«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Գլխուղեղի ներանոթային բացառիկ վիրահատություն

Գլխուղեղի ներանոթային բացառիկ վիրահատություն

Երիտասարդ նյարդավիրաբույժ Դավիդ Սահակյանն օրերս էնդովասկուլյար կամ ներանոթային ճանապարհով իրականացրել է գլխուղեղի զարկերակային համակարգի բացառիկ վիրահատություն: Աշխարհում առաջին անգամ նմանատիպ վիրահատություններ կատարվել են անցյալ դարի 90-ական թվականների սկզբին և ներկայումս առաջատար բժշկության լավագույն մեթոդներից է

 

Մեզ հետ զրույցում Դավիդ Սահակյանը, ով բազմիցս վերապատրաստվել է Միացյալ Նահանգներում, բարձր գնահատեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի կադրային և տեխնիկական հագեցվածությունը՝ նշելով, որ այն չի զիջում ամերիկյան կլինիկաներին: 

 

–   Էնդովասկուլյար եղանակով իրականացվող վիրահատությունները հատկապես ինչո՞վ են բացառիկ: 

 

–   Էնդովասկուլյար նյարդավիրաբուժության բացառիկությունը նրանում է, որ հնարավորություն է ստեղծվում գլխուղեղի անոթային համակարգի վրա կատարվող գործողություններն իրականացնել առանց գանգի և գլխուղեղի կառուցվածքային ամբողջականության խախտման, ինչը հատուկ է բաց նյարդավիրաբուժական միջամտություններին: Մենք վիրահատում ենք անոթները՝ աշխատելով անոթի ներսից և նվազագույնի հասցնելով միջամտության ընթացքում հասցվող վնասը: Վերջին հանգամանքը չափազանց մեծ առավելություն է ստեղծում բաց վիրահատական միջամտությունների համեմատությամբ: Մեր հիմնական թիրախն է անոթային համակարգի ախտաբանությունը, ինչպիսիք են, օրինակ, գլխուղեղի զարկերակային անևրիզմաները, արտերիովենոզ մալֆորմացիաները և ֆիստուլաները: Վերջիններս հաճախ դրսևորվում են գլխուղեղի կաթվածով (ինսուլտ)՝ հանգեցնելով հիվանդի ընդհանուր ծանր վիճակի և կյանքի համար լուրջ սպառնալիքի: Այս պայմաններում չափազանց կարևոր է, որ նման ախտաբանությունների վնասազերծումն իրականացվի հնարավորինս արագ և մինիմալ ինվազիվ եղանակով: Տարիներով կուտակված միջազգային փորձը վկայում է, որ նման տեխնոլոգիաների կիրառումը չափազանց բարենպաստ է ազդում բուժման արդյունքների վրա՝ խիստ նվազեցնելով մահացության և հաշմանդամության հավանականությունը:   

 

Գլխուղեղի ներանոթային բացառիկ վիրահատություն–   Այս վիրահատության հիմնական առավելությունը, փաստորեն, այն է, որ կատարվում է անարյուն, փա՞կ եղանակով:

 

–   Ես կասեի՝ գրեթե անարյուն: Մենք մուտք ենք գործում հիվանդի անոթային համակարգ հիմնականում ազդրային զարկերակից, այնուհետև, օգտագործելով հատուկ գործիքներ և տեխնիկա, հասնում գլխուղեղը սնուցող զարկերակներին: Երբեմն հարկ է լինում աշխատել նաև երակային համակարգում: Բնակչության մեծ մասն արդեն ծանոթ է սրտաբանների կողմից իրականացվող նմանատիպ վիրահատություններին, օրինակ, կորոնար զարկերակների ստենտավորմանը: Մեր կողմից իրականացվող վիրահատություններն ունեն որոշակի ընդհանրություն, սակայն մենք աշխատում ենք գլխուղեղի անոթների հետ:   

 

–   Կարելի՞ է արդյոք ասել, որ այս եղանակը գլխուղեղի կաթվածների բուժման ճանապարհ է: 


–   Գոյություն ունեն գլխուղեղի կաթվածների 2 տեսակ: Առաջին դեպքում տեղի է ունենում արյան արտահոսք անոթային համակարգից դեպի գլխուղեղի հյուսվածքը կամ նրա թաղանթների տակ: Այս դեպքում շատ կարևոր է հայտնաբերել անոթային անոմալիաները, որոնք առաջացնում են արյունահոսություն: Հայտնաբերելուց հետո անհրաժեշտ է նրանց  վնասազերծել՝ կանխելով կրկնակի արյունահոսությունը: Դեպքերի մեծ մասում սա կարելի է լավագույն ձևով իրականացնել միայն էնդովասկուլյար ճանապարհով:

 

Երկրորդ դեպքում տեղի է ունենում ուղեղը սնուցող զարկերակների խցանում, ինչը հանգեցնում է ուղեղային հյուսվածքի մահվան: Որոշակի պայմաններում փրկության միակ ճանապարհը կարող է լինել ներանոթային եղանակով անոթային խցանի հեռացումը կամ լուծումը:

 

Գլխուղեղի անոթային ախտաբանությունների պատահական հայտնաբերման դեպքում ներանոթային վիրահատական միջամտությունները շատ կարևոր և բացառիկ դեր ունեն հնարավոր մահացու կաթվածների կանխարգելման գործում:

 

ԷՐԵԲՈՒՆԻ բժշկական կենտրենի նյարդավիրաբույժ Դավիդ Սահակյան–   Խոսենք այն բացառիկ վիրահատության մասին, որը Դուք կատարել եք օրերս:

 

–   Իր տեսակի մեջ այն առաջինն էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Մեզ մոտ 36 տարեկան երիտասարդ էր ընդունվել, ով պարզապես գանգատվում էր գլխացավից և գլխում տաքության զգացողությունից: Կատարված հետազոտություններով հայտնաբերվեց գլխուղեղի արյունային կաթված՝ սուբարախնոիդալ արյունազեղում: Սովորաբար արյունազեղման հիմնական պատճառը գլխուղեղի զարկերակային անևրիզման է, որն իրենից ներկայացնում է անոթի պատի պարկանման արտափքում: Վերջինս կարող է լինել անախտանիշ և օրերից մի օր պատռվել: Արտահոսած արյունը տարածվում է գլխուղեղը  սնուցող անոթների շուրջը՝ հանգեցնելով կյանքին սպառնացող բարդությունների զարգացման: Նման չափազանց ծանր հիվանդության հաճախ հանդիպող առաջին ախտանիշներն են անտանելի ուժեղ գլխացավը, սրտխառնոցը, փսխումը, գիտակցության կորուստը, պարանոցային մկանների կարկամությունը: Այս հիվանդության դեպքում հիվանդների մոտ 15%-ը մահանում է մինչև հիվանդանոց հասնելը, չվիրահատվելու դեպքում մահանում է 67%-ը, իսկ վիրահատական բուժման դիմելիս՝ առավել մեծանում է հիվանդության բարենպաստ ելքի հավանականությունը և կրկնակի նվազում մահացությունը: Վիրահատության իմաստը անևրիզմայի վնասազերծումն է, որը «ռումբի» պես կարող է ցանկացած պահի պատռվել: Ներանոթային ճանապարհով անևրիզմայի խոռոչում տեղադրվում են միկրոպարույրներ: Հետագայում այդ միկրոպարույրների շուրջն առաջանում է սպիական հյուսվածք, և անոթի ամբողջականությունը վերականգնվում է: Վիրահատական միջամտությունը սովորաբար տևում է առավելագույնը երեք ժամ՝ կախված անևրիզմայի տեսակից և չափից: 

 

–   Այս վիրահատության հաջողվածությունն առավելապես կախված է բժշկի հմտությունների՞ց,  թե՞ սարքավորումներից:

 

–   Ժամանակակից նյարդավիրաբուժության մեջ երկուսն էլ համարժեք կարևորություն ունեն՝ և՛ սարքավորումները, և՛ մասնագետները: «Էրեբունի» բժշկական կենտրոնն այսօր ունի վերջին սերնդի հզոր սարքավորումներով հագեցած վիրասրահ՝ անգիոգրաֆիկ սենյակ, որն իր հզորությամբ նմանը չունի Հայաստանում: Մենք օգտագործում ենք համաշխարհային հայտնի ընկերությունների արտադրած գործիքները: Այստեղ աշխատում է մասնագիտացած, լավ պատրաստված թիմ:

 

–   Վիրահատված երիտասարդն այժմ հետվիրահատական փուլում է, ինչպե՞ս է ինքնազգացողությունը, և առհասառակ, ինչպե՞ս է անցնում այդ փուլը:

 

–   Անևրիզման վնասազերծելուց հետո դեռևս պահպանվում է արդեն կայացած արյունազեղման հետ կապված վտանգները: Այդ պատճառով բուժումը պետք է իրականացվի ինտենսիվ թերապիայի բաժանմունքի պայմաններում, որտեղ և գտնվում է հիվանդը:

 

–   Հիմնականում ո՞ր տարիքային խմբում են հանդիպում գլխուղի զարկերակային անևրիզմաները:

 

–   Հիմնականում հանդիպում են միջին և բարձր տարիքային խմբում: Միայն 2% դեպքերում են նրանք լինում բնածին: Նպաստող հիմնական գործոններն են՝ զարկերակային չվերահսկվող գերճնշումը, ծխելը, ժառանգական նախատրամադրվածությունը: 

 
07.03.2014
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր