Իտալացի միջամտական սրտաբան Ալֆրեդո Գալասսիի այցը Հայաստան դարձել է բարի ավանդույթ: Արդեն մի քանի տարի է, այցելելով մեր երկիր, նա ակտիվորեն մասնակցում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի Բ. Ալեքյանի անվան անգիոգրաֆիկ ծառայության կողմից իրականցվող վիրահատություններին:
Վիրահատությունների իրականացման համար անգիոգրաֆիկ ծառայության կողմից ստեղծված պայմանները բավարարում են իտալացի սրտաբանին. ժամանակակից սարքավորումները և հայ բուժանձնակազմի պատրաստվածության բարձր մակարդակը լիովին համապատասխանում են համաշխարհային չափանիշներին: Չնայած այս ամենին՝ փորձի փոխանակումը երբեք չի խանգարում:
Ալֆրեդո Գալասսին հաճույքով կիսվում է իր փորձով և գիտելիքներով «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբան գործընկերների հետ: Ալֆրեդո Գալասսիի կողմից իրականացվող խցանված անոթների բացման մեթոդը գերազանցորեն կիրառվում է մեր կլինիկայում: Այն թույլ է տալիս սրտամկանին աշխատել նոր ուժով, իսկ հիվանդին հնարավորություն է տրվում լավացնել կյանքի որակը:
Վիրահատական միջամտության էությունը քրոնիկական փակ, խցանված պսակային անոթների բացումն է: Նմանատիպ վիրահատությունների բարդությունը կայանում է նրանում, որ երկարատև խցանման հետևանքով անոթի տվյալ հատվածն առավել կարծրացած է լինում, և տվյալ անոթային հունի հեռակա շրջանը սնուցումը ստանում է այլ ավազաններից՝ կոլլատերալների միջոցով: Նման անոթների բացումը հիմնականում հաջողվում է իրականացնել ռետրոգրադ ճանապարհով՝ կոլլատերալների միջոցով: Այս միջամտության համար անհրաժեշտ են մասնագետների որոշակի հմտություններ և պատրաստվածություն, համապատասխան սարքավորումներ՝ պսակային միկրոկաթետերներ, քրոնիկ խցանված անոթների համար տարբեր տեսակի հատուկ հաղորդալարեր, բալոնային կաթետերներ, ստենտներ…
Իտալացի միջամտական սրտաբան Ալֆրեդո Գալասսիի «Էրեբունի» ԲԿ-ում գտնվելու ընթացքում, անգիոգրաֆիկ ծառայության թիմի հետ համատեղ՝ ծառայության ղեկավար Մ.Շ. Սաղաթելյանի գլխավորությամբ, իրականացվել է վեց վիրահատություն, որոնց մոտ առկա էին քրոնիկ փակ անոթներ: Բոլոր հիվանդների մոտ միջամտությունը պսակվել է հաջողությամբ: Անհրաժեշտ է նշել նաև, որ ամբողջ աշխարհում խցանված անոթների ռեկանալիզացիայի տոկոսը չի գերազանցում 80%-ը:
Նմանատիպ վիրահատություններ իրականացվում են աշխարհի եզակի կլինիկաներում, որոնց թվին է պատկանում նաև «Էրեբունի» ԲԿ-ն: Կանտակտային հեռախոս. +374 47 11 00 (ներքին 218):