Բելառուսի ազգային ուռուցքաբանության կենտրոնի ճառագայթաբանության ծառայության ղեկավար Վալենտին Դզյուբանը մի քանի օր շարունակ «Էրեբունի» բժշկական կենտրոնում համակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ իրականացնում էր ախտորոշիչ հետազոտություններ, ում հետ զրուցեցինք համակարգչային տոմոգրաֆիայի առանձնահատկությունների, առավելությունների և այդ ուղղության մեջ վերջին մի քանի տարիների ձեռքբերումների մասին:
– Կառանձնացնե՞ք համակարգչային տոմոգրաֆիայի 3 կարևոր առավելություն, եթե այն համեմատենք ախտորոշիչ այլ մեթոդների հետ:
– Առավելություն է, որ համակարգչային շերտագրումը տալիս է համապարփակ անատոմիական տեղեկատվություն մարդու ամբողջ օրգանիզմի մասին` ոտնաթաթից մինչև գլուխ: Հաջորդ առավելությունը պատկերի արագ՝ մի քանի վայրկյանում, ստանալն է, որը նպաստում է բուժման օպերատիվ կազմակերպմանը, ինչն օգնում է խուսափել ուշացման դեպքերում հնարավոր մոտակա բարդություններից և բարձրացնում արդյունավետության մակարդակը: Կան հիվանդներ, ում կյանքի համար կարևոր են անգամ վայրկյանները: 3-րդ առավելությունը հստակությունն է: Պատկերի վրա անատոմիական տեղեկատվությունը չափազանց հստակ է: Մենք կարող ենք կետ առ կետ տեսնել մարդու օրգանիզմը` առանց դժվար վերծանության կամ տեխնիկական խնդրի:
– Ո՞ր հիվանդությունների դեպքում է տոմոգրաֆիան անխուսափելի:
– Դժվար է միանշանակ պատասխանել, քանի որ կան դեպքեր, երբ համակարգչային շերտագրումն անհրաժեշտություն է, և կան դեպքեր, երբ ցանկալի է: Գլխուղեղի արյան շրջանառության խաթարման դեպքում կաթվածը կանխորոշելու համար համակարգչային շերտագրումն անխուսափելի է: Համակարգչային տոմոգրաֆիան անփոխարինելի է թոքային զարկերակի, թրոմբո-էմբոլիաների, վնասվածքների, կոտրվածքների, մի շարք ուռուցքաբանական խնդիրների դեպքում, երբ անհրաժեշտ է ստույգ պատկեր: Բժշկական շատ քիչ ոլորտներ կան, որտեղ համակարգչային տոմոգրաֆիան լրացուցիչ դեր ունի կամ, առհասարակ, ահրաժեշտությունը չկա:
– Ի՞նչ ձեռքբերումներ են գրանցվել համակարգչային տոմոգրաֆիայի ասպարեզում վերջին տարիներին:
– Համակարգչային տոմոգրաֆիայի պատմությունն այնքան էլ երկար չէ: 1973թ. էր, երբ Ռեյմոն Դամադյանը գիտության մեջ ներդրեց նոր ախտորոշիչ էլեկտրասարք՝ համակարգչային տոմոգրաֆիա: 1975 թվականից համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով հնարավոր դարձավ քաղցկեղի ախտորոշումից բացի դիտարկել նաև մարդու ամբողջ օրգանիզմը, սկսվեց համակարգչային տոմոգրաֆիայի զարգացման պատմությունը: Վերջին տարիներին հայտնագործվեց պարույրով աշխատող համակարգչային տոմոգրաֆը, որը թույլ տվեց օրգանիզմն ուսումնասիրել անընդմեջ՝ առանց ընդհատումների: Հետագայում հայտնվեցին մի քանի պարույրանոց տոմոգրաֆները, որոնք ավելի կարճ ու ավելի հստակ դարձրին համակարգչային շերտագրումը: Այսօր տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս հետազոտել մարդու ամբողջ օրգանիզմը 2-3 վայրկյանում:
– Ամբողջ աշխարհում հիվանդներն մտահոգող ամենահրատապ խնդիրը մնում է համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքում ճառագայթումը …Ի՞նչ առաջընթաց կա այս հարցում:
– Ամերիկայում յուրաքանչյուր 5-րդ քաղաքացին ամեն տարի համակարգչային շերտագրում է անցնում: Եթե բժշկական ճառագայթման այս թիվը շարունակի աճել, (բժշկական ճառագայթման հիմնական աղբյուրը համակարգչային տոմոգրաֆիան է), ապա 20 տարի հետո ԱՄՆ-ում յուրաքանչյուր 50-րդ քաղցկեղը պայմանավորված կլինի բժշկական ճառագայթումով: Ամբողջ աշխարհում համակարգչային տոմոգրաֆիայի զարգացման հիմքում դրված է լուսային ճառագայթման չափաբաժնի նվազումը: Վերջին տարիների ձեռքբերումներից ամենագլխավորը ճառագայթման մակարդակի նվազումն է, որը, եթե համեմատենք 70-ականների հետ, նվազել է մոտ 50%-ով:
– Ձեր այցի շրջանակներում նկատած կլինեք, թե Հայաստանում մեծամասամբ ի՞նչ գանգատներով պացիենտներ են համակարգչային շերտագրում անցնում:
– Տարբեր բժշկական հաստատություններում դիմող պացիենտների գանգատները տարբեր են: «Էրեբունի» բժշկական կենտրոնում գերակշռում են կենտրոնական նյարդային համակարգի, գլխուղեղի, գլխուղեղի անոթների հետազոտությունները: Ինչպես ամբողջ աշխարհում, կարևորությամբ հաջորդում են կրծքավանդակի, թոքերի հետազոտությունները:
– Համոզված եմ` Ձեր պրակտիկայում եղել են դեպքեր, որոնք տպավորվել են…
– Որպես ուռուցքաբան, իհարկե ամենատպավորիչ դեպքերն ինձ համար ուռուցքների կանգը կամ անհետացումն է` առանց որևէ բուժման կամ միջամտության: Դրանք եզակի դեպքեր են, բայց ապացուցում են մարդու օրգանիզմի անկանխատեսելիությունն ու անսահմանափակ հնարավորությունները: