«Էրեբունի» բժշկական կենտրոնում հյուրընկալվեց և ժամանակակից ստենտի կիրառմամբ սրտանոթի վիրահատություն իրականացրեց մակեդոնացի հայտնի ինվազիվ սրտաբան, Սկոպիեի սրտաբանության համալսարանական կլինիկայի պրոֆեսոր Սասկո Կեդևը:
Վիրահատական միջամտության ավարտից հետո պրոֆեսորը լրագրողներին պատմեց, որ այն բավականին կարճ տևեց և շատ արդյունավետ էր: Նրա խոսքով՝ սրտամկանի ինֆարկտ տարած հիվանդի հանդեպ նախապես ցուցաբերվել էր շատ գրագետ մոտեցում. մինչև ստենտավորումը դեղորայքային բուժում չէր իրականացվել: Վիրահատության շնորհիվ՝ սրտանոթի անցանելիությունն ապահովված է, և ընդամենը չորս ժամից հիվանդն արդեն կարող է դուրս գրվել:
Մակեդոնացի սրտաբանը շեշտեց, որ հայ մասնագետների հետ համագործակցելիս իրեն զգում է, ինչպես եվրոպական ժամանակակից կլինիկայում, որը հագեցած է թե՛ լավագույն սարքավորումներով, թե՛ բարձրակարգ անձնակազմով:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության բաժնի վարիչ Համլետ Հայրապետյանը նշեց, որ պրոֆեսոր Սասկո Կեդևը հանրահայտ մասնագետ է ինվազիվ վիրահատությունների ասպարեզում, և նրա հետ համագործակցությունը չի սահմանափակվի միայն կատարված վիրահատությամբ: «Մեր բժշկական կենտրոնում կատարվում են բավականին մեծ թվով սրտային միջամտություններ՝ մոտ 120-150 կորոնար ստենտավորումներ: Սակայն ցանկանում ենք ընդլայնել ասպարեզը և իրականացնել նաև, օրինակ, երիկամների, ոտքերի անոթների ստենտավորումներ, որոնք Հայաստանում դեռևս զարգացած չեն»,- ասաց բժիշկ Հայրապետյանը: Համաձայն Անհետաձգելի սրտաբանության բաժնի վարիչի ներկայացրած տվյալների՝ Հայաստանում ստենտավորումների պահանջարկն ու վիրահատությունների թիվն աճում են ամսեամիս:
Հիշեցնենք, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող եզակի սարքը՝ գերմանական վերջին սերնդի Siemens Artis Biplane անգիոգրաֆը, թուլ է տալիս կատարել ներանոթային միջամտություններ՝ անգիոգրաֆիա, ստենտավորում՝ ո՛չ միայն սրտի, այլև մնացած բոլոր օրգանների անոթների: Միջամտությունները բացարձակ անցավ են, մեծ մասը կատարվում է տրանսռադիալ մուտքով՝ նախաբազկի զարկերակից, ինչն իջեցնում է բարդությունների հավանականությունը, ինչպես նաև կրճատում է հոսպիտալացման ժամկետը:
Հայաստանում առաջին անգամ «Էրեբունի» բժշկական կենտրոնում է կիրառվել լուծվող ստենտ: