Loading

«Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվել է եզակի վիրահատություն, որի իրականացումը հնարավոր է միայն բարձր մասնագիտացված և բազմնապրոֆիլ կենտրոնի պայմաններում

08.04.2015

«Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվել է եզակի վիրահատություն, որի իրականացումը հնարավոր է միայն  բարձր մասնագիտացված և բազմնապրոֆիլ կենտրոնի պայմաններում

«Էրեբունի» բժշկական կենտրոնում որովայնային և սիրտ-անոթային վիրաբույժները համատեղ իրականացրել են եզակի վիրահատություն՝ տասներկումատնյա աղու մեջ բացված ընդհանուր լյարդային զարկերակի հսկա անևրիզմայի հեռացում:

24.03.2015թ. հիվանդ Մ.Զ., 63 տ, մթագնած գիտակցությամբ և աղեստամոքսային ուղու առատ արյունահոսությամբ ընդունվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք (փսխում՝ թարմ արյան հետքերով, ձյութանման կղանք): Դեռևս մեկ ամիս առաջ հիվանդը դիմել էր կենտրոն՝ վերը նշված գանգատներով, սակայն հրաժարվել հետազոտությունից և վիրահատական բուժումից է ու դուրս է գրվել՝ շարունակելով ստանալ դեղորայքային բուժում: Դիմելուց հետո հիվանդը հրաժարվել է գաստրոսկոպիայից և, գտնվելով վերակենդանացման բաժանմունքում, ստացել է հեմոստատիկ, ինֆուզիոն և հակաբորբոքիչ բուժում:

Ընդհանուր լյարդային զարկերակի հսկա անևրիզմա
Լուսանկար №1

26.03.2015թ. հիվանդի վիճակը կտրուկ վատացել է, և տարածուն արյունահոսության ու գիտակցության լիովին կորստի պայմաններում իրականացվել է գաստրոդուոդենոսկոպիա: Հայտնաբերվել է տասներկումատնյա աղիում չբացահայտված էթիոլոգիայի տարածուն արյունահոսություն: Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի առաջատար վիրաբույժի՝ բ.գ.թ., դոցենտ Ա. Վարդանյանի որոշմամբ իրականացվել է կյանքի ցուցումով անհետաձգելի վիրահատություն (զ.ճ՝ 70/50 մմ. սնդ. սյան, հեմոգլոբինի մակարդակը՝ 50գ/լ ): Վիրահատական սեղանի վրա միջին լապարոտոմիայից հետո պարզվել է, որ արյունահոսության պատճառը հեպատոդուոդենալ կապանի շրջանում գտնվող մեծ (13 х 8սմ) բաբախող (պուլսացիոն) գոյացությունն (անևրիզմա) է, որը ներաճել է տասներկումատնյա աղու վերին պատի մեջ (լուսանկար № 1):

Տասներկումատնյա աղու լուսանցքի բացումից հետո անևրիզմայի և աղու պատի միջև հայտնաբերվել է խուղակ՝ զարկերակային արյան առատ հոսքով: Հանգուցավոր կար դնելուց հետո հաջողվել է արյունահոսությունը ժամանակավորապես դադարեցնել: Շտապ վիրահատարան է հրավիրվել սիրտ-անոթային վիրաբույժ, բ.գ.դ. Մ.Պ. Շատախյանը, ում հետ համատեղ իրականացվել է անևրիզմայի կտրում և անջատում կապանից ՝ ընդհանուր լեղածորանի, դռներակի և ընդհանուր լյարդային ծորանի հետ միասին: Տվյալ գոյացությունն իրենից ներկայացնում էր ընդհանուր լյարդային զարկերակի հսկա անևրիզմա (լուսանկար № 2, 3):

Անևրիզմայի հեռացումից հետո ստեղծվել է թեք բերանակցում լյարդային զարկերակի մոտակա և հեռակա ծայրերի միջև՝ ծայրը-ծայրին (լուսանկար № 3): Լյարդում արյունահոսքը զարկերակներով վերականգնվել է, ապա իրականացվել դուոդենոպլաստիկա՝ ըստ Ջադի: Վեցժամյա վիրահատությունից հետո հիվանդը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Վիրահատությունից երկու ժամ անց հիվանդն արթնացել է պարզ գիտակցությամբ, շարժումները բոլոր վերջույթներում պահպանված, իսկ 48 ժամ անց էքստուբացվել է: Ինոտրոպ բուժման դադարեցումից, հեմոգլոբինի մակարդակի և լյարդի բարձրացած ֆերմենտների կարգավորումից հետո հիվանդը 6 օր անց տեղափոխվել է բաժանմունք: Վերականգնողական բուժման կուրսն ավարտելուց հետո հիվանդը դուրս է գրվել հետվիրահատական 14րդ օրը:

Ընդհանուր լյարդային զարկերակի հսկա անևրիզմա Ընդհանուր լյարդային զարկերակի հսկա անևրիզմա

Լուսանկար №2 Լուսանկար №3

Լյարդային զարկերակի անևրիզմաները ծայրահեղ հազվադեպ են հանդիպում, և գրականության մեջ վիրահատական միջամտության արդյունքների մասին եզակի տվյալներ կան : Աղու մեջ բացվող անևրիզմաները մեծավ մասամբ, որպես կանոն, ավարտվում են մահացու ելքով: «Էրեբունի» բժշկական կենտրոնում նմանտիպ բարդագույն վիրահատություն՝ տարբեր պրոֆիլի վիրաբույժների մասնակցությամբ, կատարվում էր առաջին անգամ: Այս կարգի միջամտությունների բարենպաստ ելք հնարավոր է ապահովել միայն բարձր մասնագիտացված, բազմապրոֆիլ կենտրոններում՝ հագեցած ժամանակակից ախտորոշիչ սարքավորումներով, նեղ մասնագետների շուրջօրյա առկայությամբ, ինչպես նաև միմյանց հետ համագործակցության պայմաններում:

+374 10 47 11 00
QR
Price list QR