«Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայության ղեկավար, Երևանի գլխավոր ալերգաբան, Հայաստանի ալերգոլոգների և իմունոլոգների ասոցիացիայի նախագահ, բ.գ.թ. դոցենտ Կրիստինա Ջամալյանի նախաձեռնությամբ կայացել է սեմինար-գիտաժողովների շարք` «Ալերգիա. գարնանն ընդառաջ» խորագրով։ Գիտաժողովներին մասնակցել են հանրապետության տարբեր կենտրոնների թերապևտներ, ալերգոլոգներ, գինեկոլոգներ, էնդոկրինոլոգներ, ինչպես նաև դեղագործներ։
Միջոցառումների ընթացքում քննարկվել են ալերգիաների բուժմանը վերաբերող տարբեր հարցեր։Դեղագետների հետ հանդիպման ընթացքում հատկապես կարևորվել է էլեկտրոնային դեղատոմսերի կիրառման անհրաժեշտությունը, ինչը կնվազեցնի հիվանդների` դեղերի անպատեհ օգտագործումը, ինչպես նաև դրա հետևանքով առաջացող ալերգիկ դրսևորումները։ Գինեկոլոգների համար նախատեսված սեմինար-գիտաժողովի գլխավոր թեման եղել է հղիության ընթացքում ալերգիան, ինչպես նաև դրա բուժումը։
Կրիստինա Ջամալյանը ներկայացրել է բուժման արդի հնարավորությունները, ինչպես նաև նորագույն մեթոդների կիրառումը։ Կարևորելով տարբեր նեղ մասնագետների հետ հանդիպումները` որոշվել է, որ դրանք պետք է լինեն շարունակական` նպաստելով թիմային աշխատանքի առավել լավ կազմակերպմանը` ի նպաստ բուժառուների առողջության: