«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Երեւանում բացվել է ինսուլտների բուժման նոր կենտրոն (տեսագրություն)

Երեւանում բացվել է ինսուլտների բուժման նոր կենտրոն (տեսագրություն)

Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում հունիսի 9-ին բացվել է նոր կենտրոն, որը մասնագիտանալու է գլխուղեղի կաթվածների (ինսուլտների) բուժման վրա։

 

«Մեր արտասահմանյան ընկերների հետ միասին մի ամբողջ ծառայություն ենք ստեղծում, որտեղ ինսուլտից տառապող հիվանդները կարող են նեղ մասնագիտացված բուժում ստանալ։ Այստեղ փորձելու ենք ոչ միայն փրկել կյանքերը, այլ նաեւ նրանց առողջության վերականգնողական շրջանը կազմակերպել», - NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժնի գիտական ղեկավար Հարություն Մանգոյանը։

 

Նա նաեւ ավելացրեց, որ ինսուլտների բուժման մեջ մասնագիտացված կենտրոններ միայն զարգացած երկրներում են լինում, եւ դա շատ կարեւոր քայլ է երկրի համար, չէ՞ որ գլխուղեղի կաթվածները ողջ աշխարհում մահացության եւ հաշմանդամության գլխավոր պատճառներից են։ Հարություն Մանգոյանը համոզված է, որ նման մասնագիտացված կենտրոնները կօգնեն ոչ միայն նվազեցնել մահացության ցուցանիշները, այլեւ կանխել հաշմանդամացումը։

 

Կենտրոնում, ինչպես նշեց Հարություն Մանգոյանը, օգտագործվելու են ինսուլտների բուժման մի շարք նորարական մեթոդներ՝ ինսուլտների զարգացումը կանխարգելելու համար։

 

Կենտրոնի բացմանը աջակցելու եւ մասնագետներին վերապատրաստելու համար Հայաստան են ժամանել նաեւ մասնագետներ ԱՄՆ-ից եւ Կանադայից։ Նրանց հետ միասին հայ նյարդաբանները հունիսի 7-8 անցկացրել են գիտաժողով, որտեղ քննարկել են նյարդաբանության արդիական հարցերը եւ կատարվել է փորձի փոխանակում։

 

Լոս-Անջելեսի համալսարանի պրոֆեսոր, նյարդաբան Ներսես Սանոսյանը կենտրոնի բացման արարողության ժամանակ լրագրողներին եւս մեկ անգամ պատմեց, թե ինչ կարեւոր է գլխուղեղի կաթվածի առաջին իսկ նախանշանները ճանաչել եւ հիվանդին միանգամից հիվանդանոց հասցնել՝ ինսուլտի ժամանակ ամեն վայրկյանը կարեւոր է։

 

«Որքան արագ կարողանա հիվանդանոց հասնել, այնքան արագ կկարողանա բուժվել՝ քայլել եւ վերադառնալ կյանքին», - ասաց նա։

 

Ի դեպ, կենտրոնում նաեւ տեղ է հատկացվել հատուկ գրականության համար նախատեսված գրադարանին։

 

 

Տեսագրության սկզնաղբյուրը՝ Kentron TV Official chanel

Տեղեկատվության սկզնաղյբյուրը՝ http://med.news.am/arm/

 

10.06.2014
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր