«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

Լապարոսկոպիկ ապենդէկտոմիա

Լապարոսկոպիկ ապենդէկտոմիա

Կույր աղիքի (որդանման ելուն, ապենդիքս) հեռացումը կոչվում է ապենդէկտոմիա, որն իրականացվում է ապենդիցիտի կասկածի ժամանակ: Այս դեպքում հիվանդը գանգատվում է որովայնի աջ ստորին շրջանի ցավերից, որոնք ուղեկցվում են տենդով և լեյկոցիտների քանակի ավելացմամբ: Որպես կանոն, ապենդիցիտը զարգանում է հաստ աղու և որդանման ելունի միջև լուսանցքի անցանելիության խանգարման արդյունքում, ինչը  բերում է որդանման ելունի բորբոքման, այտուցի և գերձգման: Եթե բորբոքված որդանման ելունը չհեռացվի, այն կարող է բերել կյանքին սպառնացող թափածակման կամ պատռվածքի: Ապենդիցիտի բուժման ամենատարածված եղանակը ապենդէկտոմիան է, որը, գրեթե միշտ, իրականցվում է որպես անհետաձգելի վիրահատություն:


Լապարոսկոպիկ ապենդէկտոմիայի ժամանակ տրոակարի միջոցով պորտի շրջանում կատարում են փոքր կտրվածքներ կամ բացվածքեր: Որովայնի խոռոչ մղվում է գազ, ինչը լավացնում է լապարոսկոպով ներքին օրգանների տեսանելիությունը: Այնուհետև լապարոսկոպը բացվածքի միջոցով մտցնում են որովայնի խոռոչ: Այն իրենից ներկայացնում է բարակ խողովակ՝ ծայրին փոքր տեսախցիկ, որի օգնությամբ ստացված պատկերներն արտացոլվում են մոնիտորների վրա, իսկ որդանման ելունի կարմրածության կամ այտուցվածության առկայության դեպքում ախտորոշիչ լապարոսկոպիան սահուն անցնում է վիրահատական միջամտության՝ որդանման ելունի հեռացմամբ:


Վիրաբուժական գործիքների կիրառման նպատակով որովայնի առաջային պատին կատարում են լրացուցիչ բացվածքներ, ապա մտցնում գործիքներից մեկը, որով բռնում և ֆիքսում են որդանման ելունը, մեկ այլ գործիքով հեռացնում են այն և ծայրը փակում սեղմակի միջոցով: Այնուհետև հեռացված որդանման ելունը որովայնի խոռոչից դուրս է բերվում բացվածքի միջոցով: Վիրահատության ավարտից հետո բոլոր գործիքները հեռացվում են: Որովայնի խոռոչ ներմուծված գազի հեռացման նպատակով փական են թողնում: Բացվածքները կամ փոքր կտրվածքները փակում են կարերով կամ սեղմակներով և ծածկում մաշկային սոսնձով կամ վիրակապով:


Եթե որդանման ելունը հնարավոր չէ հեռացնել լապարոսկոպիկ մեթոդով, ապա այն հեռացնում են բաց վիրահատական եղանակով, որի դեպքում անմիջապես որդանման ելունի շրջանում կատարվում է ավելի մեծ կտրվածք, քան լապարոսկոպիայի ժամանակ:


Վիրահատության բաց եղանակին անցնելու պատճառները ներառում են.

 

  • որդանման ելունի աբսցեսի կամ տարածուն վարակի առկայությունը,
  • թափածակված որդանման ելունը,
  • գիրությունը,
  • նախկինում տարած և որովայնի ներսում վիրահատությունից մնացած կարծր սպիական հյուսվածքը,
  • լապարոսկոպով դիտարկման տեսանելիության դժվարացումը,
  • վիրահատության ժամանակ ծագած արյունահոսությունը:


Բաց ապենդէկտոմիան իրականացվում է որովայնի առաջային պատի՝ անմիջապես որդանման ելունի շրջանում կտրվածքի միջոցով, կամ, ցուցումների դեպքում, միջին գծով կատարված կտրվածքով: Որդանման ելունը հեռացվում է, վերքը կարվում կամ փակվում սեղմակի միջոցով:

 

 

11.03.2016
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր