«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժություն. զարգացման նախապատվությունները

Ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժություն. զարգացման նախապատվությունները

Վերջին տարվա ընթացքում «Էրեբունի» բժշկական կենտրոնում ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի զարգացման ուղղությամբ: Աշխատանքներն իրականացվում են հիմնականում Կանադայի և ԱՄՆ-ի տվյալ ոլորտի մասնագետների անմիջական մասնակցությամբ կամ աջակցությամբ: Ներկայում, ինչպես ամբողջ աշխարհում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում նույնպես ինտենսիվորեն զարգանում է ներանոթային նյարդավիրաբուժությունը և կարևորվում նրա դերը գլխուղեղի կաթվածների բուժման ու կանխարգելման գործընթացում:

«Էրեբունի» ԲԿ-ում ավելի քան մեկ տարի է հաջողությամբ իրականացվում են ներանոթային նյարդավիրաբուժական միջամտություններ: Անհրաժեշտ է նշել, որ բժշկության տվյալ բնագավառը համեմատաբար երիտասարդ է. սկսել է զարգանալ վերջին 10-15 տարիների ընթացքում:

Эребуни МЦ: Цереброваскулярная нейрохирургия: приоритеты развития 2015 թ. հունիսի սկզբին «Էրեբունի» ԲԿ-ում ստեղծվեց Ցերեբրովասկուլյար nյարդավիրաբուժության ծառայությունը՝ նյարդավիրաբույժ Դավիթ Սահակյանի ղեկավարությամբ: Հայաստանում տվյալ ծառայության զարգացման նպատակով՝ ԱՄՆ-ի և Կանադայի գործընկերների հետ համագործակցության շրջանականերում, իրականացվում են համատեղ խորհրդատվություններ և վիրահատություններ:
 
Հուլիսի սկզբին «Էրեբունի» բժշկական կենտրոնում Ցերեբրովասկուլյար nեյրովիրաբուժության ծառայության ղեկավար Դ. Սահակյանի և Atlanta Medical Center  և Grady Memorial Hospital (ք. Ատլանտա, ԱՄՆ) առաջատար մասնագետ բժիշկ Միքայել Գրիգորյանի կողմից իրականացվել են 6 համատեղ վիրահատություն, որոնցից երկուսը բնույթով եզակի են և առաջին անգամ իրականացվեցին «Էրեբունի» ԲԿ-ում: Դրանք են. «Ախտորոշիչ սպինալ անգիոգրաֆիան», ինչը բարձր ճշտությամբ միջամտական ախտորոշիչ գործողություն է, և «Քնային զարկերակի ստենտավորումը»՝ ներանոթային վիրաբուժական միջամտություն:

 

Վիրահատություններից մեկn իրականացվել էր 1958թ. ծնված հիվանդ Գ.Ա.-ին, ում մոտ ենթադրվել է ողնուղեղային զարկերակ-երակային մալֆորմացիա կամ խուղակ: Ողնաշարի տվյալ հատվածի ՄՌՏ հետազոտությամբ հայտնաբերվել են անոմալ անոթներ և, կլինիկական տվյալների հետ համադրելով, ենթադրվել է անոթային մալֆորմացիա: Ախտորոշիչ սպինալ անգիոգրաֆիան թույլ է տվել մանրամասն հետազոտել ողնուղեղը սնող անոթները և ճշտությամբ բացառել որևէ անոթային ախտաբանության առկայություն, ինչը հնարավոր չէր իրականացնել այլ ախտորոշիչ եղանակների օգնությամբ:
 
Эребуни МЦ: Цереброваскулярная нейрохирургия: приоритеты развития Հատկապես հարկ է նշել քնային զարկերակի ստենտավորման վիրահատությունը: Պացիենտ Գ.Վ.՝ ծնված 1957թ., կլինիկա է ընդունվել գլխուղեղի աջ կիսագնդի սուր իշեմիկ կաթվածով: ՄՌ- և  ՀՏ-անգիոգրաֆիկ հետազոտություններով պացիենտի  ներքին քնային զարկերակի երկատման շրջանում հայտնաբերվել է կրիտիկական ստենոզ (99%): Տվյալ զարկերակի աթերոսկլերոտիկ նեղացումը բերել էր թրոմբի առաջացման և աջ միջին ուղեղային զարկերակի, այսպես կոչված, զարկերակ-զարկերակային էմբոլիզմի: Անհապաղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հնարավոր դարձավ զգալիորեն նվազեցնել գլխուղեղի ախտահարման և նյարդաբանական ախտանիշների արտահայտման աստիճանը: Ուղեղային անոթների հետագա ՀՏ-անգիոգրաֆիան հաստատեց միջին ուղեղային զարկերակի անցանելիության վերականգնումը:

Эребуни МЦ: Цереброваскулярная нейрохирургия: приоритеты развития Հետագա իշեմիկ գրոհների կանխարգելման նպատակով իրականացվեց աջ քնային զարկերակի ներանոթային անգիոպլաստիկա և ստենտավորում: Վիրահատությունն իրականցվեց տեղային անզգայացմամբ՝ մեկ ժամվա ընթացքում: Հաջորդ օրը հիվանդը ոտքի վրա էր և դուրս է գրվել վիրահատության 2-րդ օրը՝ բավարար վիճակում:
.
Քնային (կարոտիդային) զարկերակների ստենտավորումը վերջիններիս աթերոսկլերոտիկ ախտահարման և ստենոզի կապակցությամբ իրականցվող կարոտիդային բաց էնդարտերէկտոմիայի հիանալի այլընտրանք է: Մեթոդի առավելությունը ընդհանուր անզգայացման, հյուսվածքների և անոթի պատերի կտրվածքի անհրաժեշտության բացակայությունն է, հետևաբար, նաև՝ հյուսվածքների քիչ վնասումը, հետվիրահատական արագ վերականգնումը (հիվանդը կարող է դուրս գրվել վիրահատության երկրորդ օրը);

Վերջին հետազոտությունները ցույց են տվել , որ քնային զարկերակների ստենտավորումն իր արդյունավետությամբ չի զիջում առավել տրավմատիկ կարոտիդային էնդարտերէկտոմիային:

«Էրեբունի» ԲԿ ղեկավարությունը, ինչպես նաև Ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայությունն իրենց երախտագիտությունն են հայտնում բժիշկ Միքայել Գրիգորյանին Հայաստանում, մասնավորապես, մեր կլինիկայում, ներանոթային նյարդավիրաբուժության զարգացման մեջ ունեցած ներդրման և ցուցաբերված աջակցության համար:
 

Эребуни МЦ: Цереброваскулярная нейрохирургия: приоритеты развития

 

Բժիշկ Գրիգորյանն, իր հերթին, իր երախտապարտությունն է հայտնել Հայաստանում կաթվածների մասնագիտացված բուժման ոլորտի զարգացման համար «Էրեբունի» ԲԿ ղեկավարության կողմից ստեղծված պայմանների համար:.

 

----------------

 

21.07.2015
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր