Մեր զրուցակիցն է «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով տնօրենի տեղակալ, մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Անդրանիկ Պողոսյանը:
– Պարոն Պողոսյան, «Էրեբունի» ԲԿ ծննդատունը համարվում է 3-րդ կարգի ծննդատուն: Ի՞նչ է դա ենթադրում, ի՞նչ չափանիշներ:
– Ծննդատուն, որտեղ հսկվում և մասնագիտական օգնություն են ստանում բոլոր հղիները` ներառյալ բարձր ռիսկի: Գտնվելով բազմապրոֆիլ հիվանդանոցի կազմում, մեր պացիենտները հնարավորություն ունեն ստանալու մասնագիտական օգնություն յուրաքանչյուր ախտաբանության դեպքում` թե՛ մանկաբարձա-գինեկոլոգիական, թե՛ արտասեռական: Մեզ մոտ ծննդալուծվում են անգամ թոքային, սրտանոթային, երիկամային ծանր հիվանդություններով հղիները: Ո՛չ միայն Երևանից, այլև հանրապետության բոլոր մարզերից, արտասահմանից մեր ծննդատուն են դիմում տարբեր ախտաբանությամբ հղիներ:
– Ո՞րն է ծննդատան այն առավելությունը, որի համար տարեկան մոտ 4000 հղիներ ընտրում են «Էրեբունի» ԲԿ ծննդատունը:
– Ի դեպ, տարեցտարի ծննդաբերությունների թիվն ավելանում է: Առավելություններից մեկի մասին արդեն խոսեցի: Մյուս առավելությունը մեր բուժանձնակազմն է` պրոֆեսիոնալ, բարեխիղճ և հոգատար: Մեծ նշանակություն ունի նաև ծննդատան ղեկավարությունը: Եվ՛ ծնարանային սրահները, և՛ մանկական բաժանմունքը, և՛ վիրահատական սրահները կահավորված են վերջին տեխնոլոգիաներով` փորձելով մաքսիմում հարմարավետություն ստեղծել մեր պացիենտների համար:
– Այս օրերին պաշտոնապես բացվեց նաև «Էրեբունի» ԲԿ ծննդատան 8-րդ հարկը, մանրամասնեք, խնդրե՛մ, ի՞նչ ծառայություն է «Էրեբունի» ԲԿ ծննդատունն առաջարկում այս հարկում:
– Բաժանմունքը նախագծվել է համաձայն արևմտյան բժշկության վերջին հայեցակարգերի, որը նախատեսում է ստեղծել մոր և մանկան համատեղ կացության այնպիսի պայմաններ, որը նման է տան հարմարավետ և ջերմ միջավայրին: Ամեն կերպ փորձել ենք հիվանդանոցային մթնոլորտից զերծ պահել այս հարկը, որպեսզի ծննդկանները, երեխաներն ու մայրիկներն իրենց զգան ինչպես տանը ` շարունակելով մնալ բժշկի շուրջօրյա հսկողության տակ: Բաժնում տրամադրվում է երեք անգամյա սնունդ, որը համապատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգի և մանկաբույժի ցուցումներին: Այս բաժանմունքը մեծ կարևորություն ունի նաև բարձր ռիսկի հղիների համար, ովքեր հղիության մի որոշ շրջան պետք է բժշկի շուրջօրյա հսկողության տակ լինեն: Մի խոսքով` այս նոր բաժանմունքը ստեղծված է գոհացնելու անգամ ամենաբծախնդիր մայրիկին, ամենաքմահաճ փոքրիկին, այն հարմարավետ կլինի յուրաքանչյուրի համար: