Օրերս հերթական բարի լուրն է գրանցվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում. 30-ամյա կինը 3-րդ անգամ զույգ տղաներ է լույս աշխարհ բերել: Նաիրա Բաղդասարյանը լրագրողներին պատմել է, որ իր և ամուսնու՝ Դավիթ Սահակյանի համար 3-րդ զույգի մասին լուրը անսպասելի է եղել:
– Տիկին Բաղդասարյան, ի՞նչ զգացողություններ ունեք այս պահին:
– Հպարտ եմ, որ ապագա 6 զինվորի մայր եմ:
– Հավանաբար, կա մեծ պատասխանատվության զգացողություն:
– Այո՝ շատ մեծ պատասխանատվություն: Ես և ամուսինս նրանց հայրենասիրական ոգով ենք դաստիարակում, որպեսզի ապագայում նրանք լինեն և′ լավ մարդ, և′ լավ զինվոր:
– Ձեր ազգակիցների մեջ կա՞ն զույգեր, թե…
– Այո′, և′ ամուսնուս, և′ իմ ազգակիցների մեջ զույգեր կան, սակայն մեր դեպքն այլ է:
– Ինչպե՞ս ընթացավ հղիությունը:
– Հղիությունս նորմալ է ընթացել: Ամբողջ հղիության ընթացքում շրջապատված եմ եղել պրոֆեսիոնալ բժիշկներով ու հոգատար հարազատ մարդկանցով:
– Երեխայի սեռը Ձեզ համար կարևո՞ր էր:
– Ո′չ, մեզ համար կարևորը՝ առողջ բալիկ ունենալն էր: Իհարկե, այս անգամ ցանկալի կլիներ, որ աղջիկներ լինեին:
– Նախատեսո՞ւմ եք:
– Եթե Աստված կամենա…
– Ե՞րբ իմացաք, որ երրորդն էլ զույգ է, չզարմացա՞ք:
– Անհավատալի թվաց...
Զրուցեցինք տիկին Բաղդասրյանի ամուսնու՝ Դավիթ Սահակյանի հետ:
– Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Էրեբունի» բժշկական կենտրոնի ամբողջ բժշկական անձնակազմին, տնօրինությանը: Առաջին իսկ օրվանից բուժանձնակազմը բարձր մակարդակով ընդունեց մեզ և բացառիկ վերաբերմունք ցուցաբերեց մեր հանդեպ:
Մենք Տավուշի մարզի՝ Դիտավան գյուղից ենք, սակայն ներկայում բնակվում ենք Իջևանում՝ ազգակիցներիս մեկի տանը, որն այս պահին գտնվում է ՌԴ-ում: Բնակարանի խնդիր ունենք: Այդ հարցով բազմիցս դիմել եմ պատկան մարմիններին, առայժմ որևէ արձագանք չի եղել:
– Որոշե՞լ եք, թե ինչ անուններ են կրելու նորածինները:
– Մոտ օրերս կհրապարակեմ:
Զրուցեցինք «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանի հետ:
– Դեպքը բացառիկ է նրանով, որ երեք անգամ կինը լույս աշխարհ է բերել զույգ տղաներ: Հղիությունները միշտ եղել են բնական ճանապարհով: Սա, իհարկե, երջանիկ զուգադիպություն կարելի է համարել:
– Ինչպե՞ս եք գնահատում տիկին Բաղդասարյանի առողջական վիճակը:
– Ե՛վ մոր, և՛ երեխաների առողջական վիճակը գնահատում եմ բավարար: Երեխաներն ունեն լավ քաշ՝ 2 կգ 800 գրամ և 2 կգ 600 գրամ:
– Ինչպե՞ս է ընթացել վիրահատությունը:
– Վիրահատությունն ընթացել է հարթ: 12 ժամ անց քայլել է և իրեն լավ է զգում: Ի դեպ, կեսարյան հատումից հետո, սովորաբար, նման դեպքերում, բժիշկը խորհուրդ է տալիս պացիենտին ստերիլիզացիա կատարել, սակայն նրանք հրաժարվել են: Այդ քայլը ես ողջունեցի:
– Ի դեպ, վերջին շրջանում ավելացել են զույգերն ու եռյակները:
– Այո, այս տարի 70 զույգ երեխայի ծնունդ ենք ունեցել և 5 եռյակ: Եռյակների շատացումը պայմանավորված է գիտության զարգացման հետ՝ նկատի ունեմ, արտամարամնային բեղմնավորումը: