Նյարդաբանական և նյարդավիրաբուժական կլինիկա
Նյարդային համակարգն ամենախոցելին է մարդկային օրգանիզմում, ընդ որում, այն շատ դժվար է ենթարկվում բուժման: Նյարդային համակարգի հիվանդությունները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ժառանգական նախատրամադրվածության, վարակի, թունավորման, վնասվածքի, ինչպես նաև ֆիզիկական և մտավոր գերհոգնածության հետևանքով: Նյարդաբանական խանգարումների ժամանակ մարդուն բարձր որակի կյանք վերադարձնելը բարդ և կարևոր խնդիր է:
Էրեբունի բժշկական կենտրոնի նյարդաբանական և նյարդավիրաբուժական կլինիկան կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի հիվանդություններով պացիենտներին ցուցաբերում է բժշկական օգնության ամբողջ սպեկտրը՝ ախտորոշումից մինչև բարձր տեխնոլոգիական վիրահատական բուժում, այդ թվում՝ անհետաձգելի ռեժիմով:
Կլինիկայում նյարդաբանական հիվանդներին ցուցաբերվում է բուժման ինտեգրատիվ մոտեցում, որն իրականացնում են նյարդավիզուալիզացիայի (ՄՌՏ, ՄՍՀՏ, ՊԷՏ), անոթային նյարդավիրաբուժության, նյարդավիրաբուժության, նյարդաուռուցքաբանության, վերտեբրոլոգիայի և նյարդավերականգնողական ոլորտի փորձառու մասնագետները՝ Էրեբունի ԲԿ առաջատար մասնագետների ներգրավմամբ:
Յուրաքանչյուր հիվանդ ստանում է անհատական, բացառապես իր կարիքներին համապատասխան բուժում: Այն դեպքերում, երբ կոնսերվատիվ և թերապևտիկ քիչ ինվազիվ մեթոդներն անհրաժեշտ արդյունք չեն տալիս, քննարկվում է վիրահատական բուժման հնարավորությունն ամենաժամանակակից մեթոդներով:
Նյարդաբանական և նյարդավիրաբուժական կլինիկան բաղկացած է հետևյալ բաժանմունքներից և ծառայություններից.
![]() |
Նյարդաբանական բաժանմունք. բաժանմունքի վարիչ՝ Նունե Եղիազարյան |
|
|
||
![]() |
Նյարդաիմունոլոգիայի և ցրված սկլերոզի կենտրոն. ղեկավար՝ Նունե Եղիազարյան | |
![]() |
Էպիլեպտոլոգիայի հանրապետական կենտրոն. ղեկավար՝ Տատյանա Ստեփանյան | |
![]() |
Կաթվածների ախտորոշման, բուժման և կանխարգելման կենտրոն. ղեկավար՝ Դավիթ Սահակյան | |
![]() |
Ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայություն. ղեկավար՝ Դավիթ Սահակյան | |
![]() |
Նյարդավիրաբուժական բաժանմունք. բաժանմունքի վարիչ՝ Մամիկոն Եղունյան | |
![]() |
Ողնաշարի պաթոլոգիայի վիրաբուժության բաժանմունք. բաժանմունքի վարիչ՝ Կարապետ Մոմջյան |
Նյարդաբանական բաժանմունքում բարձր որակավորում ունեցող մասնագետներն իրականացնում են կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի սուր և քրոնիկական ախտաբանությամբ, նյարդաբանական ֆունկցիոնալ խանգարումներով հիվանդների համալիր ախտորոշում և բուժում: Նյարդաբանական բաժանմունքում ներդրվում են նյարդաբանական հիվանդությունների բուժման ժամանակակից սխեմաները՝ երաշխավորված Նյարդաբանների միջազգային ասոցիացիայի կողմից:
Նյարդաբանական բաժանմունքի կազմում գործում են հետևյալ մասնագիտացված ծառայությունները.
![]() |
Նյարդամկանային հիվանդությունների բուժման ծառայություն. իրականացնում է տարբեր նյարդամկանային հիվանդություններով, այդ թվում՝ նյարդաախտաբանական (նեյրոպաթիաներ՝ աքսոնալ և ապամիելինացնող), ռադիկուլոպաթիաներով, միոպաթիաներով և նյարդամկանային սինափսների հիվանդություններով տառապող պացիենտների ախտորոշում և բուժում: |
||
![]() |
Քնի խանգարումների բուժման ծառայություն. զբաղվում է քնի խանգարումերի բոլոր տեսակների, այդ թվում՝ անքնության (ինսոմնիա), քնի ժամանակ շնչառական խանգարումների, մասնավորապես, ապնոէի, քնի ժամանակ շարժողական խանգարումների, ինչպես նաև արտահայտված քնկոտության խնդիրների (գերքնկոտություն, նարկոլեպսիա), պարասոմնիաների և քնի ռիթմի ցիրկադային խանգարումների ախտորոշմամբ և բուժմամբ: | ||
![]() |
Շարժողական խանգարումների բուժման ծառայություն: |
Իր ախտորոշիչ և բուժական գործունեության ընթացքում նյարդաբանական բաժանմունքը սերտորեն համագործակցում է ախտորոշման, նյարդավիրաբուժության, նյարդաանոթաբանության, ողնաշարի ախտաբանության, ֆիզիոթերապիայի և ռեաբիլիտացիայի ու այլ մասնագիտացված բաժանմունքների հետ:
Նյարդաիմունոլոգիայի և ցրված սկլերոզի կենտրոնն իրականացնում է ցրված սկլերոզով հիվանդների ախտորոշում, բուժում և դիսպանսեր հսկողություն: Ներկայում կենտրոնում ամբուլատոր-դիսպանսեր հսկողության տակ գտնվում է մոտավորապես 100 հիվանդ: Հիվանդության ախտորոշման նպատակով կիրառվում է Ախտորոշման կլինիկայի ժամանակակից սարքավորումների ամբողջ զինանոցը:
Կենտրոնի բարձր որակավորում ունեցող մասնագետները հիվանդների բուժումն իրականցնում են միջազգային չափանիշներին և ուղեցույցներին համապատասխան՝ կիրառելով բժշկության տվյալ ոլորտի ժամանակակից նվաճումները:
Էպիլեպտոլոգիայի հանրապետական կենտրոնն իրականացնում է ցնցումային վիճակով հիվանդների ամբուլատոր և ստացիոնար հետազոտությունների լայն սպեկտր, ինչը հնարավորություն է տալիս բացառել կամ հաստատել էպիլեպսիա ախտորոշումը՝ հիվանդության ճշտգրիտ ձևի սահմանմամբ:
Կենտրոնում իրականացվում է.
- հակացնցումային բուժման անհատական ընտրություն,
- հիվանդի վարման մարտավարության որոշում,
- հակաէպիլեպտիկ դեղորայքի ցածր բուժական ազդեցության դեպքում արյան մեջ նրանց պարունակության մոնիտորինգի իրականացում,
- հակացնցումային դեղորայքի կողմնակի ազդեցությունների հայտնաբերում և շտկում,
- հակաէպիլեպտիկ դեղորայքի ընդհատման մարտավարության և ժամկետների որոշում,
- էպիլեպսիայով հիվանդների հետազոտության և բուժման առավել առաջադիմական ուղեցույցների մշակում և իրագործում,
- էպիլեպսիայի խնդիրներին վերաբերող սանիտարալուսավորչական գործունեություն:
Բաժանմունքում ստեղծված են նաև հետևյալ հիվանդություններով տառապող կամ վիճակներում գտնվող հիվանդների ախտորոշման և բուժման համար անհրաժեշտ պայմանները.
- ապամիելինացնող հիվանդություններ,
- ցրված սկլերոզ,
- գլխացավեր, պատճառների հայտնաբերում և բուժում,
- գլխապտույտ, պատճառների հայտնաբերում և բուժում,
- ծայրամասային նյարդային համակարգի հիվանդություններ և այլն:
Կաթվածների ախտորոշման, բուժման և կանխարգելման կենտրոնում կիրառվում են Ալբերտայի համալսարանի խորհուրդների և ուղեցույցների մշակված, հարմարեցված տարբերակները: Այստեղ իրականացվում են.
- հիվանդի վիճակի արագ ախտորոշում, նրա օպերատիվ կլինիկալաբորատոր հետազոտության կազմակերպում, որը հնարավոր է իրականացնել ախտորոշիչ ծառայությունների շուրջօրյա գործունեության շնորհիվ, համակարգչային տոմոգրաֆիա, անգիոգրաֆիա,
- բարձր հագեցած ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքի առկայություն, որտեղ հնարավոր է կաթվածների բուժումն իրականացնել սուր փուլում՝ հյուսվածքային թրոմբոպլաստինի ակտիվատորի ներմուծման ժամանակակից եղանակով,
- բարձր որակավորված անոթանյարդաբանների և մասնագիտացված սարքավորումների առկայություն, որը հնարավորություն է տալիս այնպիսի անոթանյարդաբանական միջամտություններ կատարել, որոնք ո՛չ միայն թույլ են տալիս հիվանդի կյանքը փրկել, այլ նաև նվազեցնել բարդությունների առաջացման և հաշմանդամության ռիսկը,
- կրկնակի կաթվածների առաջացման ռիսկի գործոնների հայտնաբերում և նրանց շտկում,
- տարած կաթվածից հետո հիվանդների վերականգնողական բուժում,
- տարած կաթվածից հետո հիվանդների ամբուլատոր մոնիտորինգ, հսկողություն և բուժում:
Յուրաքանչյուր հիվանդին ցուցաբերվում է անհատական մոտեցում. իրեն և իր հարազատներին լիարժեք տեղեկատվություն է տրամադրվում ընդհանուր վիճակի, բուժման ընթացքի և իրականացվող հետազոտությունների նպատակի մասին:
Ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայությունը մասնագիտացած է կենտրոնական նյարդային համակարգի հետևյալ անոթային ախտաբանությամբ հիվանդներին որակավորված նյարդամիջամտական (ներանոթային) օգնություն ցուցաբերելու ուղղությամբ.
- պարկաձև անևրիզմաներ,
- զարկերակ-երակային մալֆորմացիաներ,
- զարկերակ-երակային խուղակներ, կարոտիդ-խորշիկային խուղակներ,
- քնային զարկերակների ստենոզներ,
- ողնաշարային զարկերակների ստենոզներ,
- ներգանգային զարկերակների ստենոզներ,
- գերանոթավորված ուռուցքներ,
- գլխուղեղի սուր իշեմիկ ինսուլտ:
Բաժանմունքի որակավորված մասնագետները.
- իրականացնում են ուղեղի արյան շրջանառության անցողիկ խանգարումների և կաթվածների զարգացման պատճառների ու մեխանիզմների որակյալ, բազմակողմանի ախտորոշում,
- տիրապետում են կաթվածի և նրա բարդությունների բուժման հատուկ եղանակներին,
- մշակում են կաթվածի կանխարգելման անհատական ծրագրեր:
Էրեբունի բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական բաժանմունքում յուրաքանչյուր տարի իրականացվում է մոտավորապես 500 վիրահատություն՝ գլխուղեղի տարբեր հիվանդությունների և ողնաշարի ախտահարումների կապակցությամբ (վնասվածքային հեմատոմաներ, ողնաշարի վնասվածքներ և կոտրվածքներ, գլխուղեղի և ողնուղեղի ծավալային գոյացություններ), ինչպես նաև ծայրամասային նյարդերի և նյարդային հյուսակների, գլխուղեղի անոթների ախտահարումների կապակցությամբ (գլխուղեղի անոթների հիվանդությունների ժամանակ իրականացվում է ներանոթային բուժում): Կատարվում են վիրահատություններ ողնաշարի դեգեներատիվ փոփոխություններով պայմանավորված հիվանդությունների ժամանակ (միջողնաշարային խողովակի ճողվածքներ, սպոնդիլոլիստեզ, ողնաշարային խողովակի ստենոզ և այլն):
Բաժանմունքում գործում է նաև ներզատաբանական վերականգնման ծառայությունը, որն իրականացվում է ողնաշարի դեգեներատիվ-դիստրոֆիկ հիվանդությունների նորարարական պահպանողական բուժում՝ անկախ նրանց պատճառա-ախտաբանական ծագումից:
Հիվանդություններ և վիճակներ, որոնց ժամանակ հիվանդները պետք է դիմեն նյարդավիրաբուժական բաժանմունք.
- նյարդաուռուցքաբանական (գլխուղեղի և ողնուղեղի ուռուցքներ, նևրինոմաներ),
- ցերեբրովասկուլյար հիվանդություններ (հեմոռագիկ, իշեմիկ կաթվածներ, զարկերակային անևրիզմաներ, զարկերակ-երակային մալֆորմացիաներ),
- գլխուղեղի հիվանդություններ՝ հիդրոցեֆալիա համախտանիշով,
- միջողնային սկավառակների ճողվածքներ, ռադիկուլոիշեմիա, ողնաշարային խողովակի ստենոզ,
- թունելային և ցավային համախտանիշներ,
- նյարդերի, նյարդային հյուսվածքների վնասվածքներ, ողնուղեղային վնասվածքներ,
- գանգուղեղային վնասվածքներ, ներուղեղային հեմատոմաներ,
- դիմային ցավեր (պրոզոպալգիա), եռորյակ նյարդի նևրալգիա:
Ողնաշարի ախտաբանության և վերտեբրալ վիրաբուժության բաժանմունքում իրականացվում է ողնաշարի բոլոր տեսակի հիվանդությունների և վնասվածքների բուժում.
- ողնաշարի ձևախախտում (սկոլիոզ, օստեոխոնդրոզ),
- ողնաշարի դեգեներատիվ հիվանդություններ (օստեոխոնդրոզ, միջողնային սկավառակների ճողվածքներ, ողնուղեղային խողովակի ստենոզներ, ողերի անկայունություն),
- ողնաշարի գոտկային հատվածի ողերի սպոնդիլոլիզ կամ սպոնդիլոլիստեզ,
- Բեխտերևի հիվանդության ժամանակ ողնաշարի թեքվածություն,
- ողնաշարի բարորակ և չարորակ ուռուցքներ,
- ողերի կոտրվածքներ և հոդախախտեր,
- ողնաշարի հետվնասվածքային և հետվիրահատական ձևախախտումներ:
Հիմնականում բուժումն իրականացվում է վիրաբուժական եղանակով՝ ժամանակակից տեխնոլոգիաների և գործիքների կիրառմամբ:
Վերջնական ախտորոշման նպատակով յուրաքանչյուր պացիենտ բազմակողմանի վերլուծության է ենթարկվում բազմապրոֆիլ բժիշկ-մասնագետների թիմի կողմից: Կլինիկայի բժիշկները՝ վերտեբրոնյարդաբանները, նյարդավիրաբույժները, օրթոպեդները, ռեֆլեքսաթերապևտը, հոգեթերապևտը, անէսթեզիոլոգները, կինեզոթերապևտները, ֆիզիոթերապևտները, ռենտգենոլոգները կազմավորում են ժամանակակից բազմապրոֆիլ բրիգադա: