«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

Ախտորոշիչ  լապարոսկոպիա

Ախտորոշիչ լապարոսկոպիա

Կոնքի ախտորոշիչ լապարոսկոպիան իրականացվում է կոնքի օրգանների հիվանդությունների հետազոտության ու ճշգրիտ ախտորոշման նպատակով:


Փոքր կոնքի շրջանում ախտորոշիչ լապարոսկոպիայի իրականացման ցուցումներ են.

 

  • անհայտ էթիոլոգիայի ցավեր որովայնի ստորին հատվածում,
  • հեղուկի կուտակում փոքր կոնքում,
  • անպտղության և հաճախակի վիժումների պատճառների ճշգրտում,
  • էնդոմետրիոզի, արտաարգանդային հղիության, ձվարանի կիստաների և ուռուցքների կասկած:


Սովորաբար, լապարոսկոպիայի ժամանակ որովայնի առաջային պատին կատարում են փոքր կտրվածքներ կամ բացվածքներ, որոնց միջոցով տեղադրում են լապարոսկոպն ու գործիքները: Միջամտությունից հետո վերականգնողական շրջանը զգալիորեն ավելի
կարճ է, իսկ բուժման  պայմաններն՝ առավել հարմարավետ պացիենտի համար:


Երբ պացիենտն ընդունվում է բաժանմունք, տեղադրվում է ներերակային կաթետեր, միացվում է կաթիլային և իրականացվում սեդացիա՝ հանգստացնող դեղերի ներարկում: Միջամտությունն իրականացվում է ընդհանուր կամ ներշնչափողային անզգայացմամբ: Ստանդարտ, չբարդացած լապարոսկոպիայի դեպքում միջամտությունը տևում է 30-60 րոպե:


Վիրաբույժն, այսպես կոչված՝ տրոակարի միջոցով, որովայնի առաջային պատին, պորտից քիչ ներքև, կատարում է փոքր բացվածք: Որովայնի ներսում տեսանելիությունը լավացնելու նպատակով որովայնի խոռոչ ածխաթթու գազ է մղվում: Պորտից ներքև բացվածքի միջոցով վիրաբույժը տեղադրում է լապարոսկոպը, որի տեսախցիկից պատկերներն արտացոլվում են վիրահատարանի մոնիտորների վրա: Վիրաբույժը մանրամասն զննում և ուսումնասիրում է կոնքի օրգաններն ու հյուսվածքները՝ փորձելով գտնել հիվանդության պատճառը և հիմնավորել նրա ախտանիշները:


Երբեմն նոր մուտքերի ստեղծման անհրաժեշտություն է առաջանում՝ տեղադրելու լրացուցիչ գործիքներ, որոնց միջոցով հնարավոր է որովայնի խոռոչում գտնվող օրգանները շարժել՝ դիտարկումը լավացնելու կամ այնպիսի միջամտություններ իրականացնելու համար, ինչպիսիք են՝ սպիական հյուսվածքի հեռացումը, բիոփսիան կամ ներորովայնային հեղուկի դատարկումը:


Երբ լապարոսկոպները և մյուս գործիքները հեռացվում են, կտրվածքները փակվում են սեղմակներով կամ՝ կարվում, և վիրակապ դրվում:
Շնչառական խողովակի հեռացումից հետո պացիենտը բաժանմունք է տեղափոխվում: Որոշ ժամանակ անց հեռացվում է նաև կաթետերը, անհրաժեշտության դեպքում տրամադրում են ցավազրկողներ: Երբ հիվանդն սկսում է ինքնուրույն հեղուկներ ընդունել, հանվում է նաև կաթիլայինը:


Ախտորոշիչ լապարոսկոպիայից մի քանի ժամ անց պացիենտների մեծ մասը դուրս է գրվում:

 

 

11.03.2016
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր