Աբդոմինալ օնկոպաթոլոգիական հիվանդությունների շարքում ստամոքսի քաղցկեղը ներկայումս ունի հաճախացման հակում, և այս խնդիրը հրատապ է ամբողջ աշխարհում: Հիվանդության վաղ հայտնաբերումը («ստամոքսային» գանգատների դեպքում պարտադիր հետազոտություններ, բժշկի զննում) լիարժեք ու երկարատև բուժման գրավական է: Ստամոքսի քաղցկեղի բուժումը համակցված է (ինչպես քաղցկեղի ցանկացած այլ տեղակայման դեպքում), սակայն այս դեպքում բուժման կառուցվածքում վիրահատական մասն առավել կարևոր է: Ներկայումս աշխարհում ընդունված է վիրահատական միջամտության ոսկե ստանդարտ՝ մասնահատում (գաստրէկտոմիա) D-2, ինչը վերաբերում է վիրահատության պարտադիր մինիմալ ծավալին, և ինչը հնարավորություն է տալիս երկարաձգելու պացիենտի կյանքը: Հիվանդ Մ.Հ., 65տ., կլինիկա է ընդունվել 24.08.2015-ին «Ստամոքսի խոց» նախնական ախտորոշմամբ: Հիվանդ է 4 ամիս, նշում է ցավեր կրծքավանդակի ձախ կեսում, դիսպեպտիկ գանգատներ, մոտ 10կգ նիհարում՝ վերջին տարվա ընթացքում: Բաժանմունքում հետազոտվել է. ստամոքսի անկյան շրջանում նկարագրվում է 3 սմ տրամաչափի խոցային ինֆիլտրատ, վերցրած բիոփսիոն նյութի հիստոլոգիական քննությամբ՝ մատանիաձև-բջջային կարցինոմա, համակարգչային շերտագրության արդյունքներով՝ ստամոքսի քաղցկեղի պատկեր, ավշահանգույցներ՝ ճարպոնային խոցի շրջանում, այլ հետազոտություններով (արյան, մեզի հոտազոտություն, ԷՍԳ, սրտի գերձայնային հետազոտություն) էական փոփոխություններ չեն հայտնաբերվել: 26.08.2015թ. հիվանդը վիրահատվել է. ստամոքսի սուբտոտալ մասնահատում D-2, որովայնի խոռոչի դրենավորում:
Հետվիրահատական շրջանն անցել է հարթ, առանց բարդությունների, կլինիկայից դուրս է գրվում բավարար վիճակում, ըստ բնակության վայրի`կշարունակվի ուռուցքաբանի հսկողությունը: