Ծառայությունը գործում է 2011 թվականից: Ղեկավարն է Կարապետ Գևորգի Մոմջյանը: Այն զբաղվում է ողնաշարի բոլոր տեսակի հիվանդությունների և վնասվածքների բուժմամբ, որոնք են ողնաշարի դեֆորմացիաները (սկոլիոզ, կիֆոզ), ողնաշարի դեգեներատիվ հիվանդությունները (օստեոխոնդրոզ, ողնաշարային սկավառակների ճողվածքներ, ողնաշարային կանալի ստենոզներ, ողերի անկայունություններ), գոտկային ողերի սպոնդիլոլիզ-սպոնդիլոլիսթեզը, Բեխտերեվի հիվանդության ժամանակ առաջացած ողնաշարի առաջային ծռման շտկումը, ողնաշարի չարորակ և բարորակ նորագոյացությունները, ողերի կոտրվածքները և հոդախախտերը, ողնաշարի հետվնասվածքային և հետվիրահատական դեֆորմացիաների շտկումը:
Բուժումները հիմնականում իրականացվում են վիրաբուժական եղանակով, օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ և սարքավորումներ: Սկոլիոզի և կիֆոզի բուժամը իրականացվում է մեկ կամ երկու վիրահատական փուլերով: 70 և ավելի աստիճանի սկոլիոզների ժամանակ սկզբում տեղադրվում է Հալոֆեմորալ (գլուխ-ազդրային) մահճակալային ձգում 3-6 շաբաթ տևողությամբ և ստացված շտկումը ֆիկսվում է համապատասխան իմպլանտներով: 70 աստիճանից պակաս սկոլիոզների դեպքում տեղադրվում են իմպլանտները և կատարվում է ծռման շտկում:
Ողնաշարային սկավառակների ճողվածքները ներկայումս բուժվում են միկրովիրաբուժական եղանակով: Մշտապես ձեռք են բերվում ժամանակակից սարքավորումներ էնդոսկոպիկ ճողվածքահատումների համար: Պարանոցային ճողվածքների ժամանակ հեռացվում է ախտահարված դիսկը ճողվածքի հետ և դիսկը փոխարինվում է ինքնաֆիկսվող քեյջով: Ողնաշարային կանալի ստենոզների (նեղացման) ժամանակ, ողնուղեղը ազատելու համար, կատարվում է ողերի հետին էլեմենտների հեռացում և ինչպես ողերի անկայունությունների ժամանակ, ողնաշարի տրանսպեդիկուլյար ֆիքսում:
Գոտկային ողերի սպոնդիլոլիզ-սպոնդիլոլիսթեզի ժամանակ կատարվում է դեպի առաջ տեղաշարժված ողի շտկում և տրասպեդիկուլյար ֆիկսում, իսկ որոշ դեպքերում նաև միջողնային քեյջի տեղադրում:
Բեխտերեվի հիվանդության ժամանակ, գոտկային հատվածի առաջային ծռումը և իրանի ու գլխի դիրքը շտկելու համար կատարվում է երկրորդ և չորրոդ գոտկային ողերի տրասպեդիկուլյար ոսկրահատումներ, որից հետո դեֆորմացիան շտկվում և ֆիկսվում է տրանսպեդիկուլյար իմպլանտներով:
Ողնաշարի չարորակ և բարորակ նորագոյացությունները, հնարավորության դեպքում, հեռացվում են ամբողջական բլոկով կամ ուռուցքային հատվածով, հեռացված ողը փոխարինելով միջողային մեխով: Ողնաշարը ֆիքսվում է տրանսպեդիկուլյար կամ հարթակային իմպլանտով:Որոշ դեպքերում կատարվում է ուռուցքով ախտահարված ողի վերտեբրոպլաստիկա, ոսկրապլաստիկ ցեմենտով:
Ողերի կոտրվածքները և հոդախախտերը շտկվում և ֆիքսվում են հարթակային կամ տրանսպեդիկուլյար իմպլանտներով: Որոշ կոտրվածքների դեպքում, ինչպես նաև օստեոպորոտիկ կոտրվածքների ժամանակ կատարվում է վերտեբրոպլաստիկա, մեկ կամ մի քանի մակարդակներում, ոսկրապլաստիկ ցեմենտով:
Գրեթե բոլոր տեսակի վիրահատություններից հետո հիվանդները ոտքի են կանգնում մեկ շաբաթվա ընթացքում հիմնականում առանց լրացուցիչ ֆիքսացիայի: