Loading

Օրիան Լոնգերստեյի այցը «Էրեբունի» ԲԿ

31.01.2024

«Էրեբունի» բժշկական կենտրոնը հյուրընկալել էր ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Եյլի միավորված հայկական անհետաձգելի և շտապօգնության կլինիկական օրդինատուրայի ծրագրի ուսումնական ղեկավար Օրիան Լոնգերսթեյին։

Նա ծանոթացել է «Էրեբունի» ԲԿ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի հնարավորություններին, տեխնիկական հագեցվածությանը, աշխատելաոճին։ Բաժանմունքի ղեկավար Արմինե Սանամյանը նախևառաջ տեղեկացրել է, որ այս ծառայության ստեղծման հիմքում դրված է բուժօգնությունը բուժառուին մոտեցնելու և հասանելի դարձնելու գաղափարը: Նա ներկայացրել նաև անհետաձգելի կարգով բժշկական կենտրոն դիմած հիվանդին ընդունելու կարգը: Մասնավորապես, տեղեկացրել է, որ սրտամկանի ինֆարկտի, սուր իշեմիկ կաթվածի կասկածի կամ շտապ այլ դեպքերում կիրառվում են հատուկ չափորոշիչներ՝ արագ, որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար․ հավելելով, որ հանրապետությունում առաջինը ստեղծված անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի նման ձևաչափը ամբողջացնում է «Էրեբունի» ԲԿ-ի մատուցած պրեֆեսիոնալ ծառայությունների շղթան։

ՀՀ ԱՆ Առողջապահության Ազգային Ինստիտուտի և Եյլի համալսարանի բժշկական դպրոցի անհետաձգելի և շտապօգնության ծառայության համագործակցության արդյունքում այժմ իրականացվում է կլինիկական օրդինատուրայի ծրագիր, որը կյանքի է կոչվել մեր հայրենակից Եյլի համալսարանի բժշկական դպրոցի անհետաձգելի և շտապօգնության ամբիոնի դոցենտ Շերոն Անուշ Չեքիջյանի ջանքերով։

Այն 18 ամսվա տևողությամբ օրդինատուրայի ծրագիր է՝ Հայաստանում անհետաձգելի և շտապօգնության ծառայության բժիշկների վերապատրաստման համար: Ուսումնական ծրագրը ստեղծվել է Եվրոպական շտապօգնության միության սահմանած չափանիշների հիման վրա։ Այն հաստատել է ՀՀ առողջապահության նախարարությունը և իրականացվում է Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից, մեկնարկել է 2023 թվականի սեպտեմբերի 1-ից: Դասընթացներին մասնակցում են Երևանի և մարզերի պետական և մասնավոր բժշկական կենտրոնների անհետաձգելի բուժօգնության և շտապօգնության ծառայությունների մասնագետները։ Օնլայն դասընթացների ավարտին հայաստանցի մասնագետները կայցելեն նաև Միացյալ Նահանգներ, տեղում ծանոթանալու անհետաձգելի բուժօգնության հմտություններին։

Եյլի միավորված հայկական անհետաձգելի և շտապօգնության կլինիկական օրդինատուրայի ծրագրի ուսումնական ղեկավար Օրիան Լոնգերսթեյը բարձր է գնահատել «Էրեբունի» ԲԿ ընդունարանի հնարավորությունները և իր գոհունակությունն է հայտնել բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի մասնագետների կլինիկական օրդինատուրայի ծրագրին աջակցելու պատրաստակամության համար։

Օրիան Լոնգերստեյի այցը «Էրեբունի» ԲԿ
+374 10 47 11 00
QR
Price list QR