Թերապևտիկ կլինիկա
Էրեբունի ԲԿ թերապևտիկ կլինիկան բաղկացած է հետևյալ բաժանմունքներից.
1. Էնդոկրինոլոգիայի բաժանմունք
2. Ռևմատոլոգիայի բաժանմունք
3. Գատրոէնտերոլոգիայի բաժանմունք
4. Նեֆրոլոգիայի բաժանմունք
5. Հեմոդիալիզի բաժանմունք
Թերապիայի կլինիկան իր ախտորոշիչ գործունեության ընթացքում կիրառում է Էրեբունի ԲԿ-ի ախտորոշման կլինիկայի ժամանակակից բարձր տեխնոլոգիական սարքավորումներն ու տեխնիկական հնարավորությունները:
Թերապիայի կլինիկայի գործունեության հիմնական ուղղություններն են` էնդոկրինոլոգիան, գաստրոէնտերոլոգիան, նեֆրոլոգիան, ռևմատոլոգիան, սրտաբանությունն ու թոքաբանությունը:
Էրեբունի ԲԿ-ի թերապևտիկ կլինիկայի էնդոկրինոլոգիայի բաժանմունքում իրականացվում են էնդոկրինոլոգիական լայն սպեկտրի հիվանդությունների ախտորոշում և բուժում: Էրեբունի ԲԿ-ի բազմապրոֆիլ կառուցվածքի շնորհիվ բաժանմունքում իրականացվում են էնդոկրինոլոգիական հիվանդների բազմամասնագիտական թիմի բժիշկների ՝ սրտաբանների, ակնաբույժների, երիկամաբանների, նյարդաբանների, էնդոկրին վիրաբույժների, անոթային վիրաբույժների և այլ մասնագետների խորհրդատվություն, ինչը զգալիորեն հեշտացնում է հիվանդությունների ախտորոշման գործընթացը և նպաստում արդյունավետ համալիր բուժման իրականացմանը:
Էրեբունի ԲԿ թերապևտիկ կլինիկայի գաստրոէնտերոլոգիայի բաժանմունքում առկա են ստամոքսաղիքային ուղու հիվանդությունների ախտորոշման ժամանակակից բոլոր մեթոդները, ներառյալ՝ վիրուսային հեպատիտների բոլոր հնարավոր մարկերների որոշումը, ինչպես նաև՝ էնդոսկոպիան և այլն:
Ստամոքսաղիքային հիվանդությունների ստացիոնար բուժման ժամանակ կիրառվում են դիետաթերապիա, դեղորայքային բուժում, բուսաբուժություն, լազերային բուժում ՝ հաշվի առնելով ժամանակակից բուժման միջազգային պահանջներն ու չափանիշները, ֆիզիոթերապիայի լայն հնարավորությունները:
Էրեբունի ԲԿ-ի ռևմատոլոգիայի բաժանմունքն իրականացնում է հենաշարժիչ համակարգի բորբոքային և դեստրուկտիվ ախտահարումներով հիվանդների, շարակցական հյուսվածքի հիվանդություններով, համակարգային վասկուլիտներով և ոսկրերի, հոդերի ու մկանների ախտահարմամբ ուղեկցվող այլ ախտաբանություններով հիվանդների ախտորոշում և բուժում:
Բաժանմունքում հիվանդներն ախտորոշվում և բուժվում են ստացիոնար ու ամբուլատոր պայմաններում, առկա է նաև ցերեկային ստացիոնարում հիվանդների բուժման հնարավորություն:
Բաժանմունքում հիվանդների բուժումն իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան՝ ռևմատոլոգիայի բնագավառում նորագույն արդյունավետ մեթոդների և ձեռքբերումների կիրառմամբ:
Էրեբունի ԲԿ-ի նեֆրոլոգիայի բաժանմունքում հետազոտվում և բուժվում են երիկամային ախտաբանությամբ պացիենտները, նաև այլ հիվանդությունների արդյունքում երիկամային ախտաբանությամբ բարդություններով հիվանդները:
Բաժանմունքում յուրաքանչյուր հիվանդի ցուցաբերվում է անհատական մոտեցում:
Բաժանմունքում հաջողությամբ կիրառվում են այնպիսի մեթոդներ, դեղորայք և դիետաթերապիա, որոնք հնարավորություն են տալիս կարճ ժամկետում պաշարել հիվանդության սրացումը, քրոնիկական հիվանդությունների ժամանակ երկարացնել ռեմիսիայի շրջանը և դադարեցնել հիվանդության հետագա առաջընթացը:
Հեմոդիալիզի բաժանմունքի բժիշկների հետ համատեղ, նեֆրոլոգիական բաժանմունքի բազայի վրա իրականացվում է փոխարինող երիկամային բուժման՝ հեմոդիալիզի կարիք ունեցող հիվանդների ընտրություն և բուժում: Հեմոդիալիզի կենտրոնում հնարավոր է կիրառել արտամարմնային դետոքսիկացիայի տարբեր մեթոդներ՝ հեմոդիալիզ, հեմոդիաֆիլտրացիա, հեմոֆիլտրացիա, պլազմաֆերեզ, հեմասորբցիա: Կենտրոնը հագեցած է “B. Braun” և “Fresenius” ընկերությունների սարքավորումներով: Բաժանմունքում տեղադրված է Fresenius ընկերության ջրամաքրման բարձր արդյունավետությամբ համակարգ:
Թերապևտիկ կլինիկայի աշխատանքային պրակտիկայում ներդրված են բուժ-ախտորոշիչ չափորոշիչներ և բժշկական օգնության որակի կառավարման համակարգ: Կլինիկայի բոլոր մասնագետները որակավորված են և ունեն բարձր մակարդակի մասնագիտական պատրաստվածություն: