Ինտենսիվ թերապիայի և անհետաձգելի բժշկության կլինիկա
Ինտենսիվ թերապիայի և անհետաձգելի բժշկության կլինիկան վիրաբուժական և թերապևտիկ պրոֆիլի պացիենտներին ցուցաբերում է անհետաձգելի բուժօգնություն, ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման միջոցառումների համալիր կազմակերպում: Կլինիկայի հիմնական խնդիրը հիվանդների ընդունելությունը և նրանց կենսական կարևոր օրգան-համակարգերի ֆունկցիաների պահպանմանն ու վերականգնմանն ուղղված անհետաձգելի միջոցառումների իրականացումն է: Կլինիկան բաղկացած է իրենց գործունեության մեջ միմյանց փոխլրացնող և ինտեգրված հետևյալ բաժանմունքներից.
1. Ընդունարան
2. Շտապ բուժօգնության ծառայություն
3. Անհետաձգելի բուժօգնության բաժանմունք
4. Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
Էրեբունի ԲԿ-ի ընդունարանը բաղկացած է երկու ստորաբաժանումներից՝ պլանային և անհետաձգելի, որտեղ պացիենտներն ընդունվում են.
- պլանային հոսպիտալացման կարգով՝ ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության ուղեգրով,
- այլ բուժկանխարգելիչ հաստատությունից (վարչակազմի հետ նախօրոք պայմանավորվածությամբ), ինչպես նաև՝ զինկոմիսարիատի ուղեգրով,
- բժշկական ապահովագրական ընկերության ուղեգրով,
- շտապօգնությամբ՝ անհետաձգելի և շտապ բուժօգնության ցուցաբերման նպատակով՝ սուր վիճակների և քրոնիկական հիվանդությունների սրացման դեպքում,
- պացիենտի ինքնուրույն դիմելու դեպքում՝ վիճակի վատթարացմամբ պայմանավորված:
Էրեբունի բժշկական կենտրոնի շտապ բուժօգնության ծառայությունը ստեղծվել է Հենրի Մոնդոր փարիզյան համալսարանական կլինիկայի հետ համագործակցության արդյունքում, և համապատասխանում է ֆրանսիական SAMU անհետաձգելի բուժօգնության ծառայության չափանիշներին:
Շտապօգնության նոր հարմարավետ մեքենաները (ռեանիմոբիլները) հագեցած են ինչպես տանը, այնպես էլ տեղափոխման ընթացքում անհետաձգելի բուժօգնության և վերակենդանացման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: Անհետաձգելի բուժօգնության ծառայությունն իրականացվում է Էրեբունի բժշկական կենտրոնի առաջատար մասնագետների կողմից: Յուրաքանչյուր օր հերթապահության են դուրս գալիս երեքական թիմեր` ընդհանուր վերակենդանացման, սրտաբանական և գծային՝ ընդհանուր վիրաբուժական ուղղվածությամբ: Անհրաժեշտության դեպքում շտապօգնության թիմի մեջ ընդգրկվում են նաև նեղ մասնագետներ:
Պացիենտների ընդունարան դիմելու դեպքում իրականացվում է.
- բուժօգնության ցուցաբերում՝ հետագայում բուժումը տանը շարունակելու պայմանով,
- անհետաձգելի բուժօգնության ցուցաբերում, ապա հիվանդի տեղափոխում մասնագիտացված կամ ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք՝ հետագա հետազոտման և բուժման նպատակով,
- հիվանդի տեղափոխում վիրահատարան՝ հետագա վիրահատական բուժման նպատակով:
Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի գործունեության հիմնական ուղղությունը պացիենտներին անհետաձգելի բուժօգնության ցուցաբերումն է հանկարծակի առաջացած սուր հիվանդությունների և վիճակների դեպքում, քրոնիկական հիվանդությունների սրացման ժամանակ՝ հիվանդի կյանքին սպառնացող վտանգի ակնհայտ նշանների բացակայության դեպքում: Անհետաձգելի ախտորոշիչ և բժշկական օգնության ցուցաբերումն իրականացվում է հիվանդների ինքնուրույն դիմելու կամ համաբուժարանից անհետաձգելի բուժօգնության բաժանմունք ուղեգրվելու ժամանակ, շտապօգնության արտագնա բրիգադի կողմից հիվանդի տեղափոխման դեպքում, որը ցուցաբերում է անհետաձգելի բազմապրոֆիլ բժշկական օգնություն ինչպես տանը, այնպես էլ պացիենտին կենտրոն տեղափոխելու ընթացքում:
Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքն ընդլայնված ծավալով բարձր որակավորված ինտենսիվ թերապիայի ոլորտում առաջատարն է Հայաստանում: Այն ընդհանուր մասնագիտացված բաժանմունք է, որտեղ, անկախ ախտորոշումից, համապատասխան բուժում են ստանում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդները: Յուրաքանչյուր տարի բաժանմունք է ընդունվում ավելի քան 3000 հիվանդ, որի 25%-ը կազմում են այլ հիվանդանոցներից տեղափոխվածները:
Կլինիկայի բոլոր բաժանմունքները հագեցած և համալրված են ժամանակակից ախտորոշիչ, մոնիտորինգային և թերապևտիկ սարքավորումներով, ինչն ապահովում է ծայրահեղ վիճակներում գտնվող հիվանդների բուժման որակը: Ապահովվում է լայնածավալ վիրահատություններից հետո հիվանդների, դեկոմպենսացված սոմատիկ հիվանդություններով, բազմաօրգանային անբավարարությամբ հիվանդների ինտենսիվ թերապիան:.
Կլինիկայի բաժանմունքներում աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր վերապատրաստվում են արտերկրում՝ ԵՄ և ԱՄՆ առաջատար կլինիկաներում: