«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Սրտանոթային հիվանդություններից մահացությունների մեծամասնության պատճառը սրտի ռիթմի խանգարումներն են

Սրտանոթային հիվանդություններից մահացությունների մեծամասնության պատճառը սրտի ռիթմի խանգարումներն են

Մեր զրուցակիցն է «Էրեբունի» բժշկական կենտրոնի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի ղեկավար, սրտաբան-էլեկտրոֆիզիոլոգ Լուսինե Մխիթարյանը:


–   Բժշկուհի Մխիթարյան, ի՞նչ խնդիրներ է լուծում առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնը:


–   Կենտրոնն ունի նեղ մասնագիտացում` առիթմոլոգիա, սրտի ռիթմի խանգարումների ախտորոշում և բուժում: Կենտրոնում գործում են և՛ ամբուլատոր, և՛ ստացիոնար բաժանմունքներ: Սա բազմաֆունկցիոնալ կլինիկա է, որտեղ իրականացվում են սրտանոթային հիվանդությունների ախտորոշում, բուժում, վիրաբուժական միջամտություններ:

 
–   Վիրաբուժական միջամտությունների մասին… Սրտանոթային ո՞ր ախտաբանություններն են բուժելի այս կենտրոնում:


–   Այս պահին սրտի ռիթմը վարող սարքի իմպլանտացիա ենք իրականացնում, որը կատարվում է սրտի դանդաղ աշխատանքի ժամանակ: Կենտրոնում իրականացվում են նաև անհետաձգելի առիթմոլոգիական իրավիճակների բուժում, վիրաբուժական միջամտությամբ իրականացվում են սրտի ռիթմը վարող տարբեր սարքերի իմպլանտացիաներ, սրտի էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություններ և աբլացիաներ: Եթե ռիթմի շեղումը պայմանավորված է որևէ օջախով, ապա դա հայտնաբերվում, հետազոտվում և անհրաժեշտ գործողությունների արդյունքում վնասազերծվում է, որի արդյունքում վերականգնվում է սրտի աշխատանքի նորմալ ռիթմը: Բացի սրտի ռիթմի խանգարումներից, կենտրոնում հետազոտվում և բուժվում են նաև հիպերտոնիկ, սրտի իշեմիկ հիվանդություն, սրտային անբավարարություն ունեցող և կարդիոմիոպաթիայով հիվանդները:

 

«Էրեբունի» բժշկական կենտրոնի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոնի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոնի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն

 

–   Նման միջամտությունների համար անհրաժեշտ է նաև համապատասխան տեխնիկական հագեցվածություն…


–   Այո', դա անհրաժեշտություն է: Հայաստանում տեխնիկապես թերևս ամենահագեցված լաբորատորիան ունենք: Մեր արդյունավետ աշխատանքի համար կան բոլոր պայմանները, բոլոր գործիքներն ու սարքերը: Հետևում ենք ժամանակի  ընթացքին և, անհրաժեշտության դեպքում, ներդնում ենք գերժամանակակից, վերջին սերնդի սարքավորումներ, առանց որոնց այսօր անհնար է պատկերացնել մեր աշխատանքը: Շատ կարևոր նշանակություն ունի նաև մասնագիտացված բուժանձնակազմը: Այստեղ աշխատում են պրոֆեսիոնալ երիտասարդ կադրեր: Բացի բժիշկներից մեզ հետ աշխատում են նաև տեխնիկներ, բուժքույրեր, որոնց աշխատանքը ևս նպաստում է մեր արդյունավետությանը:


–   Աշխարհում առաջին տեղում սրտանոթային հիվանդություններից մահացություններն են, այդպիսով, մեծ է նաև կենտրոնի պատասխանատվությունը…


–   Ավելին` սրտանոթային մահացությունների շարքում առիթմիաներից հանկարծամահացությունն առաջին տեղում է: Պատճառը մոտ 20% դեպքերում դանդաղասրտությունն է, 70-80% դեպքերում` արագասրտությունը, որոնք կյանքին սպառնացող իրավիճակներ են ստեղծում և կարող են հանկարծակի մահացության պատճառ դառնալ:

 

«Էրեբունի» բժշկական կենտրոնի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոնի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոնի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն

 
–   Ելնելով Ձեր պրակտիկայից, ո՞ր ախտաբանություններն են ամենատարածվածները սրտանոթային հիվանդությունների շարքում, ի՞նչ խնդիրներով են ամենից հաճախ դիմում կենտրոն:


–   Չեմ կարող առանձնացնել, բայց կենտրոն ամենից հաճախ դիմում են սրտի անկանոն, նոպայաձև արագ աշխատանքի, շողացող առիթմիաների, վերփորոքային պարոքսիզմալ տախիկարդիայի, փորոքային և նախասրտային էքատրասիստոլաների դեպքերում: Կենտրոնում բուժվում են նաև իշեմիկ կամ այլ կարդիոմիոպաթիաների հետևանքով լուրջ փորոքային տախիկարդիա ունեցող հիվանդները, որոնց բուժումը հատուկ մեթոդ և հատուկ տեխնիկա է պահանջում, ինչը հանկարծամահությունը կանխարգելող միակ արդյունավետ միջոցն է. խոսքը իմպլանտացվող սարքերի՝ կարդիովերտեր-դեֆիբրիլյատորների մասին է: Այդ հնարավորությունն այսօր ունի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնը:

09.06.2014
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր