Loading

Աորտայի կեղծ անևրիզմայի պատռվածքի բացառիկ դեպք

27.10.2014

Աորտայի կեղծ անևրիզմայի պատռվածքի բացառիկ դեպք

«Էրեբունի» բժշկական կենտրոնի անոթային և լազերային վիրաբուժության ծառայությունում, այսօրվա դրությամբ, Հայաստանում առաջին անգամ աորտայի կեղծ անևրիզմայի պատռվածքի կապակցությամբ վիրահատություն է կատարվել: Վիրահատությունն իրականացրել է ծառայության ղեկավար, բ.գ.թ. Արամ Բադալյանը:

Անոթների արտակարգ վիրաբուժության մեջ աորտայի պատռվածքի դեպքերը պացիենտի համար ամենավտանգավոր իրավիճակների շարքին է դասվում, և ամբողջ աշխարհում այդ վիրահատություններն ուղեկցվում են մահացության բարձր տոկոսով: Առավել հազվագյուտ հանդիպում են աորտայի կեղծ անևրիզմաները, որոնց դեպքում վիրահատվող հատվածին հասնելը բարդանում է անատոմիական փոփոխություններով և հեմատոմայի խոռոչի բարակած պատով:

Հոկտեմբերի 1-ին, կեսգիշերն անց, «Էրեբունի» բժշկական կենտրոն է դիմել 1982 թ. ծնված Է.Ա.-ն՝ որովայնի խոռոչում ուժեղ ցավերով, թուլությամբ, ճնշման անկումով: Ուշադրություն գրավեց պացիենտի տարիքն ու անամնեզում Բեխչետի հիվանդության առկայությունը՝ բարդացած երկու աչքերի կուրությամբ և ողնաշարային փոփոխություններով: Պացիենտը գտնվում էր հիպովոլեմիկ/հեմոռագիկ շոկի վիճակում, հեմոգլոբինը՝ 40 գ/լ, ճնշումը՝ 70/30 մմ ս.ս., զարկերակը՝ 130 հարված/րոպե հաճախականությամբ: Հետազոտման ընթացքում հայտնաբերվեց աորտայի երկխցիկային խոռոչով (6-10-ական սմ խցիկներ) մեծ կեղծ անևրիզմա և հսկայական հետորովայնային հեմատոմա: Պացիենտը շտապ կարգով վիրահատվեց. աորտայի ինֆրառենալ հատվածը նորմալ չափսեր ուներ, պատի դեֆեկտը 20 մմ երկարությամբ գծային ճեղքվածքի տեսք ուներ, հսկայական հետորովայնային հեմատոման պարունակում էր 3 լիտրից ոչ պակաս հեղուկ: Պացիենտի կրիտիկական վիճակը և վիրահատության նվազագույն ծավալով սահմանափակվելու անհրաժեշտությունը հաշվի առնելով՝ իրականացվել է աորտայի պատի դեֆեկտի կարում:

Վիրահատությունը հաջող է անցել, հիվանդը դուրս է գրվել բավարար վիճակով:

+374 10 47 11 00
QR
Price list QR