: Ցանկացած կաթվածին նախորդում է օրգանիզմում կատարվուղ ախտաբանական փոփոխությունների շղթա, որի օղակների հայտնաբերումը և շտկումը նկատելիորեն նվազեցնում է կաթածի ռիսկը:

«Էրեբունի» բժշկական կենտրոնը ներկայում զինված է գլխուղեղի կաթվածների դեպքում բազմակողմանի և լիարժեք բժշկական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ մասնագետներով, տեխնիկայով և դեղորայքով, որոնց թվում է նաև «Ալտեպլազան»: Մեր կենտրոնում մեծ ուշադրություն է դարձվում թե´ կաթվածի հրատապ բուժմանը, թե´ հնարավորինս շուտ սկսվող վերականգնողական և կանխարգելիչ բուժական միջոցառումներին:

Մատչելիության տեսանկյունից՝ մեթոդը հասանելի՞ է լայն զանգվածներին:

– Ցավոք, ֆինանսական առումով այս մեթոդը լայն զանգվածներին հասանելի չի կարող լինել, քանի որ ամբողջ աշխարհում այն ունի արդեն սահմանված բավականին բարձր գին: Դեղն արժե 800.000 դրամ: Ներկայում Հայաստանում կատարվում են քայլեր, որպեսզի դեղի և միջամտության հետ կապված ծախսերը ներգրավվեն պետական ֆինանսավորման մեջ:

Անհրաժեշտ է նշել, որ կատարված բազմաթիվ հետազոտությունների արդյունքում հաստատվել է ֆինանսական առումով «Ալտեպլազայի» կիրառման առավել արդյունավետությունը, քանի որ, չնայած սկզբնական մեծ ծախսերի, խիստ նվազում են վերակագնողական բուժման հետ կապված հետագա ծախսերը, որոնք, ինչպես արդեն նշեցի տևում են ամիսներ, ընդ որում, նվազում է հաշմանդամության տոկոսը՝ հնարավորություն տալով մադկանց՝ վերադառնալ աշխատանքի և, ամենակարևորը, նվազում է մահացությունը. մարդիկ ընտանիք են վերադառնում:

Ես հորդորում եմ բոլորին, ճանաչե´ք կաթվածի հանկարծակի առաջացող ախտանշանները (թուլություն, խոսքի խանգարում, տեսողության վատացում, գլխապտույտ, գլխացավ) և ի հայտ գալուն պես անհապաղ դիմեք բուժօգնության: Կաթվածի դեպքում կորցրած ամեն վայրկյանի համար վճարում ենք ուղեղային հյուսվածքով:

+374 10 47 11 00
QR
Price list QR