Loading

Առաջին անգամ Հայաստանում կիրառվեց էնդոլյումբալ քիմիաթերապիա

03.05.2018

Առաջին անգամ Հայաստանում կիրառվեց էնդոլյումբալ քիմիաթերապիա
Առաջին անգամ Հայաստանում կիրառվեց էնդոլյումբալ քիմիաթերապիա

Էնդոլյումբալ քիմիաթերապիան բժշկության մեջ նորագույն հայտնագործություն է, որի նպատակն է բարձրացնել կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքների բուժման ձևերի արդյունավետությունը, բարելավել հիվանդների հակաուռուցքային թերապիայի անցկացման պայմանները, քանի որ քիմիապրեպարատները չեն անցնում հեմատոէնցեֆալիկ պատնեշը:

Հայտնագործության նորույթը կայանում է նրանում, որ կատետերը տեղադրում են սուբարախնոիդալ տարածությունում և դրա միջով անցկացնում քիմիապրեպարատները:

2018թ. ապրիլի 19-ին առաջին անգամ Հայաստանում, Էրեբունի ԲԿ-ում կիրառվեց էնդոլյումբալ քիմիաթերապիան: Նոր մեթոդը ակտիվորեն կիրառվում է աշխարհի շատ խոշոր կլինիկաներում:

2018թ. ապրիլի սկզբին 44-ամյա հիվանդ Դ․ Լ-ն դիմել է Էրեբունի ԲԿ-ի քիմիաթերապիայի բաժանմունք, ուժգին գլխացավերի ու անկառավարելի փսխումների վերաբերյալ գանգատներով։ Անամնեզում նշվում է կրծքագեղձի քաղցկեղ գլխուղեղի մետաստատիկ ախտահարումով։ 1․5 տարվա ընթացքում նա ստացել էր համակցված թերապիա։ Ներկայումս իրականացված գործիքային հետազոտությունների արդյունքում հայտնաբերվեց ուղեղի պատյանի մետաստատիկ ախտահարում։

Գումարվեց կոնսիլիում՝ գլխավոր տնօրենի թերապիայի մասով տեղակալ, բ.գ.թ. Հասմիկ Սահինյանի, վերակենդանացման ու ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանի, քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ, Երեւանի գլխավոր ուռուցքաբան, բ.գ.թ. Հայկուհի Գյոկչյանի, նյարդաբանության բաժանմունքի ղեկավար Նունե Եղիազարյանի մասնակցությամբ։ Հիվանդի վիճակի ուսումնասիրությունից ու իրականացված կլինիկական և լաբորատոր հետազոտություններից հետո հիվանդին առաջարկվեց էնդոլյումբալ քիմիաթերապիա։

2018թ. ապրիլի 19-ին առաջին անգամ Հայաստանում ,Էրեբունի ԲԿ-ի քիմիաթերապիայի բաժանմունքում ,այդ բաժանմունքի ղեկավար բ.գ.թ. Հայկուհի Գյոկչյանի և վերակենդանացման ու ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանի կողմից իրականացվեց էնդոլյումբալ քիմիաթերապիա:

Կարևոր է նշել այն փաստը, որ առաջին իսկ սեանսից հետո հիվանդի վիճակը զգալիորեն լավացավ` գլխացավերը զգալիորեն նվազեցին և մեղմացան ,իսկ փսխումը դադարեց : Հիվանդը պետք է անցնի ևս մի քանի սեանս:

Հայաստանում ուռուցքաբանական հիվանդությունների աճը առիթ է տալիս մտածել այն մասին, որ ծայրաստիճան անհրաժեշտ է բարձրացնել օնկոհիվանդներին տրամադրվող բուժօգնության մակարդակը։ Համաշխարհային չափանիշներին և ուղեցույցներին համապատասխան՝ նորագույն մեթոդների, սարքավորումների ու դեղամիջոցների ներդրումն ու կիրառումը, Էրեբունի ԲԿ քիմիաթերապիայի բաժանմունքի բժիշկների ու բուժանձնակազմի մասնագիտական պատրաստվածությունը բազմաթիվ հիվանդների հնարավորություն կտա հաջողությամբ անցնել հիվանդությունից մինչև ապաքինում ճանապարհը։

+374 10 47 11 00
QR
Price list QR