Օրերս «Էրեբունի» բժշկական կենտրոնում բացառիկ դեպք է գրանցվել` հերթական բարի լուրը. 52-ամյա կինն իր առաջնեկին է լույս աշխարհ բերել: Մասնագիտությամբ մանկավարժ Զինաիդա Վարդերեսյանը լրագրողներին պատմել է, որ այս օրվան նա երկար է սպասել:
– Անչափ շնորհակալ եմ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ամբողջ անձնակազմին` նման բարձր մակարդակի ծառայություն մատուցելու համար: Այսպիսի մի խոսք կա. ասում են, եթե ուզում ես մի համակարգ քանդես` նշանակի ապաշնորհ ղեկավար: Այստեղ ճիշտ հակառակն է. կենտրոնն ունի հրաշալի ղեկավար:
– Տիկին Զինաիդա, ինչպե՞ս անցավ հղիության ընթացքը:
– Հղիության ընթացքը նորմալ է անցել: Ավելի շատ վախենում էի կեսարյան հատումից: Ճիշտն ասած, ինքս բացառիկ դեպք չեմ համարում, սակայն կոչ եմ անում բոլոր հայ կանանց ժամանակին ամուսնանալ և լույս աշխարհ բերել հնարավորինս շատ երեխաներ՝ ազգային գենոֆոնդը հարստացնելու նպատակով:
– Արդեն որոշվա՞ծ է երեխայի անունը:
– Այո՛, Մհեր` մեր ազգային էպոսի հերոսի պատվին: Այդ անունը հազվադեպ է հանդիպում:
– Երեխայի սեռը Ձեզ համար նշանակություն ունե՞ր...
– Ինձ համար միևնույնն էր, կարևորը` երեխա ունենալն էր: Բայց շատ ուրախ եմ, որ տղա երեխա ունեցա, թեպետ, աղջիկն էլ հաճելի կլիներ: Պետք է խոստովանեմ, որ արդեն նախանձով եմ նայում այն ծնողներին, ովքեր աղջիկ են ունեցել (ժպտում է.- հեղինակ):
– Գուցե հաջորդն ե՞ք նախատեսում...
– Եթե Աստված տա... Իհարկե՛, թեկուզ մեծ եմ... կա մեղքի զգացողություն երեխայի նկատմամբ…
Զրուցեցինք նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով տնօրենի տեղակալ Անդրանիկ Պողոսյանի հետ:
– «Էրեբունի» բժշկական կենտրոն Զինաիդա Վարդերեսյանը դիմել էր արտամարմնային հղիությունից հետո: 52 տարեկան կնոջ մոտ չէր կարող բնական ճանապարհով հղիություն լինել:
– Բացառի՞կ դեպք է:
– Իհարկե՛, դեպք, որը հաճախակի չի հանդիպում, թեկուզ վերջին 2-3 տարվա ընթացքում նման դեպքերը մեզ մոտ շատացել են: Դա պայմանավորված է գիտության զարգացմամբ: Վերջին մեկ տարվա ընթացքում մենք ունեցել ենք մոտավորապես հարյուրից ավելի ծննդաբերության դեպք, որոնք արտամարմնային հղիության արդյունք են եղել:
– Ինչպե՞ս է ընթացել հղիությունը: Ի՞նչ ռիսկեր կային տիկին Զինաիդայի մոտ:
– Հղիությունը, կարելի է ասել, ընթացել է հարթ: Ռիսկային է եղել այն առումով, որ այս տարիքում կինը կարող էր վիժել, վաղաժամ ծննդաբերություն սկսվեր, պտղի հետ ներարգանդային խնդիրներ առաջանար, թերզարգացում գրանցվեր և այլ մանկաբարձական պաթոլոգիաներ ի հայտ գալ: Ի սկզբանե բացառել ենք քրոմոսոմային ախտաբանությունը, Դաունի համախտանիշը, վիժման նշաններ կնոջ մոտ չեն գրանցվել: Եվ ամենակարևոր ռիսկերից մեկը՝ հղիության վերջում հնարավոր էր արյան բարձր զարկերակային ճնշում զարգանար, որը կարող էր բերել պրեէկլամպսիայի:
– Որպես ծննդալուծման եղանակ ընտրել էիք կեսարյան հատումը, ռիսկերը շա՞տ էին:
– Բնականաբար: Ընտրել էինք կեսարյան հատման ճանապարհը, քանի որ ինքնուրույն նա չեր կարող ծննդաբերել, թեպետ նման տարիքում կեսարյան հատումն էլ մեծ ռիսկ է. չէր բացառվում արգանդի հեռացման խնդիր առաջանար, արյունահոսություն սկսվեր և այլն: Սակայն, ի ուրախություն բոլորիս, ոչ մի խնդիր չենք ունեցել: Շատ սիրուն տղա է ծնվել. քաշը՝ 3 կգ., հասակը` 51 սմ: Երեխան ակտիվ է: