Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության:
Առաջին անգամ Հայաստանում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում, բժիշկներն անհետաձգելի բուժօգնության մասնագետի որակավորում են ստանում: ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Եյլի համալսարանի բժշկական դպրոցի անհետաձգելի և շտապօգնության ամբիոնի դոցենտ, մեր հայրենակից Շերոն Անուշ Չեքիջյանի հետ միասին «Էրեբունին» նոր ծրագիր է ներդնում:
«Էրեբունու» այս դասընթացը նպաստելու է Հայաստանում անհետաձգելի բուժօգնության բոլորովին նոր՝ աշխարհում ընդունված մոդելի ստեղծմանը: Վարկյանների ընթացքում ճիշտ կողմնորոշում, պրոֆեսիոնալ և արագ գործելաոճ պահանջող նման մասնագետի որակավորում Հայաստանում մինչև այժմ երբևէ չեն ստացել:
Այս դեպքում «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետները կյանք փրկելու գործառույթներ են իրականացնում մուլյաժի վրա՝ փորձնական: Այս դասի թեման թորակալ վիրաբուժությունն է: Ընդհանուր առմամբ դասընթացը վերաբերելու է բոլոր ոլորտներին՝ սրտաբանությունից մինչև գաստրոէնտերոլոգիա:
Նախկինում Emergency ծառայություն էին հրավիրվում նեղ մասնագետներ, որպեսզի զննեին հենց նոր կենտրոն տեղափոխված հիվանդին, պարզեին խնդիրը: Այս դեպքում հիվանդի զննումը, հետազոտությունների կամ բուժման նշանակումն իրականացնելու է մեկ մասնագետ: Սա ինչ խոսք, արագացնելու է ամբողջ գործընթացը, երբ րոպեներն անգամ կյանքի գին ունեն:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի բժշկական օգնության բաժանմունքը հանրապետությունում տարբերվում է ինչպես կառուցվածքով, աշխատելաոճով, այնպես էլ սարքավորումներով և համակարգերով:
Հայաստանի հեռու և մոտիկ մարզերից, Երևանից ամեն օր հարյուրավոր հիվանդներ են դիմում այս ծառայություն և արագ բուժօգնություն ստանում:
Ընտրված 13 ուղղությունով խորացված գիտելիքները, արտասահմանցի գործընկերների փոխանցած փորձն ու վարպետությունը կօգնեն «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկներին նոր ծառայությունը միջազգային բարձր նշաձողի հասցնել և Հայաստանում բարձրացնել անհետաձգելի բուժօգնության մատուցման որակը:
Այս ամենի հիմնական և միակ նպատակը բուժառուի շահն է. ճիշտ կողմորոշվել, արագ գործել, կյանքեր փրկել: