«Էրեբունի» ԲԿ-ում վիրահատված շուրջ 10 երեխա այսօր լսելու հնարավորություն է ստացել:
Կոխլեար իմպլանտացիայի ծրագրով մեկ ամիս առաջ հերթական վիրահատություններն է կատարել UCLA համալսարանական կլինիկայի պրոֆեսոր, ազգությամբ ճապոնացի Ակիրա Իշիյաման: Մեկ ամիս առաջ տեղադրված խխունջային իմպլանտներն այսօր միացվել են հյուրերի ներկայությամբ:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը, ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, ինչպես նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ Միքայել Պլոտկովսկին և Արմեն Փիրուզյանը:
17 տարվա ընթացքում ավելի քան 150 երեխա լսում է՝ «Էրեբունի» ԲԿ-ում իրականացվող այս կարևոր ծրագրի շնորհիվ: Կոխլեար իմպլանտացիայի ծրագիրը նախատեսված է այն երեխաների համար, որոնց ախտորոշված է 4-րդ աստիճանի ծանրալսություն:
Ծրագիրը մեկնարկել է 2004 թվականին՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի, Հայկական բժշկական միջազգային հիմնադրամի ղեկավար Սալբի Ագարակյանի և UCLA համալսարանական կլինիկայի պրոֆեսոր Ակիրա Իշիյամայի համատեղ ջանքերով:
Վիրահատությունների ընթացքում խխունջային ինպլանտները տեղադրվում են ներքին ականջի մեջ և ձայնային ալիքները ընկալելու հնարավորություն տալիս: